Մտքի ուժը

Համատեղելի են արդյո՞ք «կանաչն» ու «քիմիան»․ գիտնականներն ասում են՝ այո․ «Մտքի ուժը»

Միկրոալիքային ճառագայթման, սինթեզի սարքավորումներ ու ոչ միայն․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) պեստիցիդների սինթեզի և փորձաքննության գիտական բաժնում գտնվող սարքերն են, որոնց փորձարկումները համապատասխանում են  «կանաչ քիմիա»-ի ուղղությանը։ ՀԱԱՀ պեստիցիդների սինթեզի և փորձաքննության գիտական բաժնի  ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Ենգոյանը բացատրում է՝  սա ուղղություն է, որի դեպքում ստացվող նյութերը բնությանը քիչ են վնասում։ Բայց սա միայն բավարար չէ․ ավելին, սինթեզի ժամանակ էլ պետք է այնպիսի եղանակներ ստանալ, որպեսզի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նվազագույնը լինի։

«Կանաչ քիմիա»-ի դեպքում հաշվի են առնվում բոլոր մանրուքները՝ անգամ էլեկտրաէներգիայի խնայումը առավելություն է։ Գիտնականն արձագանքում է․

«Էլեկտրաէներգիան ստացվում է գազի, ածուխի  այրումից։ Դու վնասում  ես,  աղտոտում ես շրջակա միջավայրը։ Իսկ այս սարքերի միջոցով 6 ժամվա փոխարեն փորձը ստացվում է 30-40 րոպեի ընթացքում»։

 Լաբորատորիան ստեղծվել է ուղիղ 60 տարի առաջ, երբ Հայաստանը համարվում էր քիմիական ու արդյունաբերական հզոր երկիր։ Գիտական այս կենտրոնում նոր պեստիցիդներ են սինթեզում։ Սա եզակի ուղղություն է։ Պրոֆեսորը նկատում է՝ եթե քիմիա է, վնասակար ազդեցություն շրջակա միջավայրի վրա թողնում է։ Բայց և նկատում է՝ վերջին տարիներին փոխվել են պահանջները նոր մշակվող պեստիցիդների հետ։ 

Ալեքսանդր Ենգոյանը պեստիցիդը համեմատում է դեղորայքի հետ։  Գիտական կենտրոնում մեկ տասնյակից ավելի մշակումներ ունեն։ Սրանց մեծ մասը հասնում է գյուղացուն։ Միայն  վերջին տարիներին 4-5  նոր առաջարկ ունեն, անգամ փորձարկել են սեփական հողամասերում։

Պարզապես արտադրական փուլ մտնելու խնդիր ունեն։ Գիտական գործունեությունը խորհրդային տարիներին սկսած գիտնականը նկատում է՝ նախկինում գիտնականները միայն մշակում էին առաջարկները։ Մնացած աշխատանքը՝ ներառյալ ֆինանսավորումն  իր վրա էր վերցնում պետությունը։ Այժմ սա ամենամեծ խնդիրն է՝ ասում է։

Քիմիան մանկությունից սիրում է գիտական կենտրոնի աշխատակից Ռոզա Շահենովան։ Ասում է՝ իրենց սերը փոխադարձ է։ Երիտասարդ գիտնականը խոստովանում է՝ դժվար է Հայաստանում գիտությամբ զբաղվելը։ Եթե գումարները բավարար լինեն, ժամանակակից սարք–սարքվորումներն էլ՝ շատ, ապա գիտությամբ զբաղվելն ավելի հեշտ կլինի՝ասում է։   

Պրոֆեսոր Ենգոյանը նույնպես կարևորում է ֆինանսական միջոցների ավելացումը։ Հիշեցնում է՝ վերջին շրջանում իհարկե գումարները փոքր–ինչ ավելացել են։ Որքան գումարը շատ, այնքան՝ արդյունքներն ակնհայտ կլինեն՝ վստահ է։ Գիտությամբ ու հատկապես քիմիայով զբաղվելու համար մի ոսկե կանոն կա՝ չհուսահատվել, եթե փորձը չի ստացվում։ Այստեղից էլ հետևություն՝ քիմիայով ու ոչ միայն զբաղվելու համար հետաքրքրասիրությունից բացի պետք է նաև համբերատար լինել։ Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես փորձ է արվում օրգանիկ գյուղատնտեսությունը զարգացնել։ Իսկ սրա կարևոր նախապայմանը հողն ու գյուղմթերքը քիմիական պարարտանյութերից զերծ պահելն է։ 

Օրգանիկ  գյուղատնտեսությունը լավ է,  բայց մասսայական դարձնելը բարդ է՝ ասում է պրոֆեսոր Ալեքսանդր Ենգոյանը։ Վերջին  շրջանում տարբեր գիտական կենտրոններում սկսել են կենսաբանական պատրաստուկների փորձարկումները։

Պեստիցիդների կենտրոնում մրցակցությունից չեն վախենում։  Բազմաթիվ խնդիրներին գյուղոլորտում նաև մասնագետների հարցն է ավելացել։ Գյուղացին ամենաշատը ոլորտի խորհրդատուի կարիք ունի՝  վստահ է ՀԱԱՀ պեստիցիդների սինթեզի և փորձաքննության գիտական բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Ենգոյանը։ Մինչդեռ համայնքների մեծ մասում մասնագետներ չկան։

Back to top button