Վերնատուն

Գրքի երևանյան փառատոնը՝ մի կում թարմ օդ․ «Վերնատուն »

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը տեղի է ունենալու Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը։ «Մենք որոշեցինք մի կում թարմ օդի տեղ թողնել մարդկանց համար և ցույց տալ, որ աշխարհի մշակութային քարտեզի վրա կանք», – ասում է ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ, խմբագիր Արմեն Սարգսյանը։

Խոսելով գրականության գործառույթների մասին՝ Արմեն Սարգսյանն նշում է, որ գրականությունը երբեմն ավելի սուր քաղաքական հաղորդագրություններ է ունենում, որոնց շնորհիվ կարող է շատ ասելիքներ հասցնել աշխարհին և պատմական անցյալն էլ երբեմն պատմագրությունից ավելի լավ է արտացոլում։

Շատ կարևոր է, որ հենց այս օրերին տեղի ունենա փառատոնը՝ ասում է․ «Եթե ուզում ենք օգնել մեր պետությանը այս ծանր իրավիճակում, ուրեմն պիտի գրքի երևանյան փառատոնը տեղի ունենա»։

Փառատոնն այս տարի առաջին անգամ միջազգային շեշտադրում կունենա։ Հայաստան են ժամանելու 7 երկրներից հրավիրված շուրջ 40 գրող։

«Սա մշակույթի, ստեղծարարության ու համագործակցության հարթակ է, – ասում է Արմեն Սարգսյանը,– այստեղ քաղաքական միջոցառումներ և հայտարարություններ չեն լինելու, սա էլ մեր խրամատն է մշակույթի ոլորտում»։

Գրքի երևանյան փառատոնի շրջանակներում անցկացվում է նաև Գրական մրցույթ՝ չորս անվանակարգում՝ արձակ, չափածո, մանկական գրականություն և դրամատուրգիա։ Մրցույթին այս տարի մասնակցել են շուրջ 200 գրող։

Յուրաքանչյուր անվանակարգում հաղթելու է մեկ գրող, արդյունքները կհրապարակվեն փառատոնի ամփոփման օրը։ Ինչ վերաբերում է փառատոնի զարգացման հեռանկարներին՝ Արմեն Սարգսյանը նկատում է, որ փառատոնը կզարգանա, եթե շատ այցելուներ ունենա։

Փառատոնի ծրագրին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքէջում․ https://www.evnbookfest.com/

Back to top button