Երկրորդ շնչառություն

Տարեցներն անհրաժեշտ ծառայությունները կգտնեն իրենց տանը մոտ․ «Երկրորդ շնչառություն»

Հանրային ռադիոն «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հետ համատեղ սկսել է նոր հաղորդաշար՝ «Երկրորդ շնչառություն»-ը։ Տարեցների համար և տարեցների մասին առաջին հայկական հաղորդաշարը ներկայացնում է առողջ ու ակտիվ լինելու, վաստակած ծերությունը վայելելու գաղտնիքները։

Հաղորդաշարը նախատեսված է 60 և ավելի տարիք ունեցող անձանց և նրանց հարազատների համար։ Հաղորդման առաջին հյուրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն է։

Նա տեղեկացրել է, որ Հայաստանում ապրում է 400․000-ից ավելի թոշակառու, որոնցից 80 հազարը շարունակում են աշխատել և օգտակար լինել ընտանիքներին ու երկրին։ Պետությունը խրախուսում է, որ 65 և ավելի տարիք ունեցող մարդիկ նոր գիտելիքներ ստանան, վերամասնագիտանան, երկրորդ շնչառություն վերցնեն։

Կառավարությունը նախատեսում է տարեցտարի ավելացնել կենսաթոշակի չափը, որ սոցիալական խնդիրներն էլ մեղմվեն։ Բացի դրանից, պետության հոգածության ներքո գտնվում են ավելի քան 1000 տարեց մարդիկ, ովքեր ապրում են շուրջօրյա խնամքի հաստատություններում։ Պետությունը հոգում է նաև իրենց տներում ապրող տարեցներին, եթե դրա կարիքը կա․ մասնագետներն աջակցում են նրանց սննդի պատրաստման, առևտուր անելու, խնամքի կազմակերպման հարցերում։

Տաթևիկ Ստեփանյանը խոսել է կարևոր մի նախաձեռնության մասին, որ խնամատար ծնողի տարիքային շեմը բարձրացնելով միայնակ տարեցները կկարողանան որդեգրել առանց ծնողական խնամքի մնացած որևէ երեխայի և այդպիսով ընտանիք ստեղծել՝ մեղմելով մենակությունն ու գոնե մեկ երեխայի ապագան լուսավոր դարձնել։

Փոխնախարարը նաև ներկայացրել է պետության տեսլականը համայնքահեն ծառայությունների ներդրումն է, որ տարեց մարդն իր համար անհրաժեշտ բոլոր խնդիրների լուծումները գտնի իր տանը մոտ։ Մեծ շեշտադրում է կատարվում նաև համայնքներում ցերեկային կենտրոնների ստեղծման վրա, որ տարեցների իրար հետ շփվելու, ուղեղը և մարմինը մարզելու հնարավորություն ունենան։

Հաղորդման թողարկումներն անդրադառնալու են օրենսդրական կարգավորումներին, առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին, զբաղվածության հարցին, տարիքային առանձնահատկություններին, հոգեբանական խնդիրներին և ամենակարևորը՝ կյանքի վաստակած տարիները վայելելու բանաձևերին։

Back to top button