Մտքի ուժը

Ինչպե՞ս ու որքա՞ն ժամանակում են «ծնվում» լոլիկը, պղպեղն ու ոչ միայն․ «Մտքի ուժը»

Մանուշակագույն պղպեղը,  կանաչ լոշտակը, Նռնաքարը, բոլորիս հայտնի Անահիտ լոլիկը, Զսպանակ տաքդեղն ու ոչ միայն, դրանք բոլորը  սելեկցիայի արդյունք են։ Ծնվել են էկոնոմիկայի նախարարության Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում։ 

1949 թվականից մինչ օրս այստեղ ծնվել ու բազմացվել է ավելի քան 4  հազար նմուշ, որոնք պահպանվում են գիտական կենտրոնի գենբանկում։ Գյուղացու հողին հասել է դրանցից 150–ը։ Նրանց մեծ մասը բացառիկ է՝  գույնով, բույրով, արտաքին տեսքով։ Այս պահին գիտական կենտրոնը զբաղվում է 18 մշակաբույսով։ Գիտական կենտրոնն ունի 45 աշխատող, որից մոտ 30-ը գիտնականներ են։ Հատկապես գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում ընդունում են նաև սեզոնային բանվորներ։

Բանջարեղենն ու ոչ միայն աճեցնում են կենտրոնին պատկանող 21 հա տարածքում`՝ բաց դաշտում, 6 000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող փորձարարական ու 1000 քառակուսի մետր թաղանթապատ ջերմատներում։ 

Բացի այդ, բույսերի ու սերմերի «առողջական» վիճակը պարզում և  հիվանդություններն ախտորոշում են ֆիտոպաթոլոգիայի, կենսատեխնոլոգիայի և ֆիզիոլոգիայի լաբորատորիայում՝ ՊՇՌ եղանակով՝ ԴՆԹ մակարդակում։

Ախտորոշումը կատարվում է սերմերում, բույսերի օրգաններում, հողում: Հենց այստեղ էլ, սպեկտրոֆոտոմետրի միջոցով, որոշում են ածխաջրերի, չոր նյութերի, շաքարների ու վիտամինների պարունակությունը բանջարային մշակաբույսերի պտուղներում։ Լաբորատորիայի վարիչ Իրինա Վարդանյանը հենց մեր ներկայությամբ փորձում է  հասկանալ արդյո՞ք լոլիկը, այսպես ասենք, տառապում է քաղցկեղով։

Էկոնոմիկայի նախարարության Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանն առանձնացնում է հայկական բանջարեղենի համն ու հոտը։ Կարծրություն չկա, պտղամիսը կարմիր ու հյութեղ է, իսկ ստացված առաջարկները գիտական տարիների արդյունք են՝ ասում է գիտնականը։

Հաջողված ամեն մի նոր տեսակ այն ստեղծած գիտնականի երեխան է, և ինչպես երեխայի ծննդյան դեպքում է, այնպես էլ այս դեպքում՝ զգացողություններն աննկարագրելի են։ Գոհարը նման 4 երեխա արդեն ունի։ Ծածկած գրունտի բաժնի վարիչ Գոհար Կիրակոսյանը 2010 թվականից է աշխատում գիտական կենտրոնում Լոբու ջերմատնային 2 նոր սորտեր է ստացել։  

Գիտական կենտրոնում աչքի լույսի պես են պահում բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի՝ Հայաստանի ամբողջ գենոֆոնդը՝ հավաքածուն ընդգրկում է ավելի քան 4 հազար նմուշ։

Հավաքածուն պահպանվում է հատուկ պայմաններում՝ սառնարաններում։ Տվյալ բույսի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը պահպանվում է ժամանակակից մեթոդների կիրառմամբ, դրանք գտնելու համար բավական է ունենալ հեռախոս, իսկ փաթեթի վրա նշված է QR կոդը:    

Գիտական այս կենտրոնում խոստանում են՝ կանգ չեն առնելու, գիտական միտքը զարգանում է, նոր փորձերով զարմացնելու են հայ ու արտասահմանցի ֆերմերներին։

Back to top button