Սփյուռքի ձայնը

Ինչպես հայ ռոքերի երաժշտությունը փրկեց ամերիկացի դպրոցականին. «Սփյուռքի ձայնը»

Դեռ խորհրդային տարիների Հայաստանում ճանաչված «Տեսիլք» ռոք խմբի համահիմնադիր, երաժիշտ Խաչատուր Մելիքյանը մի քանի տասնամյակ առաջ ընտանիքի հետ մեկնեց ԱՄՆ։ Տեղափոխության ընթացքում բազմաթիվ դժվարություններ հաղթահարելուց հետո, Երևանի Վալերի Բրյուսովի անվան համալսարանի շրջանավարտներ Խաչատուր Մելիքյանն ու նրա կինը՝ Ռուզան Օգանեսյան-Մելիքյանը աշխատանք գտան ամերիկյան դպրոցներում։

Խաչատուր Մելիքյանն ասում է, որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո չի դադարել երաժշտությամբ զբաղվել, սակայն այնտեղ ապրելու համար պետք էր տարբեր աշխատանքներ կատարել։
«ԱՄՆ մեկնելուն մայրս էր դեմ, հայրս՝ ոչ այնքան։ Ես շատ լավ վաստակում էի և մեծ հնարավորություններ ունեի առաջխաղացման։

Սակայն, ինչպես հաճախ է լինում, ճանապարհներն են մեզ ընտրում։ Ճակատագրական հանդիպման շնորհիվ հայտնվեցինք ամերիկյան դպրոցներում, աշխատեցինք մեր մասնագիտությամբ»,-պատմում է Խաչատուր Մելիքյանը։

Խաչատուր Մելիքյանը «Գրանտ» ավագ դպրոցի փոխտնօրենն է, իսկ Ռուզան Օգանեսյան-Մելիքյանը՝ Նորդ Հոլիվուդի ավագ դպրոցի ակադեմիական խորհրդատուն։

«Խորհրդային Հայաստանում ստացած դիպլոմը և կրթության որակը մեզ օգնեցին աշխատել,- ասում է Ռուզան Օգանեսյան-Մելիքյանը։ -Իհարկե, մեր դիպլոմները վերարժևորման գործընթաց անցան, մենք էլ նոր կրթություն ստացանք և կարողացանք Բրյուսովում ստացած մեր գիտելիքները օգտագործել։ Ի դեպ, շատ ամերիկացի գործընկերներ զարմանում էին այն փաստի վրա, որ մենք Հայաստանում անգլերենով Շեքսպիր, Բայրոն և այլ գրողների (ստեղծագործություններ. խմբ.) ենք կարդացել։

Հայկական ռոքի ճանաչելիության, Խորհրդային Հայաստանում ստացած դիպլոմի իրական արժեքի և ամերիկյան կյանքի հետաքրքիր դրվագների մասին են պատմում Խաչատուր Մելիքյանն ու նրա կինը՝ Ռուզան Օգանեսյան-Մելիքյանը։

Խաչատուր Մելիքյանը խոսելով հայկական երաժշտության մասին, անկեղծացավ, ասելով, որ ինքը ռոք երաժշտությունից բացի այլ ժանրերի չի տիրապետում, թեև մի քանի տարի առաջ աշխատելով հայկական ռադիոյում, ստիպված է եղել լսել և ներկայացնել երաժշտական այլ ուղղություններ։

«Իմ ստեղծած երաժշտությունն այսօր կատարում են բրիտանական հայտնի խմբերը, կատարում են հայաստանցի երաժիշտ ընկերներս և այլն։ Դպրոցում, որտեղ աշխատում եմ, նույնպես տեղյակ են մի նախասիրության մասին։ Ի դեպ, վերջերս իմ երաժշտությունը հոգեբանական անհավասարակշիռ վիճակում հայտնված դպրոցականներից մեկին օգնեց։ Նշնակում է, որ երաժշտությունը ապրում է և օգտակար դառնում»,- ասում է։

Back to top button