Մտքի ուժը

Բիոսեր՝ նյութ, որը կփոխարինի ոսկորին. հայ գիտնականների բացառիկ առաջարկը․ «Մտքի ուժը»

Բիոսեր. նյութ, որից պատրաստված իմպլանտը ժամանակի ընթացքում կփոխարինի ոսկորին։  Ինչպե՞ս․ գիտական տարբեր փորձերի ու համառ աշխատանքի շնորհիվ։ Երբևէ մտածել եք՝ ինչպե՞ս է օտար մարմինը՝ իմպլանտը, հարմարվում մարդու օրգանիզմին։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նյութով է պատրաստված։ Մարինա Աղայանը գիտնական է, աշխատում է  ՀՀ-ում ու Էստոնիայում՝ գիտական կենտրոնում։ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում գիտական խումբ է ղեկավարում։ «Էյ Այ Փի թեք» կազմակերպության հիմնադիրն է։ Նրա ղեկավարած գիտական խումբը զբաղվում է կենսահամատեղելի նյութերի քիմիական ֆիզիկայի նյութերի ուսումնասիրմամբ։ Մարինա Աղայանը պատմում է․

 «Օրինակ՝ նոր իմպլանտների սինթեզը, դրանցից նոր իմպլանտներ պատրաստելը և դրանց մեխանիկական ու ֆիզիկական հատկությունները ստուգելը։ Այսինքն՝ մեր կողմից պատրաստված իմպլանտները պետք է կարողանան դիմանալ անհրաժեշտ ուժին ու ջերմությանը, որ մարմնին վնաս չտա»։

Բիոսեր. հենց այս նյութն է, որը կարող է փոխարինել ոսկորին, այս նյութից պատրաստված  իմպլանտը պետք է տեղադրվի մարդու մարմնի անհրաժեշտ հատվածում։ Նյութը ժամանակի ընթացքում քայքայվում է, փոխարենը աճում է նոր ու բնական ոսկորը՝ բացատրում է գիտնականը։ Ոսկորի 2/3-ը կազմում են անօրգանական նյութեր (կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում և ուրիշ), որոնցից կախված է ոսկրի կարծրությունը, իսկ 1/3-ը օրգանական նյութեր, որոնք պայմանավորում են ոսկորի առաձգականությունը, ճկությունը։ Մարինայի խոսքով․

«Իրենք հիմնականում ունեն ոսկորի բաղադրությանը մոտ բաղադրություն։  Ունենք նաև հավելանյութեր, որոնք արտոնագրված են։ Դրանց մասին փակագծերը չենք բացում։ Բայց դրանք մեխանիկական շարժումից առաջացնում են թույլ էլեկտրական էներգիա, որն էլ խթանում է ոսկորի ավելի արագ աճին։ Նյութի հիմնական առավելությունը մյուս նյութերից այն է, որ թեթև էլեկտրական մատերիալ ունենք, որոնք էլ ստեղծում են էլեկտրականություն՝ նպաստելով ոսկորի աճին»։ 

Իմլանտները միայն ծնոտին կամ ատամնաշարին չեն տեղադրվում։ Դրանք հատկապես արցախյան պատերազմից հետո երկրորդ կյանք են տալիս վիրավոր զինծառայողներին, քաղցկեղով հիվանդներին ու ոչ միայն։ Հայ երիտասարդներն իրենց փորձով ու համառ աշխատանքով առաջ են անցնում աշխարհի առաջատար ինստիտուտներից ու մինչև տարեվերջ արդեն 3D պրինտերով տպված ու իր տեսակով բացառիկ իմպլանտը կտեղադրեն արդեն մարդու օրգանիզմում։  

«Շատ դեպքեր ունենք, որ քաղցկեղ կամ վնասվածքներ ունեցող մարդկանց մոտ ոսկորը պետք է հանվի, կամ փոխարինվի այլ նյութով։ Հիմա դրանք ստանդարտ իմպլանտով են փոխարինվում։ Երբեմն, եթե ներքին վերջույթներում է վնասվածքը,  ամպուտացնում են ոտքը։ Այժմ մեծ տենդենց կա  3D պրինտինգի տպագրության ուղղությամբ։ Դա հնարավորություն է տալիս բացակայող ոսկորի մասը մոդելավորել, նոր ցանցաձև իմպլանտ ստեղծել։ Այն կտեղադրվի ոսկորի փոխարեն, հիմնականում այդ ցանցաձև մասերի միջոցով կաճի։ Մինչդեռ մինչ այժմ տեղադրվող մետաղյա իմպլանտները մնում են մարմնի մեջ։ Դրանք ունեն իրենց ռիսկերը․օրինակ՝ գլխին կամ մաշկին մոտ գտնվողները ջերմությունից շատ տաքանում են, ձմռանը՝ սառում են։ Երբեմն մարդը կարող է ոտքին իմպալնտ ունենալ, ատամից ինֆեկցիա անցնի ու դա կուտակվի իմպլանտի շրջակայքում։ Մենք արդեն փորձերը կենդանիների վրա հաջողել ենք, մինչև տարեվերջ նաև մարդու վրա կտեղադրենք։ Իհարկե, դա միջազգային սենսացիա կլինի»։

Սա այն դեպքն է, երբ գիտություն-տնտեսություն կապը ուղղակիորեն ոչ թե ստացվել է, այլ շատ ամուր է։ Գիտական խումբը նաև իմպլանտների արտադրությամբ է զբաղվում։ «Էյ Այ Փի թեք»  կազմակերպությունում 3D իմպլանտներ են տպում, համագործակցում են բժշկական տարբեր կազմակերպությունների հետ։ Նյութերը տիտանե իմպլանտներն են ու ՊԻԿ՝  պոլիմերային իմպլանտներ։ Դրանց ընտրությունը կապված է նրանից, թե մարմնի որ հատվածում են տեղադրվելու։ Իմպլանտ տեղադրելիս հաշվի է առնվում ամեն ինչ՝ տեղադրվող հատվածից մինչև ջրա-ցրտադիմացկունությունը։  

«Էյ Այ Փի թեք»  կազմակերպության  պրոջեքթ մենեջեր Լիանա Կոստանյանն ասում է՝ այս պահին իրենք Հայաստանում միակն են, որ ՊԻԿ իմպլանտներ են արտադրում։              

Ընկերությունը տիրեզական նյութեր է նաև արտադրում, բայց սրա մասին չեն խոսում։ Կարծում են, որ մարդկանց չի հետաքրքրում այս թեման։ Մոտեցումը պարզ է՝ իմպլանտն անմիջական մարդկանց է վերաբերում, մինչդեռ տիեզերքի դեպքում այդպես չէ՝ ասում է «Էյ Այ Փի թեք»  կազմակերպության համահիմնադիր, քիմիական ֆիզիկայի ինստիտուտի կենսահամատեղելի նյութերի քիմիական ֆիզիկայի նյութերի ուսումնասիրմամբ զբաղվող խմբի ղեկավար Մարինա Աղայանը։

 «Չգիտես ինչու մարդկանց տիեզերքը շատ ավելի հեռու է թվում։ 2050 թվականին արդեն պլանավորված է Մարսում ունենալ 1 մլն բնակչություն։ Հիմա տիեզերքում արտադրություն ունենալը շատ ակտուալ խնդիր է։ Մենք սինթեզում ենք նյութեր, որոնցով հնարավոր է նյութերը կիրառել 3D տպիչում և դրանցով դետալներ ստանալ»։

Հենց այս նպատակով էլ իրականացվող  հետազոտությունների համար ունեն իրենց տեսակով եզակի սարքավորումներ, որոնք աշխարհում անգամ, շատ քիչ են։ Բայց դրանք մեր երկրում են, ու դրանցով հետազոտություններ են անում հայ երիտասարդ գիտնականները։

Back to top button