Երաժշտական եռանկյունի

Դավիթ Հալաջյան. կոմպոզիտորի ստեղծագործական ուղին․ «Երաժշտական եռանկյունի»

Դավիթ Հալաջյանը երաժշտական կրթությունը ստացել է որպես դաշնակահար՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:

«Արդեն այդ տարիներին սկսել էի ստեղծագործել և առաջին իսկ առիթն օգտագործեցի՝  Էդգար Հովհաննիսյանին ստեղծագործություններս ներկացնելու համար: Այդ պահը ճակատագրական էր»,-ասում է կոմպոզիտորը:

Ուսումնարանն ավարտելուց հետո Դավիթ Հալաջյանը շարունակում  է կրթությունը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործական դասարանում: Գործիքավորումը նրան դասավանդում էր Ավետ Տերտերյանը, բայց իրական շփումը մեծ կոմպոզիտորի հետ սկսվեց կոնսերավատորիան ավարտելուց հետո: Հատկանշական է, որ Դավիթ Հալաջյանը կապված է եղել Պետական (այսօր՝ Հանրային) ռադիոյի հետ, աշխատել է որպես երաժշտական խմբագիր, «8:30» հաղորդաշարի հեղինակ:

1991 թ. մեկնել է Շվեյցարիա, Բազելի երաժշտական ակադեմիա, այնուհետև՝ Ցյուրիխի կոնսերվատորիայում ուսումնասիրել է էլեկտրոակուստիկ երաժշտություն: Նաև ատենախոսություն է պաշտպանել երաժշտագիտության ոլորտում, ունի PHD գիտական աստիճան:

Այսօր նա ղեկավարում է  երգչախումբ և դասավանդում Ցյուրիխի կոնսերվատորիայում: Դավիթ Հալաջյանի կամերային և երգչախմբային երաժշտությունը կատարվում է ամբողջ աշխարհում՝ Հայաստան, Գերմանիա, Իսպանիա, Իսրայել, ԱՄՆ, Ճապոնիա, Լիտվա, Ռուսաստան, Շվեյցարիա և էլի մի շարք երկրներում:

Նրա արվեստը հայրենիքում նույնպես գնահատվել է, Հալաջյանն արժանացել է Գրիգոր Նարեկացի և Մովսես Խորենացի շքանշանների: Կոմպոզիտորի ստեղծագործական հետաքրքրության դաշտում նաև կինոերաժշտությունն է:

Հայաստանում  գտնվելու առիթը նրա «Լույսի մեսսայի» կատարումն էր, որը նվիրված էր կոմպոզիտորի 60-ամյակին և որից հատվածները հնչում են հաղորդման ընթացքում:

Back to top button