Գերդաստաններ

Սունդուկյանի «Պեպո»-ն՝ այսքան հին, բայց այսքան ժամանակակից․ «Գերդաստաններ»

«Մեկն էլ է, չիմաց անե աշխրքին, սրա արարմունքը, մեկն էլ է հարայի չկամենա տա ՞, վուր էս մարդը, որին դիփունքը գլուխ են տալի, դիփունքը փառավորում, էրգինք բարձրացնում, սա էն մարդն է, վուրի համար վունչինչ բան սուրփ չկա աշխրքումը»:

Այս տողերի հեղինակը Սունդուկյանի Պեպոն է՝ կենդանի, եռուն, միշտ ապրող և տառապող Պեպոն՝ լի հանրային վրիժառության զգացմունքներով, սակայն և մշտապես լցված ապրելու ձգտումներով։

Թիֆլիսահայ հինաբնակներից շատերն ապրում էին քաղաքի առաջին թաղամասում, որտեղ 1822 թվականին տուն էր գնել նաև Մկրտում Սունդուկյանը՝ մեծ դրամատուրգի հայրը:

Նա առևտրական էր, սակայն կա նաև տեսակետ, որ Սունդուկյանները Էջմիածնի ճորտերից են եղել։ Փաստաթղթերում նշվում է, որ Մկրտում Սունդուկյանը 1812 թվականին Թիֆլիսից մեկնել է Հյուսիսային Կովկաս, զբաղվել առևտրով, հարստացել, դարձել Թիֆլիսի մոքալաքներից մեկը։ Մոքալաքը ազատ քաղաքացին էր Վրաստանում։ Այսպես Սունդուկյաններն ազատվում են ճորտությունից։

 «Պեպո», 1870թ․ Թիֆլիս, հայկական թաղամաս

Գաբրիելը ծնվել էր Մկրտումի հենց թիֆլիսյան տանը 1825 թվականի հուլիսի 11-ին։ Կրթության հարցերով զբաղվում էր մայրը՝ Թինաթինան։ Նա որդուն կրթության է տալիս Հակոբ-Շահան Ջրպետյանի մոտ, որը զբաղվում էր նաև տղայի դաստիարակությամբ, սովորեցնում գրաբար ու մի քանի օտար լեզուներ՝ պատմում է գրականագետ Տաթևիկ Մերջինյանը։

Պետերբուրգն իր թատերական կյանքով և ռուս մեծ գրականությունը որոշեցին Սունդուկյանի ապագան։ Հենց այդ միջավայրում ստացած կրթությունը, ձևավորված աշխարհայացքը հետագայում օգնեցին նրան Թիֆլիսում կազմակերպել հայ թատերական գործը։

Թիֆլիսյան թատերախմբերից գրեթե բոլորը ձգտում էին խաղալ նրա պիեսները, քանի որ դահլիճները միշտ լիքն էին։ Սունդուկյանը, սովորաբար, չէր մերժում, դրանք տալիս էր՝ առանց հոնորար պահաջելու։ Մասնակցում էր փորձերին, տալիս խորհուրդներ։

Սունդուկյանը 38 տարեկան էր, երբ ամուսնացավ Սոֆյա Միրիմանյանի հետ։ Նրանք 6 զավակ ունեցան։ Ափսոս, որ ոչինչ հայտնի չէ Սունդուկյանի զավակների և թոռների մասին։ Միգուցե՞ հետագայում կարելի լինի ուսումնասիրել Թիֆլիսյան արխիվները։
Այսօր «Պեպոն» ու «Խաթաբալան» գրավում են և’ ավագ, և’ երիտասարդ սերնդին։

Այսքան հին և այսքան ժամանակակից կերպարներ՝ «Զամբախով», «Պեպո», «Կակուլի». ո՞րն էր դրամատուրգի մեծության գաղտնիքը։

Հայտնի է, որ Մաքսիմ Գորկին «Պեպո»-ն համարում էր «այժմեությունը պահպանած գրական երևույթ»։ Նա կարծում էր, որ այն պետք է դարձնել ժողովուրդների ընթերցանության պիես։
Սունդուկյանի կտակի համաձայն՝ կանգնեցրել են ոչ թե իր, այլ Պեպոյի արձանը, իր անունը կրող թատրոնի բակում։

«Պեպոն» հայ կինոյի պատմության մեջ առաջին հնչունային ֆիլմն է, իսկ Սունդուկյանն իր ստեղծագործական կյանքի գլուխգործոցը միշտ համարել է «Պեպոն»։

Ռափայել Պատկանյանը Սունդուկյանի մասին ասում էր․
«Ազգիս դարավոր վերքը լվանալ
Լիրբ մեծատունին անվախ ապտակել,
Գոհարով ծածկած կեղտերը բանալ,
Կեղծավորների դիմակը պոկել,
Ու խեղճ կինտոյին դնել մարդու շար՝
Այս ամեն զորեց միայն քո հանճար»։

Back to top button