Գերդաստաններ

Նրան անվանեցի Վերջալույս՝ ի պատիվ Վանի հրաշագեղ վերջալույսների․ «Գերդաստաններ»

1915 թվական. Վանից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ բռնել էին գաղթի ճամփան: Գաղթականների շարքերում էին ՀՀ ժողովրդական արտիստ Վերջալույս Միրիջանյանի ծնողները՝ Մաքրուհին և Կարապետ աղան։

Իրենց երեխաների՝ Վարազդատի և Արշալույսի հետ նրանք փրկում են նաև ճանապարհին որբացած մի աղջկա՝ փոքրիկ Արուսյակին։ Երբ գաղթականները հասանում են Իգդիր, 1916 թվականի դեկտեմբերի 22-ին ծնվում է Մաքրուհու և Կարապետի դուստրը, որին, ի պատիվ Վանի գեղեցիկ վերջալույսների, անվանում են Վերջալույս։

Դերասանուհու թոռը՝ Տիգրան Իսկուդարյանը դերասանուհու կյանքի և գործունեության մասին նկարահանել է մի յուրօրինակ ֆիլմ, որն անվանել է «Վերջալույս»։
Վերջալույս Միրիջանյանի հայրն ունևոր դարբինների գերդաստանից էր։ Այդ դարբնոցը հետաքրքիր էր նրանով, որ փուքսը փչում էին արջերը։ Այդ գործը կատարելու համար վարժեցնում էին նաև արջերի քոթոթներ։

1933 թվականին Վերջալույսը քննություն էր հանձնում՝ թատերական ինստիտուտ ընդունվելու համար։ Քննությունն ընդունում էր Արմեն Գուլակյանը, որն այնքան է հիանում Վերջալույսով, որ քննությունը կրկնել է տալիս դերասանական հայտնի խմբի համար։ Արմեն Գուլակյանը հանձնարարում է թատրոնին կից ստուդիայի ղեկավար Գրիգոր Ասլանյանին, որ ուշադրություն դարձնի աղջկան։

Որոշ ժամանակ աշխատելուց հետո նրանք սիրահարվում են և ամուսնանում։ Ունենալով դերասան ամուսին՝ նա ավելի ամուր է կապվում թատրոնի հետ, նրան այլևս ոչ ոք չի կարողանում բաժանել այդ կախարդական ու հեքիաթային աշխարհից, որը երևի թե շատ նման էր Վանի վերջալույսներին։

Շուտով ամուսնուն՝ Գևորգ Ասլանյանին հրավիրում են Ալավերդու թատրոն։ Միասին մեկնում են և 1939 թվականին այստեղ նրան ներկայացնում հանրապետության վաստակավոր արտիստի կոչմանն արժանացնելու, սակայն դերասանուհին չի համաձայնում՝ ասելով. «Ես արժանի չգտա ինձ Հասմիկի և Արուս Ոսկանյանի կողքին»։ Միայն 23 տարի անց Սունդուկյանի անվան թատրոնում նա արժանացավ այդ կոչմանը։

Պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներով օժտված, մեծ երևակայություն ունեցող ինքնատիպ դերասանուհին հանդես եկավ մոտ 50 ֆիլմերում, որոնք մինչ օրս գրավում են և՛ ավագ, և՛ երիտասարդ հանդիսատեսին։

Դերասանուհու երկու զավակներն էլ շնորհալի մարդիկ են։ Դուստրը գիտնական, քիմիական գիտությունների թեկնածու Դիանա Ասլանյանն է, որը մեծ ներդրում է ունեցել քիմիայի բնագավառում։

Որդին՝ Հրաչյա Ասլանյանն ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի արդյունաբերական դիզայնի բաժինը, Հայաստանի նկարիչների միության անդամ է, Հայաստանի և միջազգային դիզայներների միության անդամ, հայկական դրամի դիզայնի համահեղինակ, եղել է Լվովի ավտոգործարանի արդյունաբերական դիզայնի բաժնի ղեկավար, բեմադրող նկարիչ է, բազմաթիվ համաշխարհային ճանաչում ստացած բրենդների լոգոտիպերի արտադրանքի փաթեթավորումների միանձնյա ձևավորող։

Տիգրանը պատմում է, որ երբ փոքր էր, տատիկն իրեն տանում էր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի և շշնջում. «Բալես, Աստված կա»։ Այդ բառերը մինչև այսօր մնացել են Տիգրանի հոգում՝ որպես մի նվիրական մասունք։

Back to top button