Գերդաստաններ

Րաֆֆու արխիվի առեղծվածը․ «Գերդաստաններ»

1946 թվականին` մառախլապատ մի օր, մի իռլանդուհի՝ թղթերի կապոցը ձեռքին, մտնում է Խորհրդային Միության դեսպանատուն և խնդրում այն ուղարկել Հայաստան։ Կապոցում հանրահայտ գրող Րաֆֆու արխիվն էր։

Ի՞նչ եղավ արխիվը, ի՞նչ հետաքրքիր ճանապարհ անցան և ի՞նչ ճակատագրի արժանացան Րաֆֆու գերդաստանի անդամները Լոնդոնում։

Գրող, որը գրականության միջոցով արթնացրեց ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը, խրախուսեց նրանց նախնիների օրինակով և ամրապնդեց ժողովրդի հավաքական միասնությունը։
Մեծ էր Րաֆֆու դերն անցյալում և մեծ է նաև մեր օրերում։ Այս ամենը գալիս էր նաև Ուրմիո գեղեցիկ լճակի ափին սփռված Ատրպատականի Սալմաստ գավառի, դրա ալիքավոր լեռների, Սոլա գետակի հովտում գտնվող հայաբնակ Փայաջուկ գյուղի և իր նահապետական գերդաստանի նկատմամբ ունեցած սիրուց։

Փայաջուկն այսօր գոյություն չունի՝ տեղահանության, թալանի ու երկրաշարժի հետևանքով։ Այս գյուղի Օրդուենց Մահլա կոչվող թաղի վաճառական Մելիք Միրզաբեկի նահապետական օջախում՝ թոնրատանը, 1832 թվականին ծնվեց մեր ժողովրդի ազգային հպարտություններից մեկը՝ Հակոբ Մելիք-Հակոբյանը (Րաֆֆին)։

Այս տունը մի տեսակ հաշտարար դատարան էր, այստեղ էին հարթվում գյուղացիների մեջ ծագած մանր վեճերն ու տարաձայնությունները, քանի որ Րաֆֆու հայրը պատկառելի մարդ էր՝ չափազանց հարգված ու սիրված համագյուղացիների կողմից։

Մելիք Միրզաբեկն ուներ ջուլհակի արհեստանոց, որտեղ բամբակե թելից կտավ էին գործում, հետո՝ ներկում ու տանում վաճառքի այլ երկրներ։ Նա Թիֆլիսի պարսկահպատակ վաճառականների գլխավորը։

Րաֆֆու մայրը՝ Ջեյրանուհի խանումը, հարևան Քոհնա Շահար կոչվող քաղաքի զինագործների հայտնի գերդաստանից էր, և Րաֆֆին հետագայում գրում է, որ իր քեռիները զինագործություն սովորել էին իրենց նախնիներից և էլ ավելի կատարելագործել այս արհեստը։

Մայրը նրան տանում է իրենց գյուղի քահանայի մոտ, որ գրել-կարդալ սովորի և լավ մարդ դառնա։ Իսկ 1847 թվականի ամռանը Հակոբն արդեն Թիֆլիսում էր, այստեղ աշակերտում է հայտնի ուսոցիչ Կարապետ Բալախյանին և շահում նրա համակրանքը։

Բալախյանն ուզում էր Րաֆֆուն ուղարկել Պետերբուրգ՝ սովորելու, բայց նա, իրենց տոհմի նահապետական ավադույթի համաձայն, պիտի գնար գյուղ և վարեր տնտեսությունը։ Հայրն արդեն մեծ էր, իսկ հորեղբայրը չէր ուզում օգնել այդ հարցում։ Եվ այդպես էլ Րաֆֆին չի մեկնում Պետերբուրգ։

Երիտասարդ տարիներին Րաֆֆին սիրահարվում է իրենց գյուղից Սառա անունով մի աղջկա, որին ծնողները ստիպողաբար ամուսանոցնում են։

Մանկության և պատանեկության տարիներին տեսածն ու զգացածը արտահայտվել են գրաբարով գրված «Խլվլիկ» վեպում, որը մեծ հնչեղություն ունեցավ։ Այս վեպն ավարտելուց հետո Րաֆֆին գնում է գյուղ, տեսնում իրենց խանութները թալանված։
Ամեն տեղ Րաֆֆու առևտրական գործերի վրա արգելանքներ էին դրել, գործը հասել էր նրան, որ Րաֆֆին դարձել էր հացի կարոտ և ստիպված էր աշխատանքի անցնել մի խանութում՝ որպես հասարակ գործավար, ինչպես ինքն է գրում՝ «դուքանչու աշակերտ»։

Վիպասանի կինը՝ Աննան, ազգությամբ ասորի էր, աղջկական ազգանունը՝ Հուրմուզ։ Նրանք ամուսնացել էին 1863 թվականին, անդրանիկ երեխան՝ Եսթերը ծնվեց 1864-ին։ Նրանց որդիներից Արամը դասավանդում էր Անգլիայի արքայական քոլեջում, Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարաններում, եղել է Առաջին Հանրապետության դեսպանը Անգլիայում։ Մոր հետ Լոնդոնում հայագիտական կենտրոն են հիմնել։

Մյուս որդին՝ Արշակը, ամուսնացել էր իռլանդուհի Ալեքսանդրիայի հետ, որն էլ հետագայում Րաֆֆու արխիվը հանձնում է Խորհրդային Միության դեսպանատուն՝ Հայաստան ուղարկելու համար։

Րաֆֆին ասում էր. «Եթե հայը կամեր կյանք և ապագա ունենալ, նա պետք է յուր ապրուստը հիմնե հաստատուն հողի վրա, և այդ հայը թող լինի այն, որ սրբված և գնված է մեր նախնյաց արյունով…»։

Back to top button