Ժամանակի վկան

Հայրենիքը բառ չէ. Հասմիկ Սարգսյան․ «Ժամանակի վկան»

Վանդակապատից այն կողմ՝ Տիրամայր,

Տիրամոր այն կողմ անմռունչ մանուկ,

Ես անպատրաստ եմ գառանը զոհել,

Ինչպես դու էիր մանկանդ զոհում։

Ես միակ մի մոմ կվառեմ այսօր պատկերիդ առաջ,

Տու՛ր ինձ ուժը քո ինքնազոհումի։

Շուրջ երեսուն տարի առաջ գրված այս տողերը Հասմիկ Սարգսյանի «Կիսատ անձրև» բանաստեղծությունների ժողովածուից են։

Հայաստանի գրողների և Ժուռնալիստների միությունների անդամ, բանաստեղծուհի և գրականագետ, մշակութաբան, յոթ գրքերի հեղինակ Հասմիկ Սարգսյանի քնարական քերթվածքներում ներանձնական ոգորումներ էին, որոնց մասին բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանն ասել է․

Հասմիկ Սարգսյան

«Տպավորությունն այնպիսին է, որ կարդում ես անձնական նամակներ, այնքա՜ն անկեղծ են այդ տողերը, այնքա՜ն բաց, և ընթերցողն ինչ-որ տեղ նույնիսկ, թվում է, թե արգելված գործ է անում՝ այդ բանաստեղծություն-նամակները կարդալիս»։

Զավակին հանուն մեծ գաղափարի զոհելու ուժ տալու կամքով օժտելու մասին են այս տողերը։ Դրանք տարիներ հետո արդեն նոր կերպ պիտի ընթերցվեին, այլ մեկնաբանություն ստանային, դիտվեին՝ ոչ միայն ներանձնական ապրումի արտահայտություն։

Դրանցում, ասես, խտացված են մերօրյա սերունդների գիտակցված զոհողության գնալու բազում օրինակները։ Հետո արդեն իր գրքերում բանաստեղծուհու արծարծած թեմաները դարձան էլ ավելի բազմազան և ստացան առավել խորքային գեղարվեստական արտահայտություններ։

Իրինա Բարսեղյան-Կրպեյան

Քնարական պոեզիայի հրաշալի նմուշների կողքին հավասարապես ստեղծվեցին հայրենիքին բազմաթիվ նվիրումներ, որոնք ամփոփվեցին 2019-ին լույս տեսած «Հայրենիքը բառ չէ» բանաստեղծությունների գրքում։

 ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյան

Այն վեցերորդն էր Հասմիկ Սարգսյանի հեղինակած գրքերի շարքում։ Գրքում տեղ է գտել նաև Ազգային հերոս, «Հայրենիքի» շքանշանակիր Թաթուլ Կրպեյանին նվիրված բանաստեղծությունը։ Ռադիոլսողներին հիշեցնեմ նաև, որ օրեր անց՝ ապրիլի 21-ին լրանում է Թաթուլ Կրպեյանի ծննդյան 57, իսկ ապրիլի 30-ին՝ հերոսաբար զոհվելու 31 ամյակը։

Այրը չի լացում, հեկեկում է լոկ,

Արցունքն է հոսում կոպերից սրտին.

Նա իր էրգրի կարոտով գնաց, 

Խառնվեց կորսըված երկրի կարոտին:

Նա սիրած կնոջ ունկին շշնջաց

Հեռավոր եզրի մի անուշ երազ,

Աչքերում խոնավ ժպիտը շողաց,

Երբ գիրկը առավ իր առաջնեկին:

Եվ իր անխարդախ կուրծքը դեմ տվեց,

Երբ բորբոքվում էր կռիվը մեր հին,

Պապերի կանչը՝ երգերից ելած,

Ամրություն տվեց նրա բազուկին:

Այնտեղ՝ մեր դրախտ սարերի կրծքին,

Ուր Գետաշենն էր մենակ մարտնչում,

Այր մի քաջազուն՝ կարսեցու զավակ,

Կռվեց մինչև վերջ ու ընկավ՝ ինչպես

Հասկերն են հասուն հողմերից թեքվում,

Եվ երկրաշարժից վիհեր են ճեղքվում

վեհ գագաթներին,

Ջրվեժներն են հորդ անհաս բարձունքից

գիժ-գահավիժում,

Կաղնին ընկնում է,

բայց արմատները քարաժայռի պես

մնում են հողում…

Եվ ջրվեժների ջրերն անցնում են վիհով ահռելի,

Հասնում հողմերից թեքված հասկերին

Ու զորացնում են արմատը կաղնու…

Գյուղը դատարկվեց.

Եվ կաղնիները սաղարթազրկված լուռ թառանչեցին,

Շենի պահապան սրբատեղիում

ջահելները է՛լ ուխտի չեն գնում,

Մատաղի գառը չի մայում կապից,

Արհեստագործի թաղամասերում մութ լռություն է:

Բայց հին արմատից

կաղնին մի մատղաշ շիվ է արձակել:

Կարսեցու սրտին կաթած արցունքի ուժով սնուցվել՝

Վերընձյուղվել է…

Ասքս չի հասել դեռ իր ավարտին…

Այրերը այստեղ երբեք չեն լացում, հեկեկում են լոկ…

Back to top button