Էկոսֆերա

«Թեղուտ» ՓԲԸ-ն մասնակիորեն դադարեցրել է գործունեությունը. աշխատակիցները մտահոգ են․ «Էկոսֆերա»

«Թեղուտ» ՓԲԸ-ն մարտի 14-ից դադարեցրել է Թեղուտի լեռնահանքային համալիրի հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը։ Համայնքի բնակիչները տեղեկացնում են, որ ընկերությունը, այսպես ասած, ժամանակավոր է աշխատակիցների մի մասին տուն ուղարկել։

Ի՞նչ մտահոգություններ ունեն բնակիչները և ո՞րն է ընկերության գործունեության մասնակի դադարեցման պատճառը։

«Թեղուտ» ՓԲԸ-ն հայտնել է, որ մասշտաբային պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2022 թվականի մարտի 14-ից դադարեցվել է Թեղուտի լեռնահանքային համալիրի հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը, ինչպես նաև դադարեցվել են ուղևորափոխադրումները «Թեղուտ» ՓԲԸ-Ալավերդի- «Թեղուտ» ՓԲԸ երթուղով։

Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչներն ասում են, որ ընկերությունը ժամանակավորապես է տուն ուղարկել աշխատակիցների մի մասին, մինչև ապրիլի 1-ը, սակայն, թե ի՞նչ կլինի դրանից հետո, աշխատակիցների և նրանց հարազատների շրջանում մտահոգություն կա։

Սպասարկող ծառայությունը՝ պահակները, անվտանգությունը, էլեկտրիկները, փականագործը աշխատում են։ Բայց մնացածներին 2/3 աշխատավարձով ուղարկել են տուն, մինչև ապրիլի 1-ը։ Դրանից հետո կտեղեկացնեն։

«Իմ տղան գործարքով աշխատում է ՓԲԸ-ի հետ։ Հիմա իրենք չեն աշխատում։ Խնդիրներն, ըստ երևույթին, կապված են ՎՏԲ բանկի, պատժամիջոցների հետ»,- ասում է Թեղուտ գյուղի բնակիչ Վարդան Վարդանյանը՝ հավելելով, մինչև աշխատանքի ավարտը աշխատավարձերը վճարվել են։

«Գաղտնիք չկա, մարդիկ ասում են՝ հանքանյութը տեղ հասցնելու խնդիր ունեն, վրացական մեքենաները չեն գալիս, պատճառը ՎՏԲ բանկի հետ է կապված։ Բայց մարդկանց մոտ մտավախություն կա, թե դրանից հետո ի՞նչ կլինի (ապրիլի 1-ից)»,– ասում է մեկ այլ բնակիչ Լևոն Ալիխանյանը՝ նշելով, որ ցանկացած մարդ այս պահին մտածում է հացի խնդրի մասին։

Ռստ Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի՝ Շնող և Թեղուտ համայնքից «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատում է 480 մարդ։ Նրա խոսքով՝ ընկերությունը չի դադարեցրել աշխատանքը, աշխատակիցների մի մասը շարունակում է աշխատել, մյուս մասը՝ ոչ։

Տեղացիների մտավախությունները պատահական չեն, «Թեղուտ» ՓԲԸ-ն 2018 թվականին դադարեցրեց իր գործունեությունը՝ առաջ քաշելով պոչամբարի հետ ծագած խնդիրները։ Մի քանի հարյուր մարդ մնաց գոործազուրկ։ Սկսեցին բողոքել, որ ընկերությունը նախքան հանքավայրը շահագործելը բնակիչներից վերցրել է գյուղատնտեսաական նշանակության հողերը, արդյունքում՝ ո՛չ հանքը կար, ո՛չ էլ հողատարածքները։ Իսկ ընտանիքը սնելու և վարկային պարտավորությունները փակելու խնդիրը մնացել էր բնակիչների ուսերին։ Տևական բողոքներից ու դժգոհություններից հետո, ամեն դեպքում, շուրջ մեկ ու կես տարի հետո կրկին վերագործարկվեց, բայց արդեն նոր սեփականատերերի կողմից։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշում է, որ բնակիչների կողմից բողոքներ, դժգոհություններ եղել են, և հիմա էլ պարբերաբար ականատեսն ենք լինում։ Ըստ փորձագետի՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն ի սկզբանե ունեցել է լուրջ խնդիրներ՝ մի շարք պատճառներով։

Back to top button