Կյանքին ասել այո՛

Պատերազմից առաջ զոդող էի, հիմա՝ լուսանկարիչ․ Մեսրոպ Սարիբեկյան․ «Կյանքին ասել այո՛»

Մեսրոպ Սարիբեկյանը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 8-ին  Երևանում։ Հայրը արցախյան առաջին պատերազմի մասնակից էր։ Երկար ժամանակ անհետ կորած էր համարվում, հետո՝ ըստ օրենքի, զոհվածների ցանկում գրանցեցին։ 

Հոր մահից հետո հազիվ ծայրը ծայրին էին հասցնում։ 2004-ին ընտանիքով տեղափոխվեցին Ռուսաստան, որտեղից Մեսրոպը վերադարձավ  2020-ին՝  44-օրյա պատերազմին մասնակցելու նպատակով։

Կամավորական ջոկատների կազմում կռվել է հիմնականում Հադրութում, Քարինտակում,  որտեղ էլ նոյեմբերի չորսին հրազենային վիրավորում է ստացել ոտքից։ Մի քանի վիրահատություն, վերականգնողական երկար շրջան Զինվորի տանը, որը Մեսրոպին օգնեց ոտքի կանգնել՝ բառի բուն ու փոխաբերական իմաստով․ Մեսրոպն այստեղ ոչ միայն վերականգնողական բուժում, այլև մասնագիտություն ու աշխատանք,  անգամ՝ մասնագիտական գործիք ձեռք բերեց։

Սիրելի  լուսանկարչական ապարատն այսօր Մեսրոպին օգնում է տեսնել աշխարհը իր գույներով, որոնք սևի ու սպիտակի մեջ անգամ բավականին վառ են։ Պատերազմով ու կյանքի դժվարություններով անցած մեր հերոսը կարողացել է կյանքին ասել այո՛։

Back to top button