Մոռացված ֆիլմերի ստվերները

Կյանքի էկրանավորումը՝ «Քանի դեռ ապրում ենք»․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Անչափահաս դատապարտյալների քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Արայիկ Հարությունյանի մտքով չէր կարող անցնել, որ գաղութի անհրապույր պատերը պիտի փոխարինվեն նկարահանման հրապարակով։

Ռուբեն Գևորգյանցի «Քանի դեռ ապրում ենք» ֆիլմը դարձավ նրա վաղաժամկետ ազատման պատճառն ու նոր կյանք սկսելու հնարավորությունը։ Դրակա՞ն էր ֆիլմի ազդեցությունը «կինոյի տղայի» հետագա կյանքի ու գործունեության ընթացքի վրա, այսօր դժվար է միանշանակ ասել, որովհետև կինոնկարի էկրան բարձրանալուց որոշ ժամանակ անց, նրա հետ կապն ընդհատվեց։

Ռուբեն Գևորգյանց

1985 թ․-ին Ռուբեն Գևորգյանցը եղբոր՝ Գեորգի Կևորկովի հետ, աշխատում էր «Քանի դեռ ապրում ենք» գեղարվեստական ֆիլմի էկրանավորման վրա։ Պերեստրոյկա-գլաստնոստի տարիները թևակոխած Խորհրդային Հայաստանում մոր սիրեկանին դանակահարած անչափահաս տղայի մասին պատմող հոդվածը մեծ արձագանք ունեցավ հասարակության տարբեր շերտերում, իսկ ֆիզիկոս, սցենարիստ Ալեքսանդր Դիվանյանն այդ հոդվածը սցենարի վերածեց։

Գեորգի Կևորկով

«Օրը սկսվում է» աշխատանքային վերնագրով սցենարը Դիվանյանը ներկայացրեց Ռուբեն Գևորգյանցին։ Գևոգյանցն ընթերցեց, հավանեց, բայց որոշ փոփոխություններ առաջարկեց։ Սցենարական աշխատանքներն ավարտելուց և հաստատելուց հետո Գևորգյանց եղբայրները անցան նախապատրաստական աշխատանքներին։

Ռուբեն Գևորգյանցը համագործակցության հրավիրեց կինոռեժիսոր Կարեն Բորյանին, որի հետ արդեն երեք վավերագրական ֆիլմ էր նկարահանել։ Այսօր արդեն էկրանային վերնագրով՝ «Քանի դեռ ապրում ենք» ֆիլմի երկրորդ ռեժիսոր Կարեն Բորյանը պատմում է, որ ամենադժվարը գլխավոր հերոսին գտնելն էր։ «Ռուբեն Գևոգյանցի համար շատ կարևոր էր, թե ով պիտի մարմնավորի գլխավոր հերոսին։ Զրույցներից ես հասկանում էի, որ գուցե ոչ արտաքնապես, բայց մտածելակերպով իրեն նման մեկին է փնտրում։ Երևանյան դերասանական լսումների անարդյունավերտ ավարտից հետո, որոշեցինք գնալ Թբիլիսի, տնտղել այնտեղի դերասաններին։ Թբիլիսի ուղևորվելու ճանապարհին կանգ առանք Գյումրիում, այցելեցինք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, որի գլխավոր ռեժիսորը այդ ժամանակ Խորեն Աբրահամյանն էր։ Նրա հետ շփվելուց հետո, մեքենայի մեջ ես հասկացա, որ Գևորգյանցն արդեն որոշումը կայացրել է»,-ասում է Կարեն Բորյանը։

Կարեն Բորյան

Հովիկի ուսուցչուհու կերպարը ֆիլմում մարմնավորեց Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Ջուլիետա Բաբայանը։ Տարիներ անց դերասանուհին ջերմությամբ է վերհիշում ֆիլմի նկարհանումները, Խորեն Աբրահամյանի խաղընկերությամբ տեսարանը և ափսոսում միայն մի բանի համար: «Ես այդ ժամանակ ծանոթ չէի ֆիլմի սցենարին, էպիզոդիկ դեր էր: Նկարահանումից կես ժամ առաջ՝ նկարհանման հրապարակում, տեքստը տվեցին, ընթերցեցի, համարյա թե մենախոսություն էր, Խորեն Աբրահամյանը լուռ լսում էր։ Մեկ դուբլով էր նկարահանվեց այդ դրվագը: Բայց, երբ ես ֆիլմն ամբողջությամբ դիտեցի ափսոսացի, որ սցենարը նախօրոք ընթերցելու հնարավորություն չեմ ունեցել, որովհետև և՛ այն ժամանակ, և՛ հիմա էլ էպիզոդիկ դերակատարներին բանի տեղ չեն դնում, բայց չէ՞ որ ֆիլմը հիմնականում էպիզոդներից է բաղկացած։ Եվ մինչև օրս շատ եմ ափսոսում, որովհետև նրբություններ կային, որ կարող էի այլ կերպ խաղալ ու մեկնաբանել»։

Ջուլիետա Բաբայան

Այս ֆիլմի նկարահանումից հետո մի քանի տարի Կարեն Բորյանը կապ էր պահպանում Արայիկ Հարությունյանի հետ, հանդիպում, հետաքրքվում էր նրա առօրյայով, խորհուրդներ տալիս։ Ինչ-որ ժամանակ հետո նրանց կապն ընդհատվեց, բայց Կարեն Բորյանին շատ մտահոգում էր պատանու ճակատագիրը։

«Ես անընդհատ Արայիկին ասում էի, որ անպայման կրթություն ստանա: Դերասանական ընդունակություններ ուներ, երբ որ նա կենտրոնանում էր, կարողանում էր ճիշտ կատարել առաջադրանքը: Եվ, դա հաշվի առնելով, առաջարկեցի ընդունվել Գեղարվեստա-թատերական իստիտուտի դերասանական բաժին, բայց նա կտրականապես մերժեց առաջարկը։ Հետագայում մեր զրույցների ժամանակ խոստացավ, որ անպայման կկողմնորոշվի և որևիցե մասանգիտություն ձեռք կբերի, բայց քանի որ մեր կապն ընդհատվեց, ես այդպես էլ չիմացա, թե ինչպես դասավորվեց նրա հետագա կյանքը»։

«Հասարակության անտարբերությունից են ծնվում հանցագործությունները» շատերն են այսպես արձագանքում հերթական հանցագործության լուրը լսելիս։ Բայց նրանից քչերն են օգնության ձեռք մեկնում դժվար պայմաններում հայտնված մարդկանց։ Այս մտորումների արդյունքում էր ծնվել Ռուբեն Գևոգյանցի «Քանի դեռ ապրում ենք» կինոնկարը, և թվում էր այն կշարունակի մարդկանց ուշադրությունը սևեռել հասարակության համար ցավոտ հարցերից մեկի՝ երիտասարդ մարդու շեղված ճակատագրի վրա այնքան ժամանակ, քանի դեռ ապրում ենք…։

Back to top button