ԿարևորՀասարակություն

Պոլիէթիլենային տոպրակները հաստացան և թանկացան․ բնապահպանական խնդիրը լուծվե՞ց

Խանութներում հունվարի մեկից վաճառվում են 50 և ավելի միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակներ, որոնց գինը տատանվում է 40-60 դրամի սահմաններում։ Այս տոպրակները ևս պոլիէթիլենային են, սակայն, ինչպես շրջակա միջավայրի նախարարությունից են ասում, նախատեսված  են բազմակի օգտագործման համար, հետևաբար՝ աղբավայր են հասնում շատ ավելի ուշ, քան բարակ պոլիէթիլենային տոպրակները։ Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը բացատրում է, թե ինչ տրամաբանությամբ է առաջնորդվել նախարարությունը։

«Նպատակ ենք ունեցել կրճատել տոպրակների օգտագործումը։ Վարչական իրավախախտումների օրենսգրքով օրենքի ուժի մեջ մտնելու հենց առաջին օրերին ՏԻՄ մարմիններն, ընդհանուր առմամբ խախտման 60 դեպք են արձանագրել օրենքի, դրանցով վարույթներ են սկսվել։ Այդ խախտումները չեն վերաբերում կշռափաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենին, որոնց փոխարինման համար դեռ այլընտրանք չենք գտել, որ անվտանգ լինի սնունդ փաթեթավորելու համար։ Այդ ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են»,-ասում է Ղավալյանը։

Ղավալյանի խոսքով՝ տուգանք չի նախատեսվում  նաև աղբի համար նախատեսված տոպրակների վաճառքի դեպքում, քանի որ դրանք վերամշակված են։ Հայաստանում տարեկան սպառվում է 12 տոննա պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեծ մասը հայտնվում է բառի ամենաուղիղ իմաստով «բնության գրկում»։ Դրանց վաճառքն արգելելու հիմնավորումներում կառավարությունն առաջնային էր համարում հենց բնապահպանական գործոնը։  «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ–ի նախագահ Ինգա Զարաֆյանի դիտարկմամբ՝ մինչև նմանատիպ օրենքի ընդունումը պետք էր նախապատրաստել հասարակությանը, ընդ որում՝ ոչ միայն գովազդային արշավների միջոցով, այլև շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների մեջ ուղիղ ներգրավմամբ․

«Պետք էր ոչ թե այպիսի փոփոխություն մտցնել, այլ հստակ փոփոխությունների փաթեթ, մեխանիզմներ պլաստիկից ազատվելու։ Միայն գովազդը քիչ էր, Հայաստանում ջրային ռեսուրսները բառի ուղիղ իմաստով խեղդված են պոլիէթիլենային տոպրակների մեջ, հարկավոր էր կոնկրետ շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ իրականացնել և մարդկանց ներգրավել այդ աշխատանքներին, իրենք իրենց ձեռքով պիտի մաքրեին բնությունը ու նաև այդպիսով գիտակցեին, թե որքան վնաս է հասցնում մեկ տոպրակը»,-ասում է Զարաֆյանը։

Մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակներին փոխարեն  հասարակությանն առաջարկվում է օգտագործել կտորից պայուսակներ, թղթե տոպրակներ կամ բազմակի օգտագործման հաստ պոլիէթիլենային տոպրակներ։ Խնդիրը, սակայն, տոպրակների հաստացումով չի լուծվում, քանի որ անգամ բազմակի օգտագործումից հետո այդ տոպրակները, միևնույն է, հայտնվում են աղբավայրերում, քայքայվում, ինչի հետևանքով առաջացող արտանետումը վնաս է հասցնում շրջակա միջավայրին ու հանրային առողջությանը։ «Էկո աղբ» ՀԿ ծրագրերի համակարգող Մարինե Օհանջանյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է շարժվի միջազգային փորձի օրինակով, այսինքն՝ ավելի շատ ուշադրություն դարձնի պլաստիկի վերամշակմանը․

«Եվրոպական շատ երկրներում օրգանական հիմքով տոպրակներ են օգտագործվում, որոնք վերամշակման արդյունքում են ստանում։ Հայաստանը ունի վերամշակելու հնարավորություն, օրինակ՝ նախորդ տարվա ընթացքում մեր կազմակերպությունը 990 կգ տոպրակ են հավաքել և ուղարկել վերամշակման։ Կարծում եմ փափուկ ուժի՝ կրթության, իրազեկվածության բարձրացման արդյունքում մարդիկ կհասկանան, որ պոլիէթիլենից եթե ոչ հրաժարվել, ապա այն անպայման վերամշել է հարկավոր»,-նշում է Օհանջանյանը։

Հայաստանում արդեն արգելված է մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը։ Շեշտն առաջիկայում դրվելու է օրգանական հումքից մշակվող տոպրակների արտադրության վրա։ Մինչ այդ նախարարությունը վստահեցնում է, որ պլաստիկի օգտագործումը կրճատելու քաղաքականությունը շարունակվելու է նաև 2022-ին։ Կառույցի ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալի խոսքով՝ պոլիէթիլենային տոպրակներից հետո հաջորդ թիրախը մեկանգամյա օգտագործման պլաստիկ  սպասքն է։

Back to top button