Մոռացված ֆիլմերի ստվերները

«Պատահար»՝ 28 րոպե տևողությամբ. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Ավելի քան երեսուն փաստագրական և մեկ կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ Սարիբեկ Փոշոտյանի «Պատահարի» հիմքում վթարի ենթարկված վարորդների ապրումներն են։

Նրանք զայրանում են, վիճում, բայց հետո մտերմանում։ Հայ հանդիսատեսին անծանոթ այս ռեժիսորը 28 րոպե տևողությամբ էկրանավորմամբ պատմում է մարդու մասին, այն մասին, որ կյանքն ու ժամանակը ամենաթանկն են։ Բայց այսօր հայ հանդիսատեսին շատ բան չեն ասում ո’չ Փոշոտյանի անունը, ո’չ էլ այն արժեքները, որոնք նրա ստեղծած ժապավենների վրա են։

Կինոռեժիսոր, սցենարիստ Սարիբեկ Փոշոտյանը կինոյի աշխարհ եկավ այլ ասպարեզից։ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետն ավարտելուց մի քանի տարի անց նա սկսեց հետաքրքրվել ռեժիսուրայով։ Ընդունվեց Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի՝ ՎԳԻԿ-ի ռեժիսորական բաժին, ավարտեց, վերադարձավ Հայաստան և աշխատանքի անցավ հեռուստաֆիլմերի «Երևան» կինոստուդիայում։

Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին ու Սարիբեկ Փոշոտյանին միավորում էին ոչ միայն ամուր ընկերությունը, այլև ստեղծագործական հետաքրքիր գաղափարները։ Ծատուրյանը պատմում է, որ ռեժիսոր դառնալու երազանքին հասնելու համար Փոշոտյանը համառությամբ ու համբերատարությամբ հաղթահարեց շատ փորձություններ։ 

«Պատահար». այսպես է կոչվում Սարիբեկ Փոշոտյանի՝ խաղարկային ժանրում նկարահանած միակ կարճամետրաժ ֆիլմը, որն էկրան բարձրացավ 1984 թվականին։ Սարիբեկ Փոշոտյանը այս ֆիլմի և՛ սցենարիստն է, և՛ ռեժիսորը։ Օրերից մի օր նա այցելում է Նիկոլայ Ծատուրյանին և ներկայացնում սցենարի նախնական տարբերակը։

Սցենարական աշխատանքներն ավարտելուց և այն հաստատելուց հետո, «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի սենյակներից մեկում Սարիբեկ Փոշոտյանը «Պատահար» ֆիլմի գլխավոր հերոսների հաստատման աշխատանքներն էր կատարում։

Երկար քննարկումներից հետո նրա ընտրությունը կանգ է առնում օպերային երգիչ, դերասան Հենրիկ Ալավերդյանի և Սունդուկյանի անվան թատրոնի երիտասարդ դերասան Հարություն Մովսիսյանի թեկնածությունների վրա: Սիրված դերասանը այսօրվա պես հիշում է տարիներ առաջ իր տանը հնչած այն հեռախոսազանգը, որի  ընթացքում Սարիբեկ Փոշոտյանի ասիստենտն իրեն տեղեկացրեց, որ նկարահանվելիք ֆիլմում նա պիտի մարմնավորի գլխավոր հերոսներից մեկին:

Հարություն Մովսիսյան

Ֆիլմի հիմքում վթարի ենթարկված վարորդների ապրումներն են։ Արտառոց վիճակում հայտնված հերոսները սկզբում զայրանում, վիճում, իսկ հետո մտերմանում են։ Խորհրդային տարիներին բազմաթիվ վթարների և այդ վթարներին նախորդած ծեծկռտուքների ականատես Սարիբեկ Փոշոտյանը այս ֆիլմը նկարահանելիս մեկ նպատակ էր դրել իր առջև. մարդկանց ցույց տալ, որ վթարից հետո կարելի է առանց վեճի հարթել պատահարը:

Նկարահանումները կատարվում էին Գառնի գյուղի մոտ՝ « Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» կոչվող բնական հուշարձանի տարածքում։ 1983 թվականի ամռանը ստեղծագործական խումբը գրեթե մեկ ամիս զբաղված էր ֆիլմի նկարահանման աշխատանքներով։ Կինոյում իր առաջին մեծ դերը, իր խաղընկերոջը՝ Հենրիկ Ալավերդյանին, Հարություն Մովսիսյանը մեծ ոգևորությամբ է հիշում ու պատմում։ 

«Պատահար» ֆիլմի ոստիկանի դերը Սարիբեկ Փոշոտյանը Նիկոլայ Ծատուրյանի համար էր նախատեսել։ Երբ նա այդ մասին ասաց Սունդուկյանի թատրոնի փորձառու ռեժիսորին, վերջինս սկզբում զարմացավ, իսկ հետո հրաժարվեց առաջարկից, բայց Փոշոտյանը դիմեց խորամանկ քայլի։

Նիկոլայ Ծատուրյան

Նկարահանման հրապարակում ոչ թե ռեժիսորի, այլ դերասանի կարգավիճակում հայտնված Նիկոլայ Ծատուրյանի առաջին դերասանական փորձը քիչ էր մնում փորձանք դառնար Ծատուրյանի, նկարահանման հրապարակում հայտնված ոստիկանների և նկարահանող խմբի անդամների համար։

Նկարահանման աշխատանքներն ավարտելուց հետո Կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ «Պատահար» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմն ընդունվեց մեծ որգևորությամբ, ցուցադրվեց հեռուստատեսությամբ, բայց որոշ ժամանակ անց մի կողմ դրվեց: Այդ իրադարձություններից տարիներ անց Հարություն Մովսիսյանը մի բանի համար է ափսոսում միայն

Երևանի՝ երթևեկությամբ ծանրաբեռնված փողոցներում մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում տրանսպորտային պատահարների, վթարների, ինչը խցանումների պատճառ է դառնում։ Դրանք մարդկանցից խլում են ամենաթանկը՝ ժամանակը և իհարկե լարվածություն առաջացնում։

Այդպիսի պահերին մարդիկ տարբեր կերպ են դրսևորում իրենց։ Նման մի իրավիճակում հայտնված մարդկանց ապրումները ներկայացնող 28 րոպե տևողությամբ «Պատահար» կարճամատրաժը կարևոր ուղերձ ունի մարդկանց՝ ամենամեծ արժեքը մարդն է, որ ցանկացած պարագայում չպետք է աղավաղի մարդկային դիմագիծը, խախտի բարեկրթության չափանիշները։ Արժե այդ ֆիլմը ներկայացնել մարդկանց և տեղ հասցնել այդ կարևոր ասելիքը։

Back to top button