Սփյուռքի ձայնը

Որքանո՞վ է արդյունավետ երիտասարդ դեսպանների գործունեությունը․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստանում նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած «Երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակներում կայացած հանդիպումներից, փորձի փոխանակումից և բարձրացրած հարցերից հետո Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կազմակերպած այս ծրագրի մասնակիցները պետք է սկսեին աշխատանքը իրենց համայնքներում։

Որքանո՞վ են երիտասարդների համայնքային աշխատանքներն արդյունավետ եղել։ Անդրադարձ Ուկրաինայի և Շվեդիայի Սփյուռքի երիտասարդ դեսպանների գործունեությանը.

Լիլիթ Բեգլարյանը Ուկրաինայից նշում է. «Ինձ հուզում էր մի քանի հարց․ նախ, թե ինչո՞ւ Հայաստանի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողքին չունենք Սփյուռքից ներկայացուցիչ։ Ինչո՞ւ Սփյուռքում ապրող ՀՀ քաղաքացին չի կարող ընտրություններին մանսակցել։ Օրինակ՝ ես, 25 տարի ապրում եմ Ուկրաինայում, ունեի բոլոր հնարավորությունները Ուկրաինայի քաղաքացի դառնալու, սակայն հրաժարվել եմ դրանից՝ Հայաստանի քաղաքացի մնալու համար։ Կարծում եմ, որ ինձ նման կարգավիճակ ունեցողները այնքան էլ շատ չեն և մեզ պետք է հնարավորություն տրվի մասնակցել ՀՀ քաղաքական կյանքին, ինչպես դա անում է Ուկրաինան»,- ասում՝ Լիլիթը։

2008 թ․-ից Շվեդիայում բնակվող Ինեսա Ռուբինյանը մինչ այս ծրագրին մասնակցելը ամիսներ շարունակ իր համար նախանշել է բոլոր այն հարցերը, որոնք կարող էին հուզել սփյուռքահայությանը։ Առաջնայինը՝ հանդիպումներն էին այլ երկրներում ապրող հայերի հետ։ «Նախորդ տարվա փետրվարից արդեն սկսել էի ինձ համար նշումներ անել Հայաստան-Սփյուռք գործակցության ուղղությամբ։ Այն ժամանակ դեռևս չկար այս ծրագիրը։ Երբ ծրագիրը գործարկվեց, հասկացա, որ պետք է մասնակցել, քանի որ Շվեդիայում համայնքային աշխատանքները շատ ակտիվ չեն»,- ավելացնում է։

Ինեսա Ռուբինյան

Երիտասարդ դեսպանները նշում են, որ Հայաստանում իրենց մասնակցության ժամանակ ակնկալում էին տարակարծությունների պակաս, ինչը սակայն հերքվեց՝ կառավարությանը կողմ և դեմ մասնակիցների ընտրությամբ։ Արդյո՞ք տարակարծությունն ընդունելի էր ընդունող կողմի՝ այսինքն Հայաստանի համար, Ինեսան ասում է․

«Այո, ի զարմանս ինձ։ Պետք է նշեմ, որ մեր ակտիվության և դիրքորոշումների մասին գիտեին։ Բայց այնուամենայնիվ մեզ ընտրել էին՝ հաշվի չառնելով մեր մտածողությունն ու ունեցած կարծիքները։ Կարծում եմ, որ դա արվել էր՝ Սփյուռքի մասին ավելի լավ պատկերացում ունենալու համար»,- ավելացնում է Ինեսան։
Տարակարծությունը անսպասելի հարցեր կարող էր առաջ քաշել, ինչպես նշում է Լիլիթը Ուկրաինայից, ինքն էլ նման մի շարք հարցեր է ունեցել, որոնց պատասխանները փորձել է ստանալ։ Առաջինը՝ ՀՀ խորհրդարնում սփյուռքի ներկայացուցիչ ունենալն է։ «Հարցը մի քանի անգամ եմ հնչեցրել, պատասխանը՝ լիարժեք չէր։ Ասվում էր, որ դրա մասին կխոսեն Սփյուռքի մասին նոր օրենքի ընդունման ժամանակ»։

Ինեսա Ռուբինյանին հետաքրքրել է հատկապես Սփյուռքի գաղափարի ստեղծման հարցը։ Ի՞նչ է իրենից ներկայացնում դա, Սփյուռքի երիտասարդ դեսպանն ասում է․ «Դա սփյուռքից ակնկալվող գործողություններն են․ ժամանակն է մարդկային ներուժի արդյունավետ օգտագործման։ Պետք է հավելեմ, որ հարցի լիարժեք պատասխան Հայաստանում չգտանք։ Փորձում ենք Սփյուռքում դա անել»։

Սփյուռքի երիտասարդ դեսպանների հետ զրույցները շարունակական են լինելու, երիտասարդների կարծիքներն ու գործունեության շրջանակի մասին կծանոթացնենք առաջիկա հաղորդումների ընթացքում։

Back to top button