Գերդաստաններ

Հայաստանի առաջին կին օդաչուն և Կանադայի կառավարությունում նրա առաջնակարգ տնտեսագետ թոռնիկը․ «Գերդաստաններ»

1935 թվականի սեպտեմբերի 27-ին երկրագնդի վրա տեղի ունեցած իրադարձությունների մասին էին գրել Մաքսիմ Գորկին և Միխայիլ Կոլցովն «Աշխարհի մեկ օրը» գրքում։ Այնտեղ կար նաև Հայաստանի առաջին կին օդաչուի անունը։ Նինել Ղարաջյանը կատարել է 14 պարաշյուտային և օդանավային 25 ինքնուրույն թռիչք։

Իր «Օդաչուի հուշերը» գրքում նա սիրով է խոսում ծննդավայրի՝ Ստեփանավանի Հոբարձի գյուղի մասին։ Դա մի գյուղ է, որտեղ գրագետ մարդիկ քիչ էին, այնտեղ մարդիկ բնակվում էին մութ խրճիթներում ու հացի կարոտ էին, բայց այս ամենով հանդերձ այս գյուղը կրթում էր իր երեխաներին, նրանք փայլուն ռազմահայրենասիրական դաստիարակություն էին ստանում և խիզախ էին մեծանում։ Նինելն էլ իր խիզախությամբ առաջին հերթին պարտական է հայրենի գյուղին ու իրեն դասավանդած ուսուցիչներին։

28 տարեկանում կորցնելով ամուսնուն Նինելը միայնակ մեծացնում է երեք որդիներին։ Մանկավարժական ինստիտուտից չի հեռանում, որ որդիների մոտ լինի, իսկ իրենք բնակվում էին ինստիտուտի վերևի հարկում գտնվող հանրակացարանում։

Նինել Ղարաջյանի որդին՝ Վալերի Պողոսյանը, 1991-92 թվականներին եղել է ՀՀ ներքին գործերի նախարար, հետո Ազգային անվտանգության պետական վարչության պետ, իսկ 1996-2014 թվականներին՝ Սահմանադրական դատարանի դատավոր։

Նինելի խիզախությունը փոխանցվել է նաև թոռնիկներին։ Նրանցից Տաթևիկը սովորել է Եվրոպայում, հետո ուսումը շարունակել Ճապոնիայում, մասնագիտությամբ տնտեսագետ է։ Այսօր ապրում է Կանադայում, աշխատում է կառավարությունում:

Այն, որ կինն իր դերը պետք է ունենա հասարակության մեջ ու լինի անհատականություն, Տաթևիկը սովորել է տատիկից։ Թոռնիկները պատմում են, որ տատիկի և պապիկի միջև մեծ սեր է եղել, նրանք նաև համախոհներ են եղել։

«Կարծում եմ, որ ես իմ կյանքի ճանապարհը մարդավարի եմ անցել, ու իմ ոտնահետքերն ինչ-որ չափով կպահպանվեն ու չեն մամռոտվի»,- կյանքի վերջին տարիներին մտորում էր Հայաստանի առաջին կին օդաչուն։

Back to top button