ԿարևորՏնտեսական

«Հրազդան» ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը չի կոնսերվացնի, գազի գինն էլ կմնա անփոփոխ․ լուծումը գտնվել է

Հայաստանի կառավարությունը «Գազպրոմ Արմենիային» տարեկան 31,8 մլն դոլար կվճարի Հրազդանի 5-րդ էներգաբլոկը վերագործարկելու համար։ Սա հնարավորություն կտա տասը տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 165 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը փետրվարից դադարեցրել է աշխատանքը։ Կայանը շուրջ 100 մլն դոլարի պարտք էր կուտակել։ Մինչդեռ 2013թ–ին, երբ էներգաբլոկը միջպետական պայմանագրով հանձնվեց «Գազպրոմին», ընկերությունը ներդրումների դիմաց 9 տոկոս եկամտաբերություն էր ակնկալում։ Ինչո՞ւ իրավիճակն այլ սցենարով զարգացավ և որն է դրանից դուրս գալու կառավարության առաջարկը։

Դեռ փետրվարից աշխատանքը դադարեցրած «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկին առնչվող իրավիճակը կարծես հանգուցալուծվում է։ Ամիսներ շարունակ քննարկված հարցի լուծումը կտրվի արձանագրությամբ։ Կառավարության նիստում հավանության արժանացած չզեկուցվող նախագծերից մեկով նախատեսվում է տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլար գումար վճարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ արձանագրությամբ սահմանված պայմանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի  վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի տասը տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը  165 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար։

Ինչո՞ւ փակվեց Հրազդան ՋԷԿ–ի հինգերորդ բլոկը, որքանո՞վ էին անիրատեսական դրա հետ կապվող հույսերն ու ներդրումային ծրագրերը և ինչո՞ւ հսկայական պարտքեր կուտակվեցին։ «Ռադիոլուր»-ի հարցերին ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից արձագանքել էին՝ «Հրազդան-5» կայանը, գործարկումից ի վեր, աշխատել է ոչ կանոնավոր, իր հզորությունների մոտ 30%-ի չափով, ինչը հանգեցրել է գործունեության վնասաբերության և որպես հետեւանք՝ շուրջ 100 մլն դոլար պարտքի գոյացմանը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Հրազդան-5» հիմնարկի կողմից շահագործվող «Հրազդան-5» կայանի արդիականացման նախագծով, որպես գործունեության հիմնական ուղղություն, դիտարկվում էր կայանից առաքված էլեկտրաէներգիայի արտահանումը՝ հաշվի առնելով կայանի մեծ հզորությունը (467 ՄՎտ) և ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի փոքր պահանջարկը:  Արտահանումը նախատեսվում էր կազմակերպել Իրան-Հայաստան կառուցվող բարձր լարման օդային գծով, որի շինարարությունն ավարտված չէ: Իսկ քանի դեռ գիծը չի կառուցվել, «Հրազդան-5» կայանը, գործարկումից ի վեր, աշխատել է ոչ կանոնավոր»։

Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես պայմանավորված  է եղել առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների խախտմամբ։ Իսկ էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելը  ոչ միայն Գազպրոմի ներդրումները հետ չի բերել, այլև ավելացրել է վարկային պարտավորությունները ։  Արձանագրությամբ կարգավորումներ են նախատեսվում «Երևանի ՋԷԿ»-ի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունները մարելու ուղղությամբ։

Ընկերությունում կարծում են, որ խնդիրներ չէին առաջան, եթե Իրան–Հայաստան բարձրավոլտ կառուցումը իրականություն դառնար։   Մինչդեռ , ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը տնտեսական  խնդրի հիմքում մի քանի հիմնական պատճառ է տեսնում։ Զրուցակիցս համաձայն չէ կարծիքին, թե ՋԷԿ–ի հինգերորդ բլոկի աշխատանքի դադարեցման հիմնական պատճառն օդային գծի կառուցման հետաձգումն է։ 2006 թվականից սկսված շինարարությունն ակտիվ փուլ է մտել միայն 2018-ի գարնանը։ Փոխնախարարն արձանագրում է՝ իհարկե, սա խնդիր է, սակայն ոչ միակը։

«Պատճառներից է նաեւ այն, որ գործող գծերի պայմաններում արտահանման  շուկաներ չեն եղել։ Եթե օգտագործվեին գործող վրացական 3 գծերը, իրանական կողմի հետ էլ շահավետ  պայմանագրեր լինեին, հինգերորդ բլոկը կաշխատեր ոչ թե 30 տոկոս ծանրաբեռնվածությամբ, այլ՝ 70–80 տոկոս։ Իհարկե, ամբողջությամբ չէր կարող աշխատել, եթե երրորդ էլեկտրահաղորդման գիծը չկա»։

Հրազդանի 5-րդ էներգաբլոկի դադարին ամռանը միացավ նաև ՀԱԷԿ–ի աշխատանքի ընդհատումը, նաև՝ Արցախից Հայաստան առաքվող հոսանքի ծավալների կրճատումը։ Արդյունքում՝ նախորդ ամիսներին էլեկտրաէներգիայի հիմնական մասը ձեռք  բերվեց ՋԷԿ–երից՝ ավելի թանկ գնով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է էներգետիկ համակարգում առկա  իրավիճակն ու եկել եզրակացության, որ գործող սակագները պահպանելու դեպքում  2022–ին համակարգի ֆինանսական ճեղքվածքը կկազմի  մոտ  24 մլրդ դրամ ։  Ուստի առաջարկվում է էլեկտրաէներգիայի սակագինը աբրձևացնել մոտ 4․7 դրամով։

Հանձնաժողովում, սակայն, սակագների տարբերակված մոտեցում են առաջարկում։ Օրինակ՝ սոցիալապես անապահովների կամ բնակիչ-բաժանորդների 11%-ի համար առաջարկվում է  սակագինը թողնել անփոփոխ։ Շուրջ մեկ ամիս առաջ էլ պաշտոնապես գործարկվեց Երևանի նոր ՋԷԿ–ը։ Ներդրող եւ  էլեկտրակայանը կառուցած իտալական «Ռենկո» ընկերության նախագահ Ջովանի Գասպարինին վստահեցրել է՝ գերժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալու ստանալ նմանատիպ կայանների կողմից արտադրվող ամենաէժան էլեկտրաէներգիան։ Նախնական հաշվարկով՝ արտադրվող 1 կվտ-ի դիմաց 29 դրամ սակագինը հաշվարկվել է երկու բաղադրիչով։

«Մի բաղադրիչը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ փոփոխվի գազի գինը. բարձրանալու դեպքում ինքնարժեքը կբարձրանա, իջնելու դեպքում կիջնի, իսկ երկրորդ բաղադրիչը՝ հաշվարկված ըստ աշխատանքային ծախսի, 25 տարի մնալու է հաստատուն»։

Էլեկտրաէներգիայի սպառման պահանջարկը Հայաստանում  ավելացել էր ամռանը՝ պայմանավորված շոգ եղանակով։ Բացը  լրացվել էր՝  Վրաստանից շուրջ  270 մլն կվտ ժամ հոսանք ներմուծելով։  Հոսանքի սպառման ծավալները կտրուկ ավելացան նաև հոկտեմբերի վերջին, երբ եղանակը կտրուկ ցրտեց։ Օրական սպառվում էր  19,5  մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախկին 17-ի փոխարեն։ 

Back to top button