Էկոսֆերա

Հայաստանում թույլ տա՞լ նոր ՓՀԷԿ-երի շահագործումը, թե՞ ոչ․ «Էկոսֆերա»

Ձորագետի վրա ևս երկու ՓՀԷկ կառուցելու նախագիծ կա։ Դրանցից մեկի շուրջ քննարկումները թեժ են եղել, համայնքը մերժել է առաջարկը։ Ոլորտի անկախ փորձագետներն էլ ասում են, որ Հայաստանը պետք է զարգացնի սեփական էներգիայի աղբյուրների հնարավորությունները։ Որո՞նք են ոլորտում առկա խնդիրները և ինչո՞ւ գործող օրենքը չի կարգավորում դրանք։

Ձորագետը Դեբեդի խոշոր վտակներից է՝ 67 կիլոմետր երկարությամբ։ Գետի վրա շահագործվում է երեք ՓՀԷԿ, սակայն ևս երկուսի համար էլ թույլտվություն ստանալու դիմում է ներկայացվել։ Դրանցից մեկի՝ «Լոռիբերդ» ՓՀԷԿ-ի նախագիծը, որը ցանկանում է իրականացնել «Լոռվա ամրոց» ՍՊԸ- ն օրերս ներկայացվել է հանրային լսման։ Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան գյուղում հանրային լսումներն անցել են լարված մթնոլորտում, քանի որ դրան ներկա բնապահպաններն իրենց հարցադրումներով հակադարձել են նախագիծը ներկայացնող ընկերության ներկայացուցիչներին։ Բնակիչների շրջանում ևս ՀԷԿ-ի կառուցման մասով չհստակեցված հարցերը շատ են։

Հանրային լսումներից հետո Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան բնակավայրի բնակիչների ստորագրահավաքի հիման վրա Գյուլագարակի համայնքապետարանը բացասական կարծիք է ներկայացրել նոր ՓՀԷԿ-ի կառուցման համար։

Լոռու մարզում գործում է շուրջ 3 տասնյակ ՀԷԿ։ Բնապահպանները նշում են՝ ՀԷԿ-երի գործունեության հետևանքով պակասում են ջրային ռեսուրսները, փոփոխվում է էկոհամակարգը, ափամերձ տարածքների բուսական և կենդանական աշխարհը, ջրի պակասի պատճառով պակասում են կանաչ տարածքները։ Բացի այդ, հատկապես երաշտի ժամանակ բնակիչները չեն կարողանում ոռոգել գյուղատնտեսական հողերը, տուժում է գյուղատնտեսությունը։

Եվս մեկ նոր ՓՀԷԿ-ի շահագործումը կսրի եղած խնդիրները։ Ձորագետի վրա նախատեսված նոր ՓՀԷԿ-երի նախագծերի և շահագործման դեպքում հնարավոր ռիսկերի մասով «Էկոսֆերան» զրուցեց էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանի հետ։

Մասնագետը նախ նշեց, որ ծանոթացել է երկու նոր ՓՀԷԿ-երի նախագծերին, դրանց հետ կապված խնդիրներ չի տեսնում։ Թեև Արզումանյանը ևս պնդում է՝ հիդրոէներգետիկայի ոլորտում առկա խնդիրները եթե չլուծվեն, ապա իսկապես բնությունը կշարունակի տուժել, մինչդեռ վերահսկողության դեպքում հնարավոր է ապահովել ՀԷԿ-ի գրագետ շահագործումը։

«Հիդրոէլեկտրակայանների մասով օրենսդրությունն «անգրագետ» է արված, որի հետևանքով գործող ՀԷԿ-երը ունեն հնարավորություն գետից ավելի շատ ջուր վերցնել, քան իրենց տրված է ջրի թույլտվության պայմաններում։ Այսինքն՝ հաշվի չեն առնվում, որ այն հատվածից, որտեղից ջուրը վերցնում են և տանում են ՓՀԷԿ, պետք է անպայման ծախսաչափ տեղադրվի»։

Պարզ ասած, եթե ջրի քանակը չափող ծախսաչափը և համապատասխան վերահսկողությունը լինի, ապա սեփականատերերը խախտումներ թույլ չեն տա, հետևաբար շրջակա միջավայրին հասցվող վնասներն անհամեմատ քիչ կլինեն։ Մասնագետը նշում է, որ անհրաժեշտ է էներգետիկ համակարգում ստեղծել հսկող օրգան, որը կվերահսկի էլեկտրակայանների արտադրած էներգիայի քանակն ու ըստ այդմ պարզ կլինի, թե խախտումներ եղել են, թե՝ ոչ։

Back to top button