Սփյուռքի ձայնը

Բարեհամբույր և արժևորող. ի՞նչն է պակասում հայրենիքում` ըստ ամերիկաբնակ երաժշտի․ «Սփյուռքի ձայնը»

Ստեղծագործական կյանքը պետք է շարունակել հայրենիքում, ասում է ամերիկաբնակ երաժիշտ Զարեհ Թևանը:

Ամերիկաբնակ երաժիշտ Զարեհ Թևանը Հայաստանում նոր երգ ներկայացրեց երգչուհի Եվա Եգանյանի հետ: Երգի հեղինակը օպերային երգիչ Ռուբեն Թելունցն է։ Երաժիշտը վստահ է, որ ստեղծագործական կյանքը պետք է շարունակել հայրենիքում, ինչը լավ հնարավորություն է նոր սերնդին հայրենադարձվելու համար։ «Ուզում եմ Հայաստանում մշակութային կենտրոն բացել, որը լավ առիթ է երեխաներիս համար՝ Հայաստան հաճախ գալու համար»,- ասում է:

Զարեհ Թևանը ծնվել է Հայաստանում, մինչև տեղափոխվելն ապրել է Աբովյան քաղաքում, արդեն երեք տասնամյակ է ապրում է ԱՄՆ-ում: «Ամերիկան նոր մշակույթ ու բարքեր սովորեցրեց մեզ: Շատ բաներ, որ պակասում էին մեր երկրում. միմյանց հետ բարեհամբույր լինել, մարդուն արժևորել և այլն»:

Թևանն ասում է, որ իր երգերի հիմնական մասը ծնվել են ԱՄՆ տեղափոխվելուց հետո: Սեր, կարոտ, ընկերներ, մանկություն. սրանք են թեմաները։

Զարեհ Թևանի մոտ 140 երգերը կատարել են հայտնի երգիչներ Հայաստանում և Սփյուռքում: «Մտածել եմ ամերիկյան շուկա դուրս գալու մասին, սակայն սկզբում դա անհասանելի էր, հետո էլ՝ ժամանակի և խոսքերի թարգմանության խնդիր առաջ եկան: Հիմա շատ ընկերներ ունեմ այդ ասպարեզում, կարող եմ իրենց օգնությանը դիմել: Ի դեպ, այսօր բոլոր ասպարեզներում են մեր հայրենակիցները. կինոարտադրություն, երգարվեստ և այլն»,- ասում է երաժիշտը:

Թևանն իր աղջկա օրինակով է համոզվել, թե որքան հայրենասեր է երիտասարդ սերունդը, որ կարող է միավորվել պահի գիտակցումով: «Անգամ նրանք, որոնք հայերեն չէին խոսում, հայկական շրջանակից դուրս էին, պատերազմի օրերին միավորվեցին, սկսեցին ավելի շատ խոսել հայերեն և նշել, որ իրենց ընտրյալները պետք է հայեր լինեն»,- ավելացնում է: Զարեհ Թևանի և Եվա Եգանյանի «Առանց սիրո» երգն արդեն համացանցում է։

Back to top button