Մտքի ուժը

Հարավային Կովկասում եզակի լաբորատորիա-թանգարանը՝ Հայաստանում․ ի՞նչ են տեսնելու այցելուները․ «Մտքի ուժը»

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի առաջին հարկի մի հատվածը շինհրապարակ է հիշեցնում։

Կարճ ժամանակ անց Հարավային Կովկասում իր տեսակի մեջ եզակի լաբորատորիա-թանգարանն այցելուներին ոչ միայն Հայաստանի հողային առանձնահատկությունների մասին կպատմի, այլ նաև այցելուներն իրենք տեղում հողերի որակի ցուցանիշների ուսումնասիրություններ անելու հնարավորություն կունենան։

Նախորդ դարի 30-ականներին ստեղծված կենտրոնում հողերի որակական ցուցանիշների գնահատման հետազոտություններ էին կատարում, քարտեզներ պատրաստում։ Առաջին տնօրենը Հրանտ Պետրոսյանն էր, ում անունով էլ այժմ կոչվում է գիտական կենտրոնը։

Այժմ այն ունի գիտահետազոտական երկու հենակետ։ Մեկը Արմավիրի մարզում է՝ Երասխահուն համայնքում․ փորձամելիորատիվ կայանում հետազոտական աշխատանքներ են կատարվում մելիորացված աղուտ-ալկալի հողերում տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման ուղղությամբ։

Մյուս հետազոտական հենակետը Լոռու մարզում է՝ Սպիտակում, որտեղ ուսումնասիրությունների առարկան հողերի էրոզիան է, դրա առաջացման պատճառները պարզելն ու դրա դեմ պայքարի միջոցառումների մշակումը։ Ահա այն բազաները, որոնք գիտական կենտրոնը ժառանգել է և կարողացել է պահել ու զարգացնել։

Ի տարբերություն աշխարհի շատ այլ երկրների, Հայաստանում հողերը ուղղահայաց գոտիականություն ունեն՝ ասում է մասնագետն ու բացատրում՝ եթե այլ երկրներում միևնույն հողատիպը շատ մեծ տարածքում չի փոխվում, մնում է նույնը, ապա Հայաստանում այդպես չէ․ փոքր տարածքում կարելի է հանդիպել գրեթե բոլոր հողատիպերը։ Մեր երկրում շատ արագ փոխվում են նաև կլիմայական գոտիները։

Տարեցտարի Հայաստանում հողագետ-մասնագետների հետ աշխատելու մշակույթն ավելի ու ավելի խորը արմատներ է դնում։ Այս գիտական կենտրոնում փաստում են՝ հատկապես խոշոր հողատարածքներ ձեռք բերելիս սեփականատերերը նախ և առաջ հողերի որակի գնահատում են կատարում։

Կենտրոնի գիտաշխատող, գիտական խմբի անդամ Տաթևիկ Ջհանգիրյանն արձանագրում է՝ վերջին շրջանում հատկապես շատ են այցելուները։ նրանք կենտրոն են գալիս սեփական հողերից վերցված նմուշներով։ Շատ հաճախ, սակայն, կենտրոնի աշխատակիցները տեղում են նմուշառում անում՝ տրամադրելով նաև մասնագիտական խորհրդատվություն: Հայաստանում հողերի վիճակը, մասնագետների բնութագրմամբ, հուսադրող չէ։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի հողագիտության, ագրոքիմայի, հողերի աշխարհագրության բաժնի վարիչ Ալբերտ Մարկոսյանն է արձանագրում։

Ոռոգման ջրի բացակայություն, մաշված գյուղտեխնիկա, ցածր գնողունակությամբ հողատեր․ մասնագետները ոլորտում ստեղծված իրավիճակի բնութագրման բազմաթիվ պատճառներ կարող են մատնանշել։

Ու չնայած բազմաթիվ խնդիրներին՝ այս կենտրոնում զարգացնում են գիտություն-տնտեսություն կապը՝ ամուր կանգնելով գյուղի և գյուղացու կողքին, փորձելով գիտության նվաճումները օր առաջ ներդնել գյուղատնտեսության ոլորտում` դրանք հասու դարձնելով յուրաքանչյուր ֆերմերի։

Back to top button