Ժամանակի վկան

Տիեզերքի գաղտնիքներն ուսումնասիրող կին ֆիզիկոսը․ Մարի-Հրաչուհի Պողոսյան․ «Ժամանակի վկան»

Մասնագիտությամբ ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական համալսարանի դոկտոր, ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) աշխատակից, գործարար, «Նորարարության խթանման և հետազոտության կենտրոն»-ի հիմնադիր, 2015 թվականից ԵՊՀ-ի, ՀԱՊՀ-ի և ՀԱՀ-ի դասախոս Մարի-Հրաչուհի Պողոսյանն է հաղորդման հյուրը։

Ոչինչ հեշտ չի տրվում գիտությամբ զբաղվողին։ Միայն քեզ են հայտի այն փորձությունները, որոնք ստիպված ես եղել հաղթահարել։ Գիտության որևէ ոլորտում, ֆիզիկան նույնպես բացառություն չէ, հաջողության գրավականը միջազգային մակարդակի կրթություն ստանալն է։ Աշխատասիրության, հաստատակամության ու համարձակության շնորհիվ Մարի-Հրաչուհի Պողոսյանին հաջողվել է անցնել ֆիզիկայի բնագավառում կրթության բոլոր աստիճաններով։

Ծագումը մարդու ձևավորման և հետագա կյանքի հիմքն է։ Արմատները, ինքնությունը, ազգային նկարագիրը անհատի բնութագրիչներն են։ 1915 թվականի հայոց ցեղասպանության ենթարկված ընտանիքի զավակ լինելը որոշել է ամբողջ ընտանիքի հետագա ճակատագիրը։ Սովորաբար ընդունված է հայկական ավանդական ընտանիքը համարել պահպանողական, տարբեր բարդույթներով կաշկանդված, սակայն այն փորձը, որը ձեռք է բերել ֆիզիկան մասնագիտություն ընտրած կինը, բացահայտում է հայկականի և մնացած աշխարհի մասին այլ պատկեր։ Նկատենք, որ մենք խոսում ենք, ոչ թե դարեր առաջ եղած հարաբերությունների, այլ, ընդամենը,  20-րդ դարի վերջին քառորդի իրողությունների մասին։  

Գաղտնիք չէ, որ սեռով պայմանավորված կանայք միշտ դժվարություններ են ունեցել կյանքի տարբեր ոլորտներում։ Կանանց իրավահավասարություն, մարդու հիմնարար իրավունքներ, սեռով պայմանավորված խտրականության բացառում, ժողովրդավարական այլ արժեքներ դավանողի համբավ ունեցող երկրներում պարզվում է ամեն ինչ այնքան էլ այդպես չէ։

Բազմաթիվ են Մարի-Հրաչուհի Պողոսյանի գիտական հետազոտությունները։ Բավական է միայն ասել, որ դրանք հանգել են արդեն տիեզերական արբանյակների պատրաստմանը։ Մարի-Հրաչուհի Պողոսյանն առաջին անգամ մշակել է տիեզերական սարքերի գնագոյացման մեթոդիկա, որը գիտական նորույթ է։

Նաև անդրադարձ՝ համաշխարհային գիտության մեջ հայկական գործոնի նկատմամբ խտրականության դրսևորումներին։

Back to top button