Սփյուռքի ձայնը

«Համեմունքով հայ». հայերենի բարբառները` մեկ ֆիլմում․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքահայերից շատերը Հայաստան տեղափոխվելուց հետո փոխում են իրենց լեզուն։ Խոսքը՝ արևմտահայերենի մասին է, որի կիրառումը պակասում է,- ասում է երիտասարդ սիրիահայը, «Ինչ կըսեմ, ինչ կըսես» հաղորդաշարի հեղինակ Սևան Քելեշյանը։ Շատ եմ հանդիպում սփյուռքահայերի, որոնք ուզում են խոսել արևելահայերեն, սակայն ստացվում է «արևմտաելահայերեն», ժպիտով ասում է Սևանը։

Սևան Քելեշյանը 9 տարի առաջ է Հայաստան տեղափոխվել։ «Ինչ կըսեմ, ինչ կըսես» հաղորդաշարի հեղինակը, որի նպատակը արևմտահայերենի տարածումն ու միմյանց հասկանալն է, նշում է, որ դեռևս ԵՊՀ-ում սովորելու տարիներին շրջապատում իրեն դժվարությամբ էին հասկանում։ «Կիրառում էի բառեր, որոնց բացատրությունը շատերը չգիտեին։ Այդ պատճառով էլ կամ չէի շփվում նրանց հետ, կամ փնտրում էի բառը՝ իրենց հասկանալի դարձնելու համար։ Իրավիճակը բարդացնում էր հարաբերությունները», հիշում է Սևան Քելեշյանը։

Սևանը հիմա նաև աշխատում է «համեմունքով հայ» ֆիլմի վրա, որտեղ ներկայացվում են Հայաստանի տարբեր բարբառները, սփյուռքահայության լեզվամտածողությունն ու նմանությունը, տարբերությունները։ «Ֆիլմում ներկայացվում են թե արևմտահայերենը, թե Հայաստանի տարբեր մարզերի բարբառներն ու դրանց կրողներին։ Ֆիլմը պատրաստ է և մասնակցելու է կինոփառատոների, որից հետո կներկայացվի նաև հայ հանդիսատեսին։

Back to top button