Մտքի ուժը

Աշխատել օպտիկայի մակերևույթի հետ՝ առանց ձեռք տալու․ գործնական գիտության գաղտնիքները․ «Մտքի ուժը»

Ի՞նչ եք կարծում, հնարավոր է մթության մեջ տեսնել ճիշտ այնպես, ինչպես լուսավոր ժամանակ։ Առաջիկայում գուցե ստեղծվեն նմանատիպ ակնոցներ, սա համաշխարհային գիտական մտքի հերթական հաղթանակն է, որի մասին պատմում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Լևոն Մուրադյանի անվան գերարագ օպտիկայի լաբորատորիայի վարիչ Աղավնի Կուտուզյանը։

Նա ասում է, որ կարելի է ստեղծել լազերային իմպուլսներով նստեցված նանոթաղանթներ։ Դրանք բարակ են, ճկուն, մեզ համար համարյա անտեսանելի, դրանք կարելի է տեղադրել ակնոցի վրա՝ անտեսանելի լույսը փոխարինելով տեսանելի տիրույթով։ Սա նշանակում է, որ կարող ենք ունենալ ակնոց, որով մարդը կարող է մթության մեջ տեսնել։ Սա՝ ամերիկյան գիտնականների առաջարկն է, հայ գիտնականներն էլ լազերային ֆիզիկայի ոլորտում բարձրակարգ հետազոտություններ անելու հնարավորություն ունեն։

Ֆենտովայրկյանային լազերային համակարգը տեսնելու համար կան պարտադիր պայմաններ՝ ներս մտնել առանց ժամացույցի, լինել շատ ուշադիր՝ անդրադարձումներից աչքը, ու ոչ միայն, պաշտպանելու համար։ Այստեղ դուռը միշտ փակ է՝ բացվում է խիստ անհրաժեշտության դեպքում, մուտքը՝ պարտադիր արտաքին հագուստով։ Մինաս Սուքիասյանը լաբորատորիայի գիտաշխատողներից է․ «Լաբորատորիայի հիմնական խնդիրներից է գերկարճ իմպուլսների տևողության գրանցման մեթոդների ուսումնասիրությունը, նոր մեթոդների թարմացումը»։

Երիտասարդ գիտաշխատողն ասում է, որ իր համար առավել հետաքրքիր է գործնական գիտությունը, հատկապես, երբ արդյունքն ակնհայտ է։ Սարքերի հետ աշխատելիս կարելի է ձեռք տալ, սակայն, ոչ ամեն ինչի՝ օրինակ օպտիկայի մակերևույթին ձեռք չենք տալիս, քանի որ անգամ քրտինքի կաթիլը, որն իրենից յուղ է ներկայացնում, եթե ընկավ օպտիկայի վրա, մաքրել հնարավոր չէ։ Այն դառնում է ոչ պիտանի։ Աշխատելիս պետք է անպայման ձեռնոցներ օգտագործել։

Այս լաբորատորիայում կարելի է տեսնել միջազգային ստանդարտներին համապատասխանող տարբեր սարք-սարքավորումներ։ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը վստահեցնում է, որ դրանք չեն զիջում համաշխարհային նմանատիպ լաբորատորիաներում եղած սարքավորումներին։

Նույն ֆակուլտետի մեկ այլ՝ նորաբաց, լաբորատորիայում էլ աշխատանքային եռուզեռ է։ Այնքան նոր է այս լաբորատորիան, որ անգամ անունը չեն որոշել, սակայն, ինչպես երիտասարդ գիտնական Մուշեղ Ռաֆայելյանն է ասում, գիտեն՝ ինչով են զբաղվելու․ «Օգտագործելու ենք լույսի տարածումը ՝ բարդ մաթեմատիկական ալգորիթմներ լուծելու համար՝ շատ ավելի արագ ու էներգախնայող ձևով»։

Հայաստանում գիտական դպրոցը մեր նման բազմաթիվ այլ երկրներում եղածներից անհամեմատ լավն է, համոզված է երիտասարդ գիտնականը։ Դժվարություններից նախընտրում է չխոսել, դրականն է մատնանշում։ Ֆինանսավորումը ավելացել է, կարևորը մոտիվացիան է։ Ավելին, մարդիկ ուզում են գիտությամբ զբաղվել` ի տարբերություն աշխարհի շատ այլ երկրների։

Back to top button