ԿարևորՀասարակություն

Մեկ իշխանություն, երկու պատերազմի քննություն․ որոշումը կա, ձևաչափը՝ ոչ

Գործող իշխանությունն արդեն որոշում է կայացրել, որ հենց իշխող ուժն է խորհրդարանում նախաձեռնելու 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ձևավորումը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցությունից հետո է հայտնի դարձել այս որոշումը։ Մինչև այդ աշխատանքը սկսելը, սակայն, կան խնդրահարույց հարցեր, որոնք դեռ պետք է օրենսդրական կարգավորումներ ստանան։ Խոսքն, օրինակ, հանձնաժողովում արտախորհրդարանական ուժերի ներգրավման մասին է։ Սրան կողմ է իշխանությունը, բայց այդ հնարավորությունը չի տալիս ԱԺ կանոնակարգը։   

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իշխանության իր 3 տարիների ընթացքում ուսումնասիրելու է արդեն երկրորդ պատերազմի հանգամանքները։ Կուսակցական հավաքի ժամանակ որոշվել է՝  նոր խորհրդարանի առաջին անելիքներից մեկը լինելու է  44–օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը։ Ապրիլյանի քննիչ  հանձնաժողովից այն տարբերվելու է կառուցվածքով՝ տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

«Շատ կարևոր է հասկանալ, թե օրենսդրական ինչ լուծումներ ենք տալիս, որ ներառված լինեն արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ Բոլոր արտախորհրդարանական ուժերի մասին է խոսքը։ Կարող եք հիմնական «հավակնորդ» համարել այն ֆորմատը, որ վարչապետի կողմից ստեղծվել է և 1–2 հանդիպում եղել է։ Մենք հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչպես ենք այդ օրենսդրական լուծումը տալու, որ նման հանձնաժողով պարտադիր մեր կողմից ստեղծվի»։

Հանձնաժողովում ընդգրկվելու «հիմնական հավակնորդներ»–ից է Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը։ Արտահերթ ընտրություններից հետո նա մասնակցում է վարչապետի պաշտոնակատարի հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումներին, կարծում է, որ պատասխաններ պահանջող բազմաթիվ հարցեր կան, բայց վերապահումներ ունի ձևավորվելիք հանձնաժողովի առնչությամբ․

«Ես կարծում եմ, որ լուրջ հանձնաժողով ստեղծել դեռ վաղ է, որովհետև, ինչպես բոլոր նման դեպքերում, հանձնաժողովը նախ և առաջ պետք է տա քաղաքական գնահատական։ Իսկ քաղաքական գնահատական տալ հիմա դժվար է, գրեթե անհնար։ Ո՞վ պետք է տա այդ գնահատականը։ ԱԺ–ն դա չի կարող տալ, որովհետև այնտեղ նստած են ուժեր, որոնք բոլորը տարբեր մակարդակով կրում են այդ պատասխանատվությունը պատերազմի սկզբի, ընթացքի և ավարտի համար։ Դա չի կարող անել գործող իշխանությունը, որովհետև նույնպես անաչառ չի կարող լինել, նույնը վերաբերում է և արտախորհրդարանական ուժերից կազմված հանձնաժողովին։ Այնպես որ, խիստ անհրաժեշտ եմ համարում նախ և առաջ փաստահավաք խմբի և փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը։ Դա վաղուց էր պետք անել։ Այդ հանձնաժողովը պետք է բաղկացած լինի ինչպես քննչական կառույցներից, այնպես էլ իրավապաշտպան, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից»։

Արտախորհրդարանական ուժերի հետ վարչապետի պաշտոնակատարի հանդիպումներում այս հարցը քննարկվել է՝ հաստատում է Խզմալյանը, անգամ անուններ է նշում, որոնք, իր կարծիքով, կարող են մասնակցել հանձնաժողովի աշխատանքին։ Օրինակ՝ առանձնացնում է Սամվել Բաբայանին։ Խզմալյանն ինքը հրաժարվում է այս փուլում այդ աշխատանքներին մասնակցել։

«Այո, այդ թեման քննարկվել է, այո, իմ կարծիքը ես հայտնել եմ, մոտավորապես այն, ինչ ասել եմ ձեզ։ Ես բացառում եմ այս պահին իմ անձնական մասնակցությունը, որովհետև ես կսկսեի քաղաքական գնահատականից, որը տալ այս պահին անհնար է, որովհետև դա պահանջում է շատ ավելի լուրջ քաղաքական փոփոխություններ Հայաստանում»։

Խզմալյանն այս դեպքում նկատի ունի արտաքին ուժերի ինչպես ազդեցության տիրույթն, այնպես էլ՝ պատերազմի համար պատասխանատվության չափը։

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու գաղափարը ողջունել է արտախորհրդարանական ուժերից՝ արդեն նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը։

«Խիստ անհրաժեշտ ու կարևոր ենք համարում հանձնաժողովի աշխատանքներում հնարավորինս լայն ներառականության ապահովումը՝ Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, Արցախի խորհրդարանի և պատկան ուժային կառույցների, Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների, քաղաքացիական հասարակության, սփյուռքի փորձագիտական շրջանակների, այդ թվում՝ առանձին դեպքերում, նեղ մասնագիտական հարցերի և փորձագիտական կարծիքի համար, առաջատար միջազգային փորձագետների և մասնագիտական խմբերի ներգրավումը», –նշվում  է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։  

«Հայաստան» դաշինքից պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանի կարծիքով և ձևակերպմամբ՝ իրենց դաշինքը  քաղաքական «շոու ծրագրերին» փորձելու է  մասնակից չլինել։ Սա նրա անձնական կարծիքն է, ընդհանուր մոտեցում դեռևս չունեն։

Իշխող ուժի որոշումն, ըստ էության, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկն է, որի մասին բազմիցս խոսել է կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանը։ Այս պահին, սակայն, նա որոշել է ընդհանրապես չխոսել՝ անգամ իր առաջարկը կյանքի կոչելու մասին։

 «Դե գիտեմ, հա, բայց քաղաքական հարցերով հիմա չեմ խոսում»։

Պատերազմից և հրադադարի պայմանագրից հետո ոչ թե քննիչ, այլ պարիտետային հանձնաժողով էր առաջարկում ստեղծել էդմոն Մարուքյանը։ Օրենսդրական տարբեր հիմքեր էին մշակել, առաջարկն իշխանությունը մերժել էր։

Քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով բաց նամակով ԱԺ նախագահին, խմբակցությունների ղեկավարներին դեռ ապրիլին դիմել էր նաև Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը։

Այն ժամանակ էր էդմոն Մարուքյանը բացատրում, թե որն է քննիչ հանձնաժողով և պարիտետային հանձնաժողով ստեղծելու տարբերությունը։

«Իսկ ինչո՞ւ պարիտետային խումբ, որովհետև միայն այս խորհրդարանի 3 խմբակցությունների ներկայացուցիչներով չպետք է այն լինի։ Այն պետք է ներառի մասնագետներ և ներկայացուցիչներ, որոնք կնշանակվեն արտախորհրդարանական ուժերից ևս, որ հավասար բոլորի հայտարարությունների կողմերը պահպանվեն։ Իսկ թե ինչու քննիչ հանձնաժողով չենք նախաձեռնել, որովհետև քննիչ հանձնաժողովի մեկ փորձ ունենք ապրիլյանի պարագայում և օրենքով, եթե քննիչ հանձնաժողով ստեղծվի՝ ԱԺ կանոնակարգ–օրենքով անվտանգային հարցերով քննիչ հանձնաժողովը ստեղծվում է պաշտպանության գործող հանձնաժողովի հենքի վրա, իսկ դա նշանակում է, որ հանձնաժողովը կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը։ Լուծումը պարիտետային հանձնաժողովն է, որը կունենա բալանս։ Քննիչ հանձնաժողովում բալանս չկա, մենք ինչքան էլ դեմ քվեարկենք կամ ասենք, որ այս հարցը այսպես չէ, մեծամասնությունն իրենք են, և իրենց ձեռքում է ամեն ինչ։ Սա է տարբերությունը»։

Պատերազմի հանգամանքներն  ուսումնասիրող  մեկ քննիչ հանձնաժողով խորհրդարանում արդեն գործել է։ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած քննիչ հանձնաժողովը բացառիկ էր հրավիրյալների առումով՝  նախկին նախագահից մինչև բարձրաստիճան և շարքային զինվորականներ։ Հանձնաժողովն աշխատեց 1 տարի, պատրաստեց 97 էջանոց եզրակացություն։ Հրապարակման ժամկետերը համընկան նոր պատերազմի հետ։

Զեկույցին ծանոթանալու իրավունք ստացան այն պաշտոնյաները, որոնք գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի հասանելիություն ունեն, նաև նրանք, ում ԱԱԾ-ն թույլատրել էր: Անդրանիկ Քոչարյանը համոզված է՝ հանձնաժողովն իր առաքելությունն իրականացնել է, բայց Ապրիլյանին վերաբերող  շատ հարցեր այդպես էլ պատասխաններ չեն ստացել։

Back to top button