ԿարևորՀասարակություն

Մեկ անձից արված գնումներն աճել են․ առաջատար են առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունները

2020-ին պետական մարմինների կնքած պայմանագրերի շուրջ 40 տոկոսն իրականացվել է մեկ անձից գնման միջոցով։ Նախորդ տարվա ցուցանիշից սա ավել է 4,4 տոկոսով,- արձանագրել են Հաշվեքննիչ պալատում։ Կառավարությունից արձագանքում են՝ մեկ անձից գնումներն ավելացել են, որովհետև տարին բացառիկ էր։ Այդպիսի գնումներ ամենաշատն արել են Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարությունները։

2020–ին ո՞ր գերատեսչություններն ու ի՞նչ ծառայություններն են գնումներ կատարել մեկ անձից․ պատասխանն ունի Հաշվեքննիչ պալատը, Ֆինանսների նախարարությունում հակադարձում են՝ կնքված պայմանագրերով համադրելի արդյունք ստանալը բարդ է։

Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասվածը օրինակով է պարզաբանում․

«Հնարավոր է՝ որևէ գերատեսչություն որևէ առարկա գնի պայմանական՝ 10 մլդր դրամով, մյուս մարմինը կարող է հարյուրավոր գործարքներ կատարել, սակայն, հանրագումարը 10 մլրդ դրամ չկազմի։ Ուստի, կարծում եմ, որ համեմատելու եզրերն են բարդ»։

Բարդ է, թե պարզ՝ փաստն արձանագրված է․ 2020–ին մեկ անձից 1000–ից ավելի գնում է կատարաել Առողջապահության նախարարությունը։ 2019–ին էլ գրեթե նույն թիվն է եղել․գնել են հիվանդանոցային, ամբուլատոր ծառայություններ: Անցած տարի նախարարությունը գնել է հիվանդանոցային ու ամբուլատոր, շտապօգնության  ծառայություններ, ռազմական դրությամբ պայմանավորված՝ իրականացրել է առողջապահական միջոցառումներ․ թե կոնկերտ ինչպիսի՝ գնումների պայմանագրում չի մասնավորեցվում։ Նախարարությունը գնումներ կատարել է  հիմնականում բժշկական ու ամբուլատոր կենտրոններից։  

291 մլն դրամ  ընդհանուր արժեքով մեկ անձից կատարվող գնումներ է պատվիրել նաև Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից։ Նախարարությունը 187 մլն դրամ  արժեքով հիվանդանոցային ծառայություններ է  գնել նաև «Ռեսո» ապահովագրական կենտրոնից։

Մեկ անձից կատարված գնումների քանակով  երկրորդը էկոնոմիկայի նախարարությունն է՝ 400–ից ավելի գնումներով։ Այս գերատեսչությունը քովիդով պայմանավորված ամենաշատը գնել է հանրային սնունդ ու հյուրանոցային ծառայություններ։ Դաբաղի պատվաստանյութ ձեռք բերելու համար մեկ անձից գնում է պատվիրել՝ ծախսելով 222, 371,250 դրամ։ Ըստ Ֆիննախի ներկայացուցչի՝ տվյալների համադրումը բարդ է, բայց Հաշվեքննիչ պալատն արձանագրել է՝  2020 թվականին պետական մարմինների կնքած պայմանագրերի շուրջ 40 տոկոսն իրականացվել է մեկ անձից գնման միջոցով, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 4,4 տոկոսով։

Պալատի նախագահ Լևոն Յոլյան․ «Գնումների ոլորտում մրցակցությունը չի փոխվել 2019–ի համեմատ՝ մնալով 1․7 հատ միջին մասնկացի մակարդակում։ Որոշակի հետընթաց է արձանագրվել պետական գնումների տնտեսման  սկզբունքի առնչությամբ»։

 Հաշվեքննիչ պալատից «Ռադիոլուր»–ին փոխանցեցին՝ տնտեսումը կայացած ընթացակարգերի նախահաշվային արժեքների ու կնքված պայմանագրերի գների տարբերությունն է։ 2020–ին այն կազմել է 14․4 մլրդ դրամ։  Ընդհանուր առմամբ, մեկ անձից կատարված գնումների գումարը 2020-ին  կազմել է շուրջ 126․2 մլրդ դրամ։ Կազմակերպված գնումներին հատկացվել է 235․7 մլրդ դրամ։  Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ընդգծում է՝  մեկ անձից կատարվող գնումներում  շուրջ 12 մլրդ դրամը հրատապ գնումներն են, 114․2 մլրդ դրամը՝ մրցակցության բացակայությամբ պայմանավորվածները։ Զրուցակիցս պարզաբանում է՝ մրցակցության բացակայությունը հիմնականում պայմանավորված է կազմակերպությունների մենաշնորհային դիրքերով․

«2020 թ․ պետական մարմինների կողմից կազմակերպված գնման մրցակցային ընթացակարգերի միջին մասնակցությունը կազմել է 2․5։ Եթե նայենք  գնման տեսակներին, ապա բաց մրցույթներում այդ մրցակցության միջին թիվը 2․6 է, գնանշման հարցումներում՝ 2․5։  2019–ի համեմատ՝ միջին մասնակցությունը կազմել է  2․6  է, 2020-ի՝ 2․5 դիմաց»։

2020–ը բացառիկ  տարի էր՝ հիշեցնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ արձանագրված պատկերը բնական համարելով․

«Ասացիք, որ մեկ անձից կատարված գնումներն ավելացել են, պետք է ավելանային։ Կովիդով պայմանավորված են ավելացել։  Հրատապ գնումների աճը այս փուլում նորմալ է, հրատապ գնումները բերել են միջին մասնակցության նվազեցման»։

 Տեղական բիզնեսը ոչ մեծ ծավալով, սակայն, մասնակցում է նաև ԵԱՏՄ երկրների միջև կատարվող գնումներին։ Ֆիննախի ներկայացուցչն ասում է՝ այստեղ էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման խնդիր կա։ ՀՀ և ՌԴ կառավարությունները պայմանավորվել են, երկու երկրների էլեկտրոնային ստորագրությունները թեստավորվել են, աշխատում են, բայց փոխադարձ ճանաչում դեռ չի եղել: Կողմերը աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ։

Back to top button