Սփյուռքի ձայնը

Ինչպես Լատվիայում անհետացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի նախագիծը․ «Սփյուռքի ձայնը»

Լատվիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը իսկական դետեկտիվ պատմության սյուժե կարող էր դառնալ։ Լատվիաբնակ պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը պատմում է, որ դեռ 2005 թվականին բալթյան այս երկրում Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացվեց։ Առաջին փորձն անհաջող էր, երկրորդ անգամ հռչակագրի նախագիծը շրջանառության մեջ դրվեց 2009 թվականին։

«2009-թվականին, երբ հռչակագիրը նորից վեր հանվեց՝ Սեյմ ներկայացնելու համար, մեզ խանգարեց այն հանգամանքը, որ Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Աբդուլահ Գյուլը պետք է ժամաներ Հայաստան՝ ֆուտբոլային խաղը դիտելու համար»,- ասում է պրոֆեսոր Խարաջանյանը:

Հռչակագիրը հետ է կանչվում՝ հայ-թուրքական «սկսվող հարաբերություններին» չխանգարելու համար։
Հարցը նորից բարձրացվում է, երբ Բալթյան երկրներում Հայաստանի դեսպան նշանակվում է Արա Այվազյանը, հետո՝ Տիգրան Մկրտչյանը։

«Տարօրինակն այն էր, որ այն հռչակագիրը, որը կազմվել էր 2009-ին ՝ անհետացել էր, ինչը կրիմինալ կամ դեդեկտիվ ֆիլմի էր նման: Իհարկե, կազմվեց նորը, սակայն անհետացման պատճառը մնաց անհայտ»,- զրույցի ընթացքում կեսկատակ- կեսլուրջ ավելացնում է պրոֆեսորը:

Այս տարի արդեն սկսված գործընթացը ունեցավ տրամաբանական ավարտ՝ Լատվիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Րաֆֆի Խարաջյանը փաստում է, որ ճանաչմանը նպաստել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլի 24-ին արած հայտարարությունը:

Թեեւ Հայոց ցեղասպանությունը Լատվիան նոր է ճանաչում, բայց արդեն երեք տասնամյակ այստեղ բնակվող Րաֆֆի Խարաջանյանը նշում է, որ հայերի, հայկական մշակույթի ու պատմության մասին լատիշները վաղուց են ծանոթ։

Տարիներ առաջ Ռիգայում բավարարվեց հայ համայնքի՝ եկեղեցի կառուցելու հայտը։ Նման բան շատ գաղութների չի հաջողվում, անգամ եթե դրանք հարուստ համայնքներ են ու նման ծրագրի իրականացման համար շատ փող են առաջարկում։

«Խորհրդային տարիներին մեր հարաբերությունները բավականին լավ վիճակում էին: Անկախությունից հետո շատ բան փոխվեց, սակայն մեր հայրենակիցները շարունակեցին տարբեր ոլորտներում իրենց ներկայացնել ու գրանցեցին բազմաթիվ հաջողություններ»,- Լատվիայում հայ համայնքի անդամների հաջողություններն այսպես է նկարագրում պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը։

Back to top button