Մտքի ուժը

Հայ գիտնականների ստեղծած դետեկտորները կիրառվում են նաև Գերմանիայում ու Հնդկաստանում․ «Մտքի ուժը»

Մինչ գարնան առաջին ամպրոպի ձայնից երեխաները լաց են լինում, լուսանկարիչները փորձում են հնարավորինս հետաքրքիր լուսանկար ստանալ, գիտնականները ուսումնասիրում ու տալիս են ամպրոպային ամպի էլեկտրական կառուցվածքը, հետազոտում ամպրոպներից եկող ռադիացիան՝ ճառագայթումը, որը տեսանելի է միայն բարձր լեռնային հատվածներում։

«Արագած» գիտահետազոտական կայանում դեռ նախորդ դարից են մասնիկների հոսքերը գրանցող դետեկտորներ տեղադրվել․ պատմում է այս պահին գիտական գործունեությամբ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում որպես հետազոտող աշխատող Հռիփսիմե Մկրտչյանը։

Նա ֆիզիկոս է, մինչ ԱՄՆ մեկնելը աշխատում էր Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում։ Հռիփսիմեն ասում է, որ յուրաքանչյուր հետազոտություն վաղ թե ուշ որևէ տեղ կիրառվելու է։ Միայն թե հստակ ժամկետներ չկան, թե գործնական փուլ ինչքան ժամանակում կմտնեն։

Այժմ Հայաստանի հինգ կետերում էլեկտրական դաշտերը չափող սարքեր են տեղադրված։ Մեկն էլ Շուշիում էր, որը փրկել չհաջողվեց։

Դրանք հնարավորություն են տալիս չափել, ենթադրություններ անել էլեկտրական դաշտի փոփոխությունների ու կախվածությունների մասին՝ տարբեր եղանակային պայմաններում։

Աշխարհում գիտությունը զարգանում է անասելի արագ տեմպերով։ Գիտնականները փորձում են անգամ եղանակները կառավարել։

Տեսականորեն հայ գիտական միտքն էլ չի զիջում համաշխրահային զարգացումենրին։ Գուցե առաջիկայում նաև արհեստական եղանակ կարողանանք ստեղծել, այս դեպքում՝ անձրև ստանալ, եթե, իհարկե, գիտության մեջ գումար ներդրվի։

Հայաստանում ու ԱՄն–ում գիտական գործունեությամբ զբաղվելու նմանություններ չկան,տարբերություններ՝ որքան ուզեք՝ և աշխատանքային պայմաններն են տարբեր, և աշխատավարձը․

«ԱՄՆ-ում երիտասարդ հետազոտողի միջին աշխատավարձը տարեկան 50 000-80 000 $ է ,Հայաստանում նույն երիտասարդ հետազոտողի աշխատավարձը տարեկան մոտ 3,600$ է»,– ասում է։

Միակ նմանությունը, թերևս, երիտասարդների՝ գիտությամբ զբաղվելու մեծ ցանկությունն է։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Տիեզերական ճառագայթների բաժանմունքում ստեղծված դետեկտորներով ուսումնասիրություններ են կատարում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հնդկաստանում, Սլովակիայում, Չեխիայում։

Համավարակից առաջ այն տեղադրվել է նաև Գերմանիայում։ Պահանջարկ կար նաև Ֆրանսիայում։ Դրանք ստեղծում են համաշխարհային ցանց՝ գրանցելու Տիեզերական ճառագայթները։

Ամպրոպների ժամանակ ամպերից եկող հոսքերի ավելացումն են ուսումնասերում։ Հռիփսիմեն այժմ գիտական գործունեությունը ԱՄՆ-ում է շարունակում՝ ամպրոպային ֆիզիկայի բնագավառում։

Փորձում են որոշակի հետազոտությունների հիման վրա կառուցել ամպրոպային ամպի էլեկտրական կառուցվածքը։ Ասում է՝ ԱՄՆ-ում գիտնականի նկատմամբ վերաբերմունքն այլ է, աշխատանքային պայմաններն էլ համեմատելի չեն։

Դժվարանում է Հայաստանում ու ԱՄՆ-ում գիտական գործունեությամբ զբաղվելու նմանություններ գտնել։ Ընդհանրապես, Հայաստանում գիտական միտքը զարգանում է, նոր առաջարկներ ստեղծվում են, միայն թե դրանց մի մասը տնտեսության մեջ չի ներդրվում, մյուս մասն էլ ստեղծվում է Հայաստանից դուրս։

Մեր երկրում գիտության ոլորտում ամենամեծ խդնիրը, թերևս, երիտասարդ գիտնականներին Հայաստանում պահելն է։ Իսկ դա հնարավոր է միայն գիտության ֆինանսավորման ավելացման ու պայմանների ստեղծման դեպքում։

Ակնկալել, որ մեկ-երկու տարում գիտնականների համար ամերիկյանին հատուկ պայմաններ կստեղծվեն, մեղմ ասած, միամտություն է, սակայն քայլեր պետք էձեռնարկել ոչ թե օր, այլ՝ ժամ ու րոպե առաջ։

Back to top button