Մտքի ուժը

Օրգանական թափոնները՝ քիմիական պարարտանյութերի փոխարեն․ «Մտքի ուժը»

Թափել սուրճի նստվածքը, թե՞ ․․․ գիտնականներն այլ առաջարկ ունեն

Ինչպե՞ս բերրի դարձնել հողը․ սուրճի ու մրգի թափոնները

Սուրճ- մանրէներ- պարարտանյութ․ շղթան կաշխատի ու հողն ավելի բերրի, գյուղմթերքն էլ ավելի անվտանգ կդառնա։ ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների ու կենսավառելիքի նորարարական կենտրոնում եմ։ Հենց այստեղ են գիտական փորձեր անում՝ սուրճի թափոններից պարարտնայութ ստանալու համար։ Սուրճի խոշոր նստվածքն են ֆիլտրում։

Արդեն երրորդ տարին է անցկացվում է Ագրոտեխնոլոգիական ստարտափ մրցույթը, որի նպատակն է բացահայտել տարբեր նորարարական գաղափարներ, որոնք կլուծեն ագրոարդյունաբերական սեկտորի առաջ ծառացած խնդիրները՝ կլուծեն արագ, պարզ եւ արդյունավետ, վստահեցնում են երիտասարդ գիտնականները։Այս տարի հենց այս թիմը երեք հաղթողներից մեկն է։

ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների ու կենսավառելիքի նորարարական կենտրոնի ու «MiCoFe» նախագծի ղեկավար Կարեն Թռչունյանն ասում է, որ որպես օրինակ սուրճի թափոնն են վերցրել, սակայն ցանկություն ունեն ընդլայնեն ցանկն ու թափոնների միջոցով տարբեր մանրէներ աճեցնել։ Դրանք անհրաժեշտ են հողերի վերականգնման համար, դրանցից պարատանյութ կստանան։

Կփորձեն Հայաստանի հողերում մանրէներ անջատել՝ ըստ անհրաժեշտության, ու տեղային լուծումներ տալ։ Տարբեր հողերում բույսերի աճը տարբեր է։ Գիտնականն ասում է, որ հիմնական խնդիրը մանրէների բացակայությունն է։ Քիմիական պարարտանյութերը, այսպես ասենք, ոչնչացրել են մանրէներին։ Մինչև դրանք վերականգվնեն, երկար ժամանակ կանցնի։

«Մենք մեկ հարվածով մի քանի խնդիր կլուծենք՝ նախ օրգանական պարարտանյութերը անվտանգ են առողջության համար։ Հետո արդեն կփորձենք հողը բերրի դարձնել կենսավերականգնման միջոցով, կունենանք նաև օրգանական ծագման գյուղմթերք»։

Սուրճը հիմնականում օգտագործում են կենսահումուսի ստացման համար, այստեղ փորձը մեկ շաբաթ տևում է, մեկ շաբաթ դիտարկում են, թե երբ է դադարում մանրէնէների աճը, որպեսզի հասականա, թե որ եղանակն է ավելի արդյունավետ։

ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների ու կենսավառելիքի նորարարական կենտրոնը ստեղծվել է 2015- 2017 թվականներին։ Կենտրոնն ունի կրթական, հետազոտական ու նորարարական ուղղվածություն։ Կենտրոնի ղեկավար Կարեն Թռչունյանն ասում է, որ այստեղ ուսանողներին ազատություն են տվել, աջակցում են նորարարական գաղափարները։

Գիտական բազմաթիվ առաջարկներ ու հետազոտություններ մնում են լաբորատորիաներում։ Գիտնական, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանն ասում է, որ իրենց գիտական առաջարկները տնտեսության մեջ ներդնելու հարցն արդեն այլ դաշտում պետք է փնտրել։

Աշխարհի գիտական միտքն առաջ է գնում, Հայաստանում վստահեցնում են՝ հետ չեն մնում։ Բայցև նշում են՝ ինչ- որ շատ կարևոր օղակ, միևնույնն է, բաց է մնացել։ Թե ե՞րբ կփակվի այն՝ դեռ չի էլ ուրվագծվում։

Back to top button