Սփյուռքի ձայնը

Ծնվել և ապրել է ԱՄՆ -ում, ապագան տեսնում է պապերի հայրենիքում. Արմեն Մարտիրոսյան․ «Սփյուռքի ձայնը»

Ծնողները Իրանից են, ապրել է ԱՄՆ-ում, ապագան տեսնում է պապերի հայրենիքում։ Արմեն Մարտիրոսյանը մշտական բնակության Հայաստան տեղափոխվել 2018- ին։Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի եւ Լոս Անջելեսի Շամլյան ազգային վարժարանի շրջանավարտն ասում է, որ վերադարձն իր արմատներին դժվար չի եղել:

«2016-թվականին, երբ կազմակերպությունում («Դեպի Հայք») աշխատելուց հետո վերադառնում էի ԱՄՆ, 20- ժամյա թռիչքն ինձ ավելի լավ մտածելու և որոշում կայացնելու հնարավորություն տվեց: Ինչո՞ւ եմ վերադառնում ԱՄՆ, ի՞նչ կա այնտեղ, ես սիրում եմ իմ հայրենիքը, այստեղ արդեն ընկերներ ունեմ»։- մտածում էր։

Այս մտորումներից մեկ տարի հետո միայն վերջնական որոշում ընդունեց, տեղափոխվեց Հայաստան՝ առանց շատ ու շատ դժվարություններ հաշվի առնելու։ Իսկ դժվարություններ եղել են, եւ այն էլ, թվում է այնտեղ, որտեղ պետք է, որ չլինեին։

Առաջինը` թե կենցաղում, թե պաշտոնական հանդիպումներում լեզվամտածողության եւ շփման խնդիրներն էին։ Ու այդ նույն ժամանակ, երբ հիշել է պապիկի պատմություններն ու նրա հաղթահարած դժվարությունները, հասկացել է, որ իր այսօրվա խնդիրները համադրելի չեն իր նախնիների ապրումներին։

«Ես Հայաստան եմ եկել 2018 թվականի հեղափոխության ընթացքում, սեպտեմբերին տեսել եմ պատերազմող հայրենիքս, ունեմ շատ ընկերներ, որոնք մասնակցել են այդ պատերազմին, հիմա էլ ներքաղաքական խնդիրներով Հայաստանում եմ ապրում»,- ասում է տնտեսագետը։ Հայաստանը լքելու ցանկություն չունի, համոզված է, որ երեխաները պետք է ծնվեն Հայաստանում, ինչպիսին էլ որ նա լինի։

Սփյուռքում Հայաստանի մասին տեղեկությունները շատ տարբեր են, ասում է Արմեն Մարտիրոսյանը: Նրա համար կարևոր էր նաև սեփական աչքով տեսնելն ու ականջներով լսելը: «Հայաստանի մասին տարբեր ինֆորմացիաները անորոշություն են ստեղծում Սփյուռքում: Պետք է վերադառնալ ու ապրել այն իրական Հայաստանում, որն այսօր ունենք»,- ասում է։ Լեզվական մտածողությունն ու առանձնահատկությունները, ինչպես արդեն ասացինք, պարբերաբար խանգարել են Արմեն Մարտիրոսյանին:

Թեև ԱՄՆ-ում հաճախել է հայկական դպրոց, տանը ծնողներից մշտապես լսել է հայերեն, սակայն ժամանակակից արեւելահայերենը նրան մի քիչ խորթ է, իր հայերենն էլ՝ շատերին անհասկանալի:

«Փոքրիկ հողակտոր եմ գնել Հայաստանում, ուզում եմ հիմնական բնակության վայր ունենալ: Փաստաթղթեր կազմելու համար տարբեր խնդիրների բախվեցի՝ հատկապես բառամթերքին ծանոթ չլինելու պատճառով: Իսկ այստեղ ինձ օգնության հասան հայաստանցի ընկերներս»,- ասում է Արմենը:

Հայաստանում ապրելը հասունացրել, խորիմաստ և առավել հայրենասեր է իրեն դարձել, ու ինչպես վկայում է, ծնողներն էլ են այդ փոփոխությունները նկատել։ Արմեն Մարտիրոսյանը նաև մի շարք ներդրումային ծրագրերի համահեղինակ է: Դրանցից ոմանք ստացվել են, ոմանք`ոչ:

Back to top button