ԿարևորՀասարակություն

Կդառնա՞ ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու Արցախում

Արցախում քննարկում են ռուսերնին Արցախի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով ռուսերենին տրվում է երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Որ այսպիսի հեռանկար է սպասվում, խոսվում էր  պատերազմից անմիջապես հետո։ Տարեվերջին հերքվող լուրը նոր տարեսկզբին  իրականություն է դառնում, թեպետ առաջարկվող փոփոխության սահմանադրականության հարցը համարվում է վիճարկելի։ Հեղինակները կարծում են, որ պետք է տարբերակել «պետական լեզու» եւ «պաշտոնական լեզու» ձեւակերպումները, որոնք միջազգայնորեն հստակեցված տերմիններ են, հետևաբար՝ որևէ հակասություն Սահմանադրության հետ չկա։

Նախագծի հեղինակները Արցախի Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը և անդամներ Գագիկ Բաղունցն ու Մետաքսե Հակոբյանն են։

«Միասնական հայրենիք» խմբակցության անդամ  Գագիկ Բաղունցի կարծիքով՝ ռուսերենի կարգավիճակի փոփոխությունը անհրաժեշտություն է ու  բխում է հետպատերազմյան իրողություններից, այդ թվում՝ Արցախում ՌԴ խաղաղապահների առկայությունից։ «Ռադիոլուրի» հետ զրույցում պատգամավորը նշեց, որ որևէ մեկը չպետք է այդ անհրաժեշտությունը կասկածի տակ դնի։ «ՌԴ-ի հետ տարբեր ոլորտներում ավելի սերտ հարաբերությունների խիստ անհրաժեշտություն կա։ Առաջարկում ենք հայերենից բացի պաշտոնական լեզու դարձնել նաև ռուսերենը,  որպեսզի տարբեր ոլորտներում համագործակցության համար բարենպաստ պայմաններ ստեղծենք, խոչընդոտներ չլինեն»,–ասում է Գագիկ Բաղունցը։  

Շրջանառվող նախագծի համահեղինակներից «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, սակայն, նշում է, որ փոփոխությունների առաջարկվող ձեւակերպմամբ ստորադասվում է հայերենը։ Սահմանադրությամբ՝ «պաշտոնական լեզուն գրական հայերենն է», «Լեզվի մասին» օրենքում ևս առկա այս նախադասությանն առաջարկվում է ավելացնել «և ռուսերենն է» ձևակերպումը։ Այս տարբերակը չի ընդունում Մետաքսե Հակոբյանը և հետ կկանչի իր անունը համահեղինակների ցանկից, եթե իր առաջարկությունը չընդունվի։ Նա առաջարկում է ձևակերպում, որով ռուսերենը չի հավասարեցվի հայերենին։ «Մի տեսակ անհամաձայնություն է ստացվում Սահմանադրության հետ, երբ որ ասում ես, որ պաշտոնական լեզուներն են հայերենը և ռուսերենը։ Որպեսզի դա չլինի, կարելի է ձևակերպման մեջ ճշգրտում մտցնել և գրել, որ պաշտոնական լեզուն գրական հայերենն է, կարող է գրական հայերենի հետ օգտագործվել նաև ռուսերենը։ Սրանով չենք հավասարեցնում ռուսերենը  և, միաժամանակ, հակասության մեջ չենք մտնում Սահմանադրության հետ, կարողանում ենք ռուսերենն օգտագործել նաև որպես աշխատանքային լեզու»,–իր առաջարկությունն այսպես է հիմնավորում Մետաքսե Հակոբյանը։     

Հանձնաժողովի նախագահը պատրաստ է լսել ու քննարկել այս առաջարկը։  Գագիկ Բաղունցի խոսքով՝ ռուսերենի կարգավիճակի փոփոխությունն անհրաժեշտ է միայն գործավարական նպատակով։ Պատգամավորը պարզաբանեց, որ առաջարկվում է ռուսերենին տալ պաշտոնական երկրորդ լեզվի կարգավիճակ, ինչը տարբեր է պետական լեզվի կարգավիճակից։ Սահմանադրությամբ այդպիսի կարգավիճակ տրված է միայն գրական հայերենին, հետևաբար, նա չի կիսում կարծիքը, թե այս օրինագիծը հակասում է Սահմանադրությանը։ Ասում է․ «Սահմանադրության հետ ոչ մի հակասություն չկա։ Գոյություն ունի «պետական լեզվի» և «պաշտոնական լեզվի» տարբերությունների մասին միջազգայնորեն ընդունված հստակ ձևակերպում»։

Օրինագծի շուրջ տարակարծությունը Գագիկ Բաղունցը նորմալ է համարում։ Ըստ նրա՝ իրավիճակը ճիշտ գնահատողները կողմ են օրինագծին, մտահոգվողներին էլ առաջարկում է  մասնակցել հանրային քննարկումներին։ Վստահեցնում է, որ որևէ մեկը չի պատրաստվում այդ օրինագծով ռուսերենը հավասարեցնել հայերենին, կամ հայերենը ստորադասել։   

Մետաքսե Հակոբյանի փոխանցմամբ՝ իր դիրքորոշումը կիսում են նաև  «Արդարություն» խմբակցության մյուս պատգամավորները։ Եթե անգամ իր առաջարկությունը չընդունվի, նա համոզված է, որ օրինագծի փաթեթը Արցախի ԱԺ-ն կընդունի, քանի որ ընդդիմադիր «Արդարություն», ՀՅԴ եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների ընդհանուր ձայնը ընդամենը 8-ն է։

Back to top button