ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Գազալցակայաններում ագրեսիվ մրցակցության, կարագի, շաքարի եւ բենզինի շուկաներում իրավիճակի մասին

«Մուտքի խոչընդոտներ Հայաստանում չկան, կան օբյեկտիվ խնդիրներ, որոնք այս կամ այն կերպ ազդում են տնտեսական մրցակցության վրա»,- «Ռադիոլուրի» հյուրասրահում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նա պարզաբանել է՝ օբյեկտիվ պատճառներից մեկը Հայաստանի շուկայի փոքր լինելն է. մեծ տնտեսվարող սուբյեկտները օբյեկտիվորեն գրավել են դաշտը, փոքր տնտեսվարողների համար խնդիրներ են ստեղծում՝ շուկա մուտք գործելու համար:

«Սակայն դաշտն ազատ է, արհեստական խոչընդոտներ չկան, ժամանակի ընթացքում կհայտնվեն տնտեսվարող սուբյեկտներ, որոնք հնարավորություն կստանան տվյալ շուկա մտնել»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահը:

Նրա խոսքով՝ բենզինի շուկայում խաղացողները նույնն են, նոր տնտեսվարողներ չկան, սակայն շաքարի ու կարագի շուկայում պատկերն այլ է: Այստեղ փոխվել են տարբեր խաղացողների մասնաբաժինները ու նվազել է կենտրոնացվածության աստիճանը:

«Շաքարի շուկայում «Ալեքս Հոլդինգը» առաջատարն է, սակայն, այս ընկերության մասնաբաժինն է նվազել»,- տեղեկացրել է Գևորգյանը: 2019 թվականին շուկաներում կենտրոնացվածությունը 10-20 տոկոսով նվազել է։

«Ռադիոլուրի հյուրասրահում» ՏՄՊՊՀ նախագահը հայտարարել է, որ հավելավճարներ իր ղեկավարած կառույցում նույնպես ստացել ու ստանալու են: Թե ով՝ որքան, չի ասել, միայն իր ստացած գումարի չափն է նշել. աշխատավարձն ու հավելավճարը միասին  ներառյալ հարկերը՝ մեկ մլն դրամ:

Back to top button