Միջազգային

Պոմպեոյին հիասթափեցրել է Եվրամիության որոշումը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն  սուր քննադատության է ենթարկել Եվրամիությանը, որը ծրագրում է օգնել Իրանին շրջանցել ամերիկյան պատժամիջոցները՝ կիրառելով վճարման այլընտրանքային ուղիներ Իրանի և եվրոպական ընկերությունների միջև առևտրում։

Նյու Յորքում ելույթ ունենալով  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովի շրջանակներում անցկացված «Միասին՝ ընդդեմ միջուկային Իրանի» համաժողովում՝ նա խոստովանել է, որ իրեն հիաթափեցրել է հատուկ մեխանիզմեր ստեղծելու մասին որոշումը, որը հնարավորություն կտա եվրոպական կազմակերպություններին շարունակել Իրանի հետ բիզնեսը՝ անտեսելով ԱՄՆ պատժամիջոցները:  ԱՄՆ պետքարտուղար այդ որոշումն անվանել է «ոչ արդյունավետ ընդհանուր աշխարհակարգի և անվտանգության համար»:

Նախօրեին ՄԱԿ-ում Եվրամիության և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումից հետո կողմերը հանդես էին եկել հայտարարությամբ՝ ասելով, որ կշարունակեն պաշտպանել իրենց տնտեսվարողների ազատությունը՝ օրինական բիզնես վարելու հարցում:

«Հանդիպման մասնակիցները ողջունում են այն գործնական քայլերը, որ ձեռնարկվում են հատուկ վճարման համակարգի ստեղծման ու զարգացման ուղղությամբ: Այդ մեխանիզմը հնարավորություն կտա իրականացնել այն վճարումները, որոնք պետք է կատարվեն Իրանից նավթի և մի շարք այլ ապրանքատեսակների ձեռքբերման ընթացքում: Նման համակարգի գոյությունը կօժանդակի նաև Իրանի հետ առևտուր ծավալող ընկերություններին` վերահաստատելով այն իրողությունը, որ նրանց վարած բիզնեսը օրինական է», — արտգործնախարարների հանդիպման ավարտին հայտարարել էր Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Միացյալ Նահանգների պատժամիջոցները պատճառ են դարձել, որ  Եվրոպական մի շարք ընկերություններ արդեն հայտարարեն, որ դադացնում են իրենց գործուներությունն Իրանում:

Ցուցադրել ավելի
Back to top button