Տնտեսական

Ինչու կառավարության ծրագրում չկան թվեր. վերլուծում են տնտեսագետները

Այն րոպեներին, երբ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրն էր ներկայացնում, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն ու տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը կառավարության ծրագրի տնտեսական դրույթներն էին փորձում վերլուծել՝ քաղաքական զարգացումները չանտեսելով:

Խորհրդարանում ստեղծված իրավիճակը Վահագն Խաչատրյանը աննորմալ է բնորոշում՝ ՀՀԿ-ն փոքրամասնություն է, սակայն խորհրդարանն է ղեկավարում: Նրա խոսքով, նոր «Սահմանադրությունը  փորձությանը չդիմացավ:

Նախատեսված արտահերթ ընտրություններին Հրանտ Բագրատյանը կմասնակցի, եթե համապատասխան գումարը գտնի:

Դասական իմաստով ծրագիր գրված չէ՝ կարծում է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նաև նկատում է՝ պարտադիր չէր, որպեսզի  այստեղ թվեր նշվեին, սակայն նախարարությունների առջև  պետք էր խնդիրներ դնել:

«Չեմ կարծում, որ մենք այսօր հնարավորություն ունենք պրոֆեսիոնալ քննարկում կազմակերպել, քանի որ  ծրագրի համարյա երկրորդ բաժինը ընտրություններ է կոչվում, որոնք ծրագրում չպետք է լինեն»:

Բագրատյանը նշում է՝ Սահմանադրությունն է ծրագիր պահանջում, այն  չի պահանջում ժամանակավոր ծրագիր, ընտրությունների թեզը պետք է արտացոլվեր ոչ թե ծրագրում, այլ՝  Սահմանադրությունում:

Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կիսում է նախկին վարչապետի կարծիքը, կարևորում ոչ թե թվերը, այլ՝ փիլիսոփայությունը:

Խաչատրյանը շարունակում է պնդել՝ տնտեսական խնդիրները քաղաքական դաշտում են.

«Հայաստանի տնտեսական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են քաղաքական որոշումներ»:

Տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը  մեջբերում է Ադամ Սմիթի՝ «Թագավորելն ու առևտուր անելը աշխարհում անհամատեղելի են»,- արտահայտությունն ու արդիացնելով ասում՝ անհամատեղելի են բիզնեսն ու կառավարելը:

Մինչ Մարկոսյանը Տնտեսական լրագրողներին ակումբում մեջբերում էր Սմիթին՝ ԱԺ դահլիճում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն միտքն այլ կերպ էր ձեւակերպում:

Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ կառավարությունն ազնիվ մոտեցում է ցուցաբերել, հեքիաթներ չի շարադրել, խոստումներ չի տվել:

Back to top button