ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Ծիածանում անմշակ հող չկա, բայց անտեղյակ են բուսաբուծության աջակցության ծրագրից

Արմավիրի մարզի Ծիածան գյուղի վարելահողերում հացահատիկային, հատիկաընդեղենային մշակաբույսեր ու կարտոֆիլ ու ելակ են մշակում: Ոռոգում են ստորին Հրազդան ջրանցքից, իսկ մինչև ոռոգման սեզոնի բացումը՝ Քասախ գետի վարարած ջրերից:

Ամռանը ջուրը նվազում է, հողի ծարավը լրացնում են ընդերքի մակերեսային ջրերով: Ծիածանում գրեթե բոլոր հողերը մշակվում են, սակայն բնակիչները տեղեկացված չեն կառավարության բուսաբուծության աջակցության ծրագրից, ըստ որի՝ պետությունը փոխհատուցում է հավաստագրված սերմերով հողի մշակության ծախսի կեսը:

Արմավիրի մարզի Ծիածան գյուղում գիտեն հողի արժեքն ու այն անմշակ չեն թողնում: Գյուղացիները գրեթե ամբողջ տարին զբաղված են: Գյուղատնտեսական նշանակության 177 հա հողերից միայն 2 հա-ն է անմշակ՝ տեղանքի քարքարոտ լինելու պատճառով: Ծիածան գյուղի վարչակազմի աշխատակից Հասմիկ Մանուկյանն ասում է, որ նախկինում այն խնձորի այգի է եղել:

«Քարքարոտ, մեծ-մեծ քարերով հող է, տրակտորները չեն մտնում այնտեղ, որ վար անեն: Խնձորանոց է եղել, խնձորի ծառերը չորացել են ու այդպես մնացել: Հողի տերը չի վարում, չի ցանում»:

Գյուղում հիմնականում վարելահողեր են, որտեղ ելակ, կարտոֆիլ, եգիպտացորեն, ցորեն են մշակում, իսկ հացահատիկի բերքահավաքից հետո, որպես խոզանացան՝ լոբի, վարունգ, կաղամբ ու ծաղկակաղամբ: Դաշտերն արդեն կանաչել են, Վալյա Գրիգորյանը շտապում է իր տնամերձ հողամասից բանջար հավաքելու: Հողը վարել են ու նախապատրաստել մշակելուն:
«Ինչ որ կա մշակում եմ՝ լոբի, ծաղիկ, կարտոֆիլ: Պղպեղը, սմբուկն ու լոլիկը բակում եմ ցանում, աշնանն էլ վարունգի բարակ ու սպիտակ սորտ կա, խտա են ասում, դա եմ դնում, սովորական վարունգ, ծաղկակաղամբ ու գլուխ կաղամբ»:

Վալյա Գրիգորյանն ասում է, որ հողը եկամտաբեր է և գնահատելով հողի արժեքը՝ նոր հողեր են ձեռք բերում, տարին բոլոր մշակում: Տարբեր մշակաբույսեր են աճեցնում, այդ թվում այնպիսի բույսեր, որոնք օգտագործում են ծաղկեփնջերում: Աստղածաղիկների ընտանիքին պատկանող այդ բույսերը նաև չորացրած են վաճառում:

«Այս հողակտորը նոր ենք վարել, աշնանը չհացրեցինք, մեջ ծաղիկ կար: Հիմա ցանելու ենք անմեռուկ ու նմանատիպ ծաղիկներ: Ցորեն ունենք դաշտում կես հեկտար է, ելակը՝ 3000 քմ: Երբ ցորենը քաղում ենք, տեղը բանջարեղեն ենք մշակում: Հողագործություն ենք անում, ապրում ենք»:
Գյուղում հացահատիկի ցանքերը քիչ են՝ 30 հա ցորեն է, 5 հա՝ եգիպտացորեն, 4 հա՝ առվույտ: Գարնանցան հացահատիկի, հատիկաընդեղենի և բազմամյա խոտաբույսերի մշակության արդյունավետությունը բարձրացնելու համար կառավարությունը մարտին գործարկել է բուսաբուծության աջակցության ծրագիր, ըստ որի՝ պետությունը սուբսիդավորում է գարնանացանի աշխատանքների 50 տոկոսը, եթե ցանքսն իրականացվում է հավաստագրված սերմերով: Այս ծրագրի մասին գյուղացիներն անտեղյակ էին:

Հասմիկ Մանուկյան. «Բուսաբուծության ծրագրի վերաբերյալ զանգել եմ մեր գյուղբաժին, բայց չգոհացրեց իրենց պատասխանը: Հիմա մենք 100 հազար դրամի սերմ ենք գնել մեր գյուղի խանութից, բայց չգիտեինք, որ սերմնակայանից հավաստագրերով սերմեր պետք է գնեինք: Տեղյակ չենք եղել»:

Գագիկ Նազարյանը նույնպես կերային մշակաբույսեր է աճեցնում, վարելահողերի մշակությանը զուգահեռ անասնապահությամբ էլ է զբաղվում, սակայն բուսաբուծության աջակցության ծրագրի մասին նույնպես տեղեկացված չէր:



«Վարելահողերը մի քիչ հեռու են, որտեղ ելակ, եգիպտացորեն, ցորեն, առվույտ ենք ցանում: Բուսաբուծության աջակցության ծրագրի մասին տեղյակ չեմ եղել, չեն առաջարկել»:
Արմավիրի մարզում հավասատգրված սերմեր ձեռք բերելու դեպքում 50 տոկոսով փոխհատուցվելու է գարնանացան գարու, եգիպտացորենի և առվույտի մշակության արժեքը, հատիկաընդեղենային մշակաբույսերից՝ ոլոռինը, ոսպինը, սիսեռինը և լոբունը:

Ծիածանում ելակի մշակությունը սկսում են օգոստոս և սեպտեմբեր ամիսներին, փետրվարին թաղանթապատում են, իսկ մի քանի օրից կսկսեն բերքահավաքը: Գյուղացիները սկսել են զբաղվել նաև այգեգործությամբ: Անցած տարի 5 հա-ի վրա խաղողի, դեղձի ու սև սալորի ինտենսիվ այգի են հիմնել:

«Բազմամյա այգիները՝ խաղողն ու պտուղը, կաթիլային ձևով են ոռոգում: Հորերը քանդել են և կաթիլային ջրում»:

Ծիածանի հողերը ոռոգվում են ստորին Հրազդան ջրանցքից, իսկ գարնանն ու աշնանը նաև՝ Քասախ գետից: Ասում են՝ միայն այդ ժամանակաշրջանում է գետը ջրառատ լինում, իսկ ամռանը ցամաքում: Գյուղացիների ոռոգման հույսն ընդերքի մակերեսային ջրերն են, հողամասերում ջրհորեր են փորել: Ամռանը ջրի խնդիրն ավելի նկատելի է դառնում՝ ասում է Ծիածանի վարչական ղեկավար Ծաղիկ Մելքոնյանը։

«Մենք գյուղում երեք հատ արտեզյան հոր ունենք, որից մեկը չի աշխատում: Ցանկալի կլիներ, որ դա վերանորոգվեր: Երկու տարի առաջ վերանորոգվել է 1կմ 200մ երկարությամբ ոռոգման ցանցը, կիսախողողովակներ են: Համայնքը նախատեսել է ծրագրով վերանորոգել ևս 1,5 կմ ոռոգման ցանց: Ցանցը վերանորոգելուց հետո գոնե ջրի կորուստ քիչ կլինի»:

Գյուղի տնամերձ հողամասերում հիմնականում ծաղիկների ջերմոցներ են: Ջերմոցներ են հիմնում նաև վարելահողերում՝ փոխելով հողի նշանակությունը: Մինչև ծաղիկների համատարած մշակությանն անցնելը Ծիածանում ջերմոցներն օգտագործել են բանջարեղեն մշակելու նպատակով:

Back to top button