Միջազգային

Գործադուլ՝ Թբիլիսիում մետրոպոլիտենում

Թբիլիսիի մետրոպոլիտենի գնացքավարները, ինչպես և հայտարարել էին ավելի վաղ, կիրակի գործադուլ են սկսել՝ տրանսպորտային ընկերության կողմից աշխատավարձի բարձրացման մասին իրենց պահանջը չկատարելու պատճառով, հայտնում է Интерфакс-ը:

«Մեզնից ոչ մեկ չի կարողանա ստանձնել ուղևորների փոխադրման անվտանգության համար պատասխանատվությունը»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից Ռատի Կապանաձեն, որը գործընկերների հետ միասին ակցիա է անցկացնում աշխատանքից ազատ ժամանակ, քանի որ Թբիլիսիի քաղաքային դատարանն արգելել է իրենց գործադուլ անցկացնել աշխատանքային ժամերին:

Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ դատարանն անօրինական և հակասահմանադրական որոշում է կայացրել, մեքենավարներն, այնուամենայնիվ, ենթարկվում են այդ որոշմանը և գործադուլ կանցկացնեն ոչ աշխատանքային ժամերին, այսինքն՝ երբ նրանք փաստացիորեն պետք է հանգստանան:

«Դա նշանակում է, որ հաջորդ օրը, երբ մենք պետք է հերթապահության դուրս գանք, մենք ֆիզիկապես հոգնած կլինենք, բացի այդ՝ հացադուլ ենք հայտարարում, և ամբողջովին ուժասպառ կլինենք, այդ պատճառով մեզնից ոչ մեկ չի կարողանա ստանձնել ուղևորների անվտանգ երթևեկության պատասխանատվությունը»,- ասել է Կապանաձեն:

Ցուցարարների խոսքերով՝ դա, ի վերջո, կհանգեցնի մետրոյի աշխատանքի ավտոմատ դադարեցմանը:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, այս փուլում ո՛չ տրանսպորտային ընկերությունը, ո՛չ քաղաքապետարանը հնարավորություն չունեն բարձրացնելու մետրոյի մեքենավարների աշխատավարձը, որը տատանվում է 1400-1800 լարիի (մոտ 566-772 ԱՄՆ դոլար) սահմաններում, 45 տոկոսով, ինչպես նրանք են պահանջում:

Back to top button