Հայ ազգային-ազատագրական պայքարի ականավոր գործիչ, Իրանի Սահմանադրական հեղափոխության նշանավոր զորավար Եփրեմ խան Դավթյանին է նվիրված այս հաղորդումը, որի ընթացքում ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Եղիազարյանի հետ կներկայացնենք հայ-իրանական բարեկամության դրոշակակրի կյանքի ու պայքարի հայտնի ու անհայտ էջերը։
Հայկական Գանձակ գավառում, հայկական միջավայրում ավելի քան մեկուկես դար առաջ ծնված Եփրեմ Դավթյանին 20-րդ դարի սկզբներին վիճակված էր դառնալու հայոց ազատամարտի և հայ-իրանական բարեկամության առաջամարտիկը։ Պատանի Եփրեմը, նույնպես տոգորված արևմտահայությանն օգնելու անհագ ցանկությամբ, զինվորագրվեց հայոց ազատամարտին։
Եփրեմ Դավթյանն իր ջոկատով միանում է հայ ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչներից մեկի՝ Սարգիս Կուկունյանի զինված խմբին և նրա առաջնորդությամբ մասնակցում «Դեպի Երկիր» կատարած հանրահայտ արշավանքին։
Բանտային դաժան տարիներին հաջորդում է սիբիրյան տաժանակիր աքսորը։ Սակայն Եփրեմ Դավթյանին հաջողվում է փախչել ու ապաստանել Պարսկաստանում։ Պարսկահայքում սկիզբ է առնում ու ծավալվում Եփրեմ Դավթյանի կյանքի ու հեղափոխական գործունեության ամենաեռուն շրջանը։
Խանասորի արշավանքին հաջորդում է կուսակցական և կրթական գործունեության համեմատաբար հանդարտ շրջանը, երբ Եփրեմին հաջողվում է նաև ընտանիք կազմել։ Արդեն ճանաչված ռազմական և կուսակցական գործչին վիճակված էր դառնալու 1905-1911 թթ․ Իրանական սահմանադրական հեղափոխության կազմակերպիչներից ու առաջնորդներից մեկը։
Եփրեմ խանը ո՛չ միայն արժանացավ բարձր պատիվների, այլև Իրանում նշանակվեց բարձր պաշտոնների։
Ահա՛ այսպես ավարտվեց հայ և իրանական ժողովուրդների հերոսի կյանքը․ դավադիր գնդակը խլեց ազատագրական պայքարի նվիրյալի ու հայ-իրանական բարեկամության ռահվիրայի կյանքի թելը, սակայն նրա անունն ու գործը պահպանվելու է երկու ժողովուրդների պատմության էջերում առհավետ։ Մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանը Եփրեմ խանի հիշատակին բանաստեղծություն է ձոնել, որում լավագույնս արտահայտել է նրա մեծությունը․ ընթերցեմ մի քանի քառատող այդ բանաստեղծությունից․
Զինվորներ լուռ կ’արտասվեն. թնդանոթները կ’ողբան
Ահեղ անունը անոր, բարձունքներուն վրա լերան,
Եվ ձորերուն մեջ` իրենց պողպատակուռ երախեն
Կ’հեղուն արցունք հըրեղեն:․․․
Կարիպալտին` Հռովմինն է, և Բոնաբարդ` Ոճիրին.
Կը պատկանիս դո՛ւն միայն Ազատության Ոգիին:
Ըզքեզ խրճիթ մը ծընավ, հայ վիշտը քեզ օրորեց.
Այդ վիշտին չափ եղար մեծ: