Տնտեսական

Կուտակայինին անցումն օրախնդիր է. տնտեսագետներն են վստահ


Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է մեկ տարով հետաձգել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը, որը, ըստ օրենքի, պետք է ուժի մեջ մտնի հունիսի 1-ից:

Թանդիլյանը տարիներ առաջ հանրությանը հայտնի դարձավ հենց կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքների արդյունքում, այսօր արդեն՝ նախարարի կարգավիճակով նա դեմ չէ համակարգին, պարզապես փորձում է ճիշտ մոտեցում գտնել:

Հետաձգումը, իրականում, կամայական որոշման հարց չէ: Ավելի խորը վերլուծությունների դեպքում պարզ է դառնում, թե ինչ ռիսկեր է այն իր մեջ պարունակում:

Կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի կիրառումից ուղիղ մեկ օր առաջ ստեղծվել է մի իրավիճակ, երբ կառավարության անդամներն իրենց հայտարարություններում հակասում են միմյանց: Սոցապ նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը  մտադրվել է մեկ տարով հետաձգել պարտադիր բաղադրիչի կիրառումը, համապատասխան նախագիծ է ներկայացրել կառավարությանը:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը տեղյակ չէ այդ մտադրություններից, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մտահոգված է՝ այս քայլով հարվածում ենք «վստահելի գործընկեր» լինելու մեր պետության համբավին:

Այս հարցով այսօր փաստացի ունենք հետեւյալ պատկերը՝ հասարակության 1/3-ը կամ շուրջ 200 հազար մարդ արդեն կուտակային համակարգի մասնակից են: Այս տարի պարտադիր բաղադրիչի կիրառումով նախատեսվում էր մասնակիցների թիվն ավելացնել եւս 80 հազարով: Գումարները տնօրինում են միջազգային երկու կառավարիչները:

Ֆինանսիստների առաջին մտահոգությունը կապված է հենց նրանց հետ՝ չեն բացառում, որ պարտադիր կուտակայինի հետաձգման դեպքում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները հեռանան Հայաստանից: Այսպիսի կարծիք հայտնողներից մեկն էլ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն է:

Արդեն 3-րդ անգամ է Հայաստանը հետաձգելու պարտադիր բաղադրիչի կիրառումը: Ջավադյանն ասում է, որ իրականում հուսադրող ցուցանիշներ կան ֆոնդերում գումարները պահելու առումով: ԿԲ աշխատակիցներն սկսելու են առաջիկայում հրապարակել այդ թվերը: «Դրանք տպավորիչ են»,- ասում է Ջավադյանը:

Սկզբնական անվստահությունը ֆոնդերի հանդեպ արդեն անցել է: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը թեեւ տարիքային առումով չի համապատասխանում պարտադիր բաղադրիչի չափորոշիչներին, բայց արդեն վաղուց կուտակային համակարգի մասնակից է: Ասում է՝ երկիրն այլընտրանք չունի, պետք է անցնի այդ համակարգիh, բայց մեկ տարով կուտակայինի պարտադիր բաղադրիչը հետաձգելու՝ նախարար Մանե Թանդիլյանի որոշումը հասկանում է:

Հակառակն է պնդում ԿԲ նախկին նախագահ, անկախ Հայաստանի առաջին խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին ղեկավար Բագրատ Ասատրայնը: Ընդունում է՝ կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը ցավոտ է, բայց այն պետք է հնարավորինս շուտ կիրառվի, որ շահենք: Ասածը հիմնավորում է տնտեսական եւ դեմոգրաֆիկ ցուցանիշերով: Փաստացի ստացվում է, որ պետության ու աշխատող մարդկանց ներուժն այլեւս բավարար չէ կենսաթոշակների սոցիալական այս խնդիրները լուծելու համար: Մյուս կողմից՝ կառավարիչներին ի պահ տրվող այս գումարներն ի վերջո աշխատում են նույն պետության զարգացման համար:

Եթե մարդուն ինչ-որ բան պարտադրում ես՝ պետք է որոշակի փոխհատուցում լինի։ Այս սկզբունքը ԿԲ-ի նախկին նախագահը չի մոռանում: Կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեպքում առաջարկներից մեկը եկամտահարկի իջեցնում է: Այն ԵԱՏՄ տարածքում ամենաբարձրն է Հայաստանում՝ ասում է Ասատրյանը։ Համոզված, որ այդ իջեցումը բյուջեին որեւէ վնաս չի տա: Սա տնտեսագետի հիմնավորումներից ընդամենը մեկն է: Իսկ ընդհանրապես նա առանձնացնում է 11 հիմնական պատճառ, թե ինչու Հայաստանը պետք է անցնի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

Back to top button