Հասարակություն

«Իմ քայլը». Արմավիրում միացան նաև մարզի տարբեր համայնքների երիտասարդներ


«Իմ քայլը» քաղաքացիական շարժմանն այսօր Արմավիր քաղաքում միացան նաև մարզի տարբեր համայնքների երիտասարդներ:

Շարժման մասնակիցները  առավոտյան հավաքվել էին Արմավիր քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի  մոտ  և քայլերթով շարժվել դեպի հանրապետության փողոց՝ կոչ անելով բոլորին միանալ քայլերթին:

Երիտասարդների թվում կային նաև դպրոցահասակ երեխաներ:

Քայլերթի մասնակիցները փորձեցին փակել երկողմանի երևեկություն ունեցող փողոցը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, քայլերթը շարունակվեց փողոցի մի կողմով:

Ցուցարարները երբեմն կանգ էին առնում խաչմերուկներում, կրկին փորձ անում  փակել երթևեկությունը, բայց ոստիկանները նույնպես միջամտում էին:  Քաղաքային զբոսայգու մոտ ոստիկանները  ցուցարարներին դուրս հանեցին փողոցից և երթը շարունակվեց մայթով:

«Իմ քայլը» շարժման մասնակիցները Երևանյան և Հանրապետության փողոցում լուսացուցի կարմիր  ազդանշանի տակ սկսեցին մեծ խմբերով փողոցը անցուդարձ անել, գրեթե 20 և ավելի անգամ: Նրանց այս քայլը զայրացնում էր ոստիկաններին:

Երթի մասնակիցները միասնության կոչերով դարձյալ ետ շարժվեցին դեպի քաղաքի հրապարակ: Ցուցարարների  շարքերն աստիճանաբար ընդլայնվում էր տարբեր համայնքների և ուսանողական հաստատությունների  երիտասարդներով:  Շարժման մասնակիցներին հետևում էին նաև  համազգեստավոր և քաղաքացիական զգեստներով  ավելի շատ ոստիկաններ, որոնք երիտասարդներին երբեմն ահաբեկում էին:

Արմավիրի թիվ 2 դպրոցի դիմաց ցուցարաները սկսեցին անցուդարձ անել նաև  հետիոտնի համար թույլատրելի դեղին գծերով, ճանապարհի այս հատվածում չկա լուսացույց:

Փոխելով ճանապարհը երթը շարունակվեց Ջիվանու միակողմանի երթևեկություն ունեցող փողոցով: Հասնելով  ոստիկանության Արմավիրի բաժնի շենքի մոտ նրանք փորձեցին հանգստանալ և նստել շենքի դիմացի աստճաններին: Երիտասարդները շարունակ միմյանց կոչ էին անում վեճի չբռնվել ոստիկանների հետ, սադրանքների չենթարկվել:

Ցուցարարներին ցրելու նպատակով դպրոցների,  ուսումնական հաստատությունների մանկավարժները հետևում և դուրս էին բերում իրենց ուսանողներին, սովորողներին ցուցարարների շարքերից: Քայլերթը դադրեցվեց ժամը 14-ի սահմաններում:  Երեկոյան ժամը 18-30-ին կրկին կմեկնարկեն բողոքի ցույցը:

Back to top button