Հասարակություն

2017-ը լարված եւ բարդ է եղել լրագրողների համար


Վերջերս խոսքի ազատության եւ լրագրողների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները հրապարակեցին իրենց ամենամյա զեկույցները՝ մտահոգություն հայտնելով 2017 թվականին աշխարհում կալանավորված լրագրողների թվի ռեկորդային աճի, ինչպես նաեւ՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս լրագրողների զոհվելու եւ սպանվելու փաստերի կապակցությամբ:

Ընդհանուր առմամբ, աշխարհում  արձանագրված լրագրողների դեմ ճնշումների աճը միջազգային փորձագետները կապում են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ լրատվամիջոցների ու խոսքի ազատության հարցում ունեցած խիստ դիրքորոշման հետ, որն, ըստ միջազգային փորձագետների, ինչ-որ տեղ հնարավորություն է տվել մյուս երկրների առաջնորդներին առավել ազատ լինել մամուլի դեմ ճնշման հարցում:

Որոշ միջազգային կազմակերպություններ էլ կոչ են արել համաշխարհային հանրությանը քայլեր ձեռնարկել հակամարտության գոտիներում լրագրողների անվտանգությունն ապահովելու հարցում:

Հայաստանյան փորձագետների գնահատմամբ՝ մեր երկրում 2017 թվականին լրագրողներն ու լրատվամիջոցներն աշխատել են շատ բարդ եւ լարված պայմաններում: Սա արձանագրել է Հայաստանի «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ամփոփելով անցնող տարին: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նկատել է, որ այս ոլորտում Հայաստանում մեկ տարի առաջ արձանագրած հիմնական մտահոգությունները մնում են անփոփոխ:

2017-ը լարված եւ բարդ է եղել լրագրողների ու լրատվամիջոցների համար: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատում է, որ դա պայմանավորված է եղել խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններով:

Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ՝ ընտրությունների ընթացքում իրենք արձանագրել են լրագրողների նկատմամբ 5 բռնության եւ 27 տարատեսակ ճնշումների դեպք: Նրա խոսքով՝ իրենք առաջընթաց չեն նկատում դրանց մեղավորների լիարժեք բացահայտման եւ պատժելու հարցում: Պնդեց, որ իշխանությունների քայլերն այդ առումով համարժեք չեն: Նման պնդումներն անհիմն եւ իրականության հետ չհամապատասխանող են համարում Հատուկ քննչական ծառայությունում՝ ներկայացնելով ճիշտ հակառակ պատկերը: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյան.

«2016 եւ 2017 թվականների ընթացքում հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է լրագրողի մասնագիտական, օրինական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ 25 քրեական գործ: Նշված քրեական գործերից 11 քրեական գործ, 19 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»:

Դա արդեն բավականին լուրջ ցուցանիշ է: Մարինա Օհանջանյանը նաեւ նշեց, որ այդ գործերը վերաբերում են ինչպես խորհրդարանական, Երեւանի ավագանու ընտրությունների, այնպես էլ Սարի թաղում հայտնի դեպքերի ժամանակ լրագրողների գործունեությունը խոչընդոտելու եւ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու փաստերին: ՀՔԾ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ զլմ ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով վերջին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել դեկտեմբերի 6-ին:

Հայաստանում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ տարվա ամբողջական պատկերն իրենք կամփոփեն հունվարին հրապարակելիք զեկույցով: Այս պահին, նրա խոսքով, տվյալների վերլուծություն է կատարվում:

Անդրադառնալով ընդհանրապես Հայաստանում այս ոլորտի խնդիրներին՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, թե  այն երեք հիմնական մտահոգությունները, որ իրենք արձանագրել ու արտահայտել են մեկ տարի առաջ, 2017-ի ավարտին էլ մնում են անփոփոխ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրության կիրառմանը:

Արդյունքում, ըստ Բորիս Նավասարդյանի, Հայաստանը չի օգտվում այն բոլոր հնարավորություններից, որոնք ընձեռում է ոլորտի թվայնացումը: Ոլորտը կարգավորող հերթական նոր օրինագիծն էլ, որ մշակվել է, ամենեւին չի լուծում այն խնդիրները, որոնք կան: Օրինակ՝ մարզային հեռուստաընկերությունների գործունեության առումով լուծումներ տրված չեն՝ կարծիք հայտնեց Բորիս Նավասարդյանը: Փորձագետները կարծում են, որ առկա նման խնդիրներին օրենսդրությամբ լուծումներ չեն տրվում եւ բացեր են մնում, քանի որ նախագծի մշակմանն իրենց ներգրավվածությունն ու լայն քննարկումը չի ապահովվել:

Այս հարցերի հետ կապված պարզաբանումներ խնդրեցինք ՀՌԱՀ-ից: Այստեղից խորհուրդ տվեցին դիմել հանձնաժողովի իրավաբան Դավիթ Մարգարյանին, որը ներգրավված է նոր օրինագծի մշակման աշխատանքներում: Վերջինիս հետ կապ հաստատել, սակայն, այդպես էլ մեզ չհաջողվեց:

Back to top button