Հատվող եթեր

Վալմար. ո՞րն է գեղանկարչի արվեստի բանաձևը. «Հատվող եթեր»

Բոլորովին վերջերս Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ծննդյան 75-ամյակին նվիրված՝ «Վալմար. գեղանկարիչ, ում արվեստում թագավորում է երաժշտությունը» խորագիրը կրող տեսաֆիլմի պրեմիերան:

44 րոպե տևողությամբ տեսաֆիլմ՝ նկարահանված Հայաստանի ազգային արխիվի համար, փաստավավերագրական ֆիլմ, որն ընդգրկուն ներկայացնում է մեծանուն գեղանկարչի կյանքը, ստեղծագործական ուղին, ծավալած գործունեությունը:

Արվեստագետի նկարների աննախադեպ հաջողության, աշխատասիրության, երաժշտական նախասիրությունների մասին պատմող ինքնատիպ ֆիլմ, որը բացահայտում է, թե ինչպե՞ս է ստեղծվում Վալմարի խորհրդավոր ու ինքնատիպ, գունային յուրահատուկ նրբերանգներով պարուրված արվեստը, ինչո՞ւ է արվեստագետը սիրում ստեղծագործել ջազային երաժշտության ուղեկցությամբ:      

Վալմարն իր ողջ կյանքն անմնացորդ նվիրել և նվիրում է արվեստին՝ ստեղծելով վերերկրային և զգացմունքային իրականություն, որտեղ մեկտեղված են գեղեցիկն ու հավերժականը: Վրձնել է բազմաթիվ՝ սիրային, հոգևոր, երաժշտության, բնության թեմաներով, ինչպես նաև պատկերել ինքնատիպ քաղաքակրթություն ու մշակույթ ունեցող երկրների ու քաղաքների դիմագիծն ու ավանդույթները:

Նրբաճաշակ արվեստ կերտող Վալմարի ստեղծագործական գործունեությանն անդրադարձել են աշխարհահռչակ գեղանկարիչներ, արվեստագետներ. Ժանսեմ, Երվանդ Քոչար, Գառզու, Ռենե Պերես, Պետեր Գելբման…

Ստեղծել, ցուցադրել, արտաքին աշխարհից ստանալ լիցքեր և նորից արարել. ահա Վալմարի արվեստի բանաձևը:

Հունիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում արվեստագետը արվեստասեր հասարակությանը ներկայացրեց ևս մեկ հետաքրքիր և ինքնատիպ ցուցադրություն:

 «Նվիրատուներ և նվիրատվություններ. Վալմարի ինքնատիպ հավաքածուից». արվեստագետը տարիների ընթացքում յուրահատուկ փունջ է հավաքել իր գործընկերների մոտ 150 աշխատանքներից՝ ձևավորելով ստեղծագործությունների մի հրաշալի և ինքնատիպ հավաքածու: Ցուցահանդես, որի միջոցով Վալմարը սիրով ներկայացրեց իր ջերմ վերաբերմունքն ու հարգանքը գործընկերների և նրանց արվեստի հանդեպ:

 Զրույց ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի հետ:

Back to top button