Վերնատուն

Աջակցություն կոնսերվատորիայի զարգացման ծրագրերին․ «Կոնսերվատորիայի բարեկամների» հիմնադրամ․ «Վերնատուն»

«Կոնսերվատորիայի բարեկամների» հիմնադրամի տնօրեն, օպերային երգիչ Հայկ Վարդանյանը խոսում է ներկոնսերվատորիական միջավայրում ակադեմիական երաժշտության զարգացման հնարավորություններից։

«Կոնսերվատորիայի բարեկամների» հիմնադրամը, շուրջ 5 տարի է, որ գործում է։ Այն նպաստում է կոնսերվատորիական կարիքների, զարգացման ծրագրերի աջակցմանը, կրթաթոշակային ֆոնդեր ձևավորելուն և այլն։

Հայկ Վարդանյանն ասում է, որ այս տարիների ընթացքում հիմնադրամն իր գործընկերոջ միջոցով 40-ից ավելի ուսանողների համար ապահովել է կրթաթոշակ, գույքային տեխնիկական ներդրումներ, երրորդ տարին է իրականացնում է Լևոն Չավուշյանի անվան ներկոնսերվատորիական մրցույթը։

Յուրաքանչյուր տարի տարբեր անվանակարգերում անց կացվող մրցույթը, առողջ մոտիվացիոն գործիք է, որտեղ մրցանակակիր կարող են դառնալ և՛ ուսանողը, և՛ դասախոսը։ Ֆոնդը, ինչպես նշում է, հիմնադրամի տնօրենը, քաջալերող ու գնահատող գործիք է։

«Մենք փորձում ենք զգայուն և երկարատև կապեր ստեղծել կոնսերվատորիայի և ուսանողնեի միջև, որոնք հետագայում կծառայեն կոնսերվատորիային։ Բուհերն աշխարհում, բացի կրթություն տալը, փորձում են իրենց ուսանողների համար ճանապարհներ հարթել դեպի աշխատանքային շուկա։ Այս մրցույթի մրցանակակիրների համար մենք փորձում ենք արտագնա համերգային տուրերի հնարավորություններ ստեղծել։ Պետք է կայանա էն հարթակը, որը կոնսերվատորիայի բոլոր շրջանավարտներին կհրավիրի մասնակցելու կոնսերվատորիայի զարգացման ծրագրերին․ թե՛ մասնագիտական, և թե՛ ֆինանսական առումով», –ասում է Հայկ Վարդանյանը։

Խոսելով ապագայի ծրագրերից, Հայկ Վարդանյանը նշում է՝ մրցույթի ֆինանսական հիմքերը ամրապնդելու, կոնսերվատորիայի նյութատեխնիկական հնարավորությունները ընդլայնելու, կրթաթոշակային ֆոնդը մեծացնելու մասին։

«Ուսանողի ու հիմնադրամի միջև կապը գնալով ուժեղանում է, մենք համարում ենք, որ դրանով ամրացնում ենք ուսանողի ու կոնսերվատորիայի միջև կապը։ Ի վերջո մենք ստեղծվել ենք կոնսերվատորիային օգնելու համար։ Հիմնադրամը չի աճում որպես առանձին միավոր, այլ փորձում է իր գոյությունն արդարացնել կոնսերվատորիայում ծավալվող զարգացման պրոցեսներով»,– ասում է Հայկ Վարդանյանը։

Back to top button