Վերնատուն

Մեկնարկում է Newmag գրքի և արվեստի երկօրյա ամառային փառատոնը․ «Վերնատուն»

Newmag գրքի և արվեստի երկօրյա ամառային փառատոնն այս տարի տեղի է ունենալու ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերն ունեցող օրը՝ հունիսի 22-ին և 23-ին, Երազ այգում։

Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը և հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության ղեկավար Մանու Իրիցյանը խոսում են փառատոնի ծրագրի առանձնահատկություններից, նոր գրքերի, թեմաների ակտուալության, հրատարակչական քաղաքականության, գրքի հանրահռչակման ժամանակակից մոտեցումների մասին։

Փառատոնին ներկայացվելու է 4 նոր գիրք․ ամերիկահայ բլոգեր Քիստինե Գրիգորյանի «Խոհարարական գիրքը», որտեղ Գավառի բաղադրատոմսերին ու ճաշացանկին զուգահեռ հեղինակը ներկայացնում է հուշեր, հետաքրքիր պատմություններ, լուսանկարներ, Հենրի Քիսինջերի «Արհեստական բանականություն» գիրքը, վրացի գրող Դավիթ Ջիշկարիանիի «Կաշվե թիկնոցից մինչև կաշվե գնդակ» հետաքննությունը՝ Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային թիմի՝ ֆուտբոլիստների անձնական ու քաղաքական կյանքի հետաքննությունը՝ ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանում և դետեկտիվի սիրահարների համար՝ Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը հաջորդն է» եռագրության երկրորդ գիրքը։

Փառատոնին ներկայացվելու է նաև Վահան Ստեփանյանի լուսանկարների «Երևան․ Պոզիտիվ նեգատիվներ» ցուցահանդեսը, «Ուրբանիստական ուրվական» պանելային քննարկումը, որտեղ ճարտարապետները կքննարկեն հին ու նոր Երևանի մասին, նաև՝ թատրոն, պոեզիա, դասական, ջազ և փոփ երաժշտություն։

«Մենք ձգտում ենք գրականությունը դուրս բերել գրականագիտական միջավայրերից, տանել մարդկանց մեջ։ Եթե մենք կարողանանք փառատոնն անցկացնել Երևանի մետրոպոլիտենի կայարաններում, գուցե էդպես էլ անենք, մենք կարող ենք գրականությունը կապել սպորտային, քաղաքական, սոցիալական միջավայրի հետ, այդպես գտնել մեր ընթերցողին, որ մեր ընթերցողն էլ կարողանա գտնել իրեն հետաքրքրող գրքերը», – ասում է Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։

Back to top button