Վերնատուն

Վանաձորի տիկնիկային թատրոնի փառատոնային հաջողությունները․ «Վերնատուն»

Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Սևակ Սարգսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ ռեժիսոր, դերասան Արմեն Բարսեղյանը խոսում են թատրոնի փառատոնային հաջողություններից, ավարտին մոտեցող հիմնանորոգման աշխատանքներից ու ստեղծագործական ծրագրերից։

Թատրոնի դերասան, ռեժիսոր ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բարսեղյանի նախաձեռնությամբ Վանաձորի տիկնիկային թատրոնը օրերս մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Լիպեցկ քաղաքի «Լորենու գույնը» միջազգային տիկնիկային փառատոնին՝ արժանանալով երկու մրցանակի։

Սևակ Սարգսյանն ասում է, որ թատրոնն իր երեսունամյա պատմության մեջ առաջին անգամն է ստեղծագործական ողջ կազմով ու ներկայացուցչական պատվիրակությամբ մասնակցել միջազգային փառատոնի։

Կորնեյ Չուկովսկու «Բժիշկ Այբոլիտը» ստեղծագործության հիման վրա բեմադրված տիկնիկային ներկայացումը, ինչպես նշում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը, թատրոնում հատակային կամ պլանշետային տիկնիկներով ներկայացման առաջին փորձն է։

Բեմադրության հեղինակ Արմեն Բարսեղյանն ասում է, որ այս ներկայացումն ուսուցողական է ու նաև ինտերակտիվ, երեխաներին սովորեցնում է ինքնուրույն խնամել իրենց, հոգալ առօրյա կարիքները։

«Փառատոնների իմաստը նրանում է, որ տեսնեք միմյանց աշխատանքները, սովորենք իրարից, նոր ծանոթություններ ձեռք բերենք, նոր համագործակցություններ սկսենք։ Մենք պիտի տեսնենք ինչ է կատարվում աշխարհում․ սովորենք, առաջ գնանք, -ասում է Արմեն Բարսեղյանը։

Վանաձորի տիկնիկային թատրոնում մեկ տարի առաջ սկսված կապիտալ հիմնանորոգման ու վերափոխման աշխատանքները ավարտական փուլում է, սեպտեմբերին նախատեսվում է թատրոնի շենքի բացումը։

Տիկնիկային թատրոնի հոբելյանական 30-րդ թատերաշրջանն այս տարի նվիրվում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Տիկնիկային գործիչների միության հիմնադիր նախագահ Արմեն Սաֆարյանի հիշատակին։

Back to top button