Վերնատուն

Սիրո մերօրյա դրսևորումները․ «Ներբեռնում, Վերբեռնում, Սերբեռնում» դոկումենտալ ներկայացումը․ «Վերնատուն»

«Ներբեռնում, Վերբեռնում, Սերբեռնում» դոկումենտալ ներկայացումը սիրո ժամանակակից դրսևորումների մասին է․ ինչպես են մարդիկ ծանոթանում առցանց հարթակներում, արդյունքում ինչ նոր մշակույթ և լեզու է ձևավորվում։

Ներկայացման հեղինակներ՝ բեմադրիչ Նադեժդա Իսրաելյանը և տեքստի հեղինակ Անահիտ Ղազարյանը պատմում են ներկայացման գաղափարի, իրենց բացահայտումների, հանդիսատեսի արձագանքի մասին։ Նադեժդա Իսրաելյանն ասում է, որ խոսել վերացական, գեղարվեստական սիրո մասին շատ ավելի հեշտ է, քան արդի ժամանակների մարդու բազմաշերտ սիրո դրսևորումների։

Ներկայացման տեքստը գրվել է սոցիալական հարթակներում ակտիվություն, առցանց ծանոթության ու շփման փորձառություն ունեցող 50 և ավելի մարդկանց հետ։ Իսկ գլխավոր նպատակը ժամանակակից մարդուն հուզող արդի խնդիրներին անդրադառնալն է։

«Մարդիկ ձանձրանում են և միշտ նոր փորձառություններ են ուզում։ Նորի ու սպառման պահանջը շատ է, նորի որոնումը տեղափոխվում է նաև էմոցիոնալ դաշտ, մենք անդադար նոր տեսակի էմոցիաներ փորձառելու կարիք ունենք, որը մի կողմից գիտակցաբար է, բայց շատ հաճախ՝ ոչ», – ասում է Անահիտ Ղազարյանը։

Անահիտ Ղազարյանը նշում է , որ հաճախ միմյանց հետ խոսում ենք, հաղորդակցվում, բայց իրար չենք հասկանում, միմյանց չենք լսում և յուրաքանչյուրն իր իրականության մեջ է։ Մենք հիմա ուզում ենք սիրահարվենք, առանց լիովին ընկնելու նրա մեջ, քանի որ ձգտում ենք ունենալ ապահով հարաբերություններ, իսկ սերը ապահով տեղ չէ այն շատ անապահով և խոցելի է դարձնում մարդուն։

Ներկայացումը տեղի է ունենում Մերգելյան ինստիտուտի 12-րդ հարկում։ Հեղինակներն ասում են տարածքի ընտրությունը նույնպես պատահական չէ, տարածքն ինքն է թելադրում ներկայացման ձևի ու բովանդակային շեշտադրումները։

«Ներբեռնում, Վերբեռնում, Սերբեռնում» դոկումենտալ ներկայացումը տեղի կունենա մայիսի 29-ին, 31-ին , ժամը 20։30 -ին, Մերգելյան Ինստիտուտ, 12-րդ հարկում՝ COWO աշխատանքային տարածքում։

Back to top button