Սփյուռքի ձայնը

Սիրիայի Հասեկե քաղաքի հայերը՝ ինքնությունը պահպանելու խնդրի առաջ. «Սփյուռքի ձայնը»

Սիրիայի Հասեկե քաղաքում  բնակվում են 1915 թվականի ցեղասպանությունից հետո հաստատված հայերը, որոնք  հիմնականում իսլամի հետևորդներ են։

Հասեկեի սոցիալական խորհրդի ղեկավար Կարապետ Դեմերջին  Հայաստանում էր և հանդիպումներ ունեցավ Սփյուռքի հանձնակատարի և հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ղեկավարի հետ։ Բարձրացնելով Հասեկեի հայությանը հուզող հարցերը`նա մատնանշեց հատկապես Հայաստան մուտքի, կրոնափոխության ու Հայաստանում կրթությունը շարունակելու հետ կապված խնդիրները։

«Մենք ամեն օր ցեղասպանություն ենք ապրում։ Հասեկեի հայերը Հայաստան այցելելու, այստեղ կրթություն ստանալու ցանկություն  ունեն։ Եթե մշակվի մի ծրագիր, որը կօգնի հայ մարդուն կապ հաստատել իր հայերենիքի հետ, ապա այն նաև ցեղասպանությունը իրականացնողների հանդեպ վրեժ կդառնա։ Վերադարձը արմատներին ու կրոնին այսօր Հասեկեի ու տարածաշրջանի այլ քաղաքների հայության համար օրհասական են», — ասում է Կարապետ Դեմերջին։

Դատելով իսլամացած հայերին, որոնք ստիպողաբար են գնացել այդ քայլին, չպետք է մոռանալ ցեղասպանության տարիների, իրագործողների ու դրա հետևանքների մասին՝ ասում է։  «Ի՞նչ եղավ, որ այսքան մարդ կրոնափոխ եղավ, այսօր խոսում է քրդերեն, արաբերեն կամ թուրքերեն։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում ցեղասպանությունից հետո տեղահանվածների  6-7-րդ սերունդն է։ 4 տարի առաջ ստեղծված խորհուրդը, որը 3 քաղաքում է գործում, լեզվի, պատմության  և մշակույթի մասին տեղեկություններ է տալիս նրանց։ Մոտ 25 հազար հայի ենք հանդիպել, որոնք հայախոս չեն և,  տեղեկանալով մեր աշխատնքների մասին, մասնակցում են  հայկական ծրագրերին», — նշում է Դեմերջին ։

Մենք այցելում ենք տարբեր գյուղեր, գտնում հայերին, ուժեղացնում մեր կապերը նրանց՝ հատկապես նոր սերնդի հետ ու դաստիարաակում մեր լեզվող ու մշակույթով։ Սա նրանց ինքնությանը վերադարձնելու լավագույն քայլն է՝ ասում է Դեմերջին։

Հասեկեում կա հայկական եկեղեցի։ Կարապետ Դեմերջին տեղեկացնում է, որ Թուրքիայի հետ սահմանակից բոլոր գյուղերում և քաղաքներում  հաստատվելով՝ հայ մարդը  կառուցել է եկեղեցի ու դպրոց։

«Ցեղասպանությունից 110 տարի անց էլ հայը հայ է մնում։ Իսկ հայ լինելը կրակե շապիկ հագնել է նշանակում։ Նշանակում է՝ մշտական աշխատանք՝ ինքնությունը պահելու համար», — ասում է Դեմերջին։

Իսկ ի՞նչ հարաբերություններ ունեն քրիստոնյա և իսլամացած հայերը նույն քաղաքում։ Կարապետ Դեմերջին երկար խորհելուց հետո ցավով  նշում է․ «Թեև քրիստոնյա հայերը Հասեկեում շատ չեն, սակայն նրանք իրենց շարքերում չեն ցանկանում տեսնել այն հայերին, որոնք քրիստոնյա չեն։ Ինչ վերաբերում է օտար հասարակություններին, ապա նրանք էլ իրենց շարքերը չեն ընդունում իսլամացած հայերին՝ նրանց օտար  համարելով։ Ի դեպ, կրոնափոխությունը չի ընդունվում նաև հայ եկեղեցու կողմից։ Կոչ եմ անում իսլամացած հայերի հանդեպ ավելի հանդուրժող լինել, քանի որ այդ քայլին շատերը գնացել են իրենց կամքին հակառակ։ Մեր եկեղեցին ու հանրությունը պետք է օգնողի դերում լինեն, սակայն հետևյալն է արվում․  կնունքի թուղթ չենք կարող տալ, պետք է Հալեպ դիմել, Հալեպն ուղարկում է Բեյրութ, Բեյրութը՝ Երևան, և հարցը մնում է առկախ»։

Վերջին տարիներին քրդական կառավարությունը հանդուրժող է դարձել հայերի նկատմամբ՝ նշում է սոցիալական խորհրդի ղեկավարը և ավելացնում, որ քուրդ ղեկավարներից  շատերը  տարբեր պաշտոններ զբաղեցնելու համար հրավերներ են ուղարկում հայ մարդկանց։

Back to top button