Սփյուռքի ձայնը

Վարպետության դասեր՝ մարզերում․ ամերիկահայ դաշնակահար Շահան Արծրունին տաղանդներ է բացահայտում. «Սփյուռքի ձայնը»

Հայ օգնության ֆոնդի ու ամերիկահայ դաշնակահար Շահան Արծրունու նախաձեռնությամբ` 2016 թվականից Հայաստանում կազմակերպվում են վարպետության դասեր: Այս տարի  մայիսի 14-ից 30-ը  ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունին, որը բարեգործական մի շարք ծրագրեր է իրականացնում ՀՕՖ-ի հետ,  համերգային շրջագայություն ունեցավ Գյումրի, Դիլիջան, Գորիս, Սիսիան, Ալավերդի, Ստեփանավան, Աշտարակ  քաղաքների երաժշտական դպրոցներում, ինչպես նաև Ջավախքում:

«Այս նախաձեռնությունը  դրական ազդեցություն է ունեցել երաժշտական դպրոցների սաների կրթության և կատարողական ունակությունների հետագա զարգացման, ինչպես նաև ուսուցիչների դասավանդման վրա», – ասում են կազմակերպիչները։

«Այս տարիներին բազմաթիվ պատանի կատարողների եմ լսել, զարմացել ու հիացել նրանցով: Նրանցից ոմանք, իհարկե, բացառիկ տաղանդներ են, և նրանց հետ մեծ հույսեր եմ կապում: Նրանք նախ պետք է Երևանի կոնսերվատորիան ավարտեն, հետո նաև եվրոպական ուսումնական հաստատություններում շարունակեն կրթությունը՝ պայմանով, որ պետք է վերադառնան Հայաստան», – ասում է Շահան Արծրունին:

ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը, կարևոր ու շատ արդյունավետ համարելով տարիների համագործակցությունը, նշում է, որ ՀՕՖ-ը մեծ ուշադրություն է դարձնում գիտությանը, կրթությանն ու մշակույթին, ունի ծրագրեր այն տաղանդավոր պատանիների ու երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան ուսանել հայաստանյան պետական բուհերում:

«Այս տարի այս ծրագրին մասնակցեցին նաև Ջավախքի երաժշտական դպրոցների երեխաները, որոնք անհամբեր սպասում էին մաեստրոյին: Թեև Ջավախքի երաժշտական դպրոցները ներառելը մեր ծրագրերում փոքր ինչ խնդիրներ էր առաջացրել Վրաստանի կրթության նախարարության հետ, սակայն մեր եղբայրական երկրի հետ բանակցությունները ստացվեցին», – ասում է Էդուարդ Կարապետյանը:

Կարևոր է պահպանել հայի ոգին երիտասարդների մեջ՝ նրանց փոխանցելով մերը՝ հայկականը՝ ասում է ամերիկահայ դաշնակահարը:

Այս տարի Շահան Արծրունու  բարեգործական համերգներին մասնակցել են ոչ միայն   տաղանդաշատ պատանի երաժիշտ–կատարողները, նաև ուսուցիչների համար են վարպետության դասեր կազմակերպվել։

Back to top button