Սփյուռքի ձայնը

Հայ թեկնածուները` Եվրախորհրդարանի ընտրություններում. «Սփյուռքի ձայնը»

Եվրախորհրդարանը Եվրամիության օրենսդիր մարմինն է, որն ընտրվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ՝ ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների կողմից։ Այն ստեղծվել է 1957 թվականին, և ձևավորվում էր ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների կողմից։ Սակայն 1979 թվականից ի վեր խորհրդարանը ընտրվում է բնակչության կողմից։ Եվրախորհրդարանը համարվում աշխարհի ամենաազդեցիկ օրենսդրական մարմիններից մեկը։ Խորհրդարանի անդամները ներկայացնում են Եվրամիության քաղաքացիների շահերը։

Հունիսի 9-ին Եվրախորհրդարանի ընտրություններն են։ Այս ընտրություններին մասնակցում են ազգությամբ հայեր՝ պատգամավորի թեկնածությամբ ու կուսակցությունների կազմում։

Բելգիայում բնակվող Արմինե Հարեյանը Եվրախորհրդարանի պատգամավորության թեկնածու է: Ներկայացնում է «Բարեփոխումների շարժում» կուսակցությունը, որը Բելգիայում ճանաչում և լավ վարկանիշ ունի:

«Այս ընտրություններում հայ թեկնածուները  հինգն են: Մենք մեր թեկնածությունները ներկայացրել ենք շրջանային, ֆեդերալ և եվրոպական խորհրդարանների ընտրություններում: Երեքն էլ կարևոր են թե՛ համայնքի հարցերը ներկայացնելու, թե՛ հայկական  հարցերը առաջ քաշելու համար», — ասում է Արմինե Հրեյանը:

Կուսակցությունը, որը ներկայացնում է մեր հայրենակցուհին, լիբերալ, կենտրոնական աջ կուսակցություն է, ունի լավ հեղինակություն Բելգիայում: «Ես կուսակացության ցուցակում վեցերորդն եմ: Բոլորս  էլ պայքարում ենք հաղթանակի համար, ինչին աջակցում է նաև մեր համայնքը: Ի դեպ, բոլոր հինգ հայ  թեկնածուներն էլ զգում են այդ աջակցությունը: Մեզ ներկայացնելու համար կազմակերպվում են միջոցառումներ, հանդիպումներ: Սակայն կարևոր են նաև հանդիպումները օտարների հետ: Հանդիպում ենք ազգային այլ փոքրամասնությունների հետ ևս, որոնց անհանգստացնող հարցերը նույնպես կարող ենք բարձրացնել խորհրդարանում: Այս կուսակցությունն արդեն ինչ-որ չափով հայկական լոբբինգի մաս է կազմում», — ասում է Արմինեն և ավելացնում, որ  վերջին չորս տարիների ընթացքում հայամետ չորս բանաձև է ընդունվել այս  կուսակցության շնորհիվ: Ի դեպ, այն իր նախընտրական ծրագրում առանձին բաժին ունի՝ վերաբերող Հայաստանին ու Արցախին:

«Եվրախորհրդարանում հայամետ  օտարազգի պատգամավորներ կան, որոնք մեր հարցերը բարձրացնում են: Սակայն ծագումով հայ պատգամավորներն ավելի արագ կարձագանքեն հակահայ հարցերին ու պատգամավորների ելույթներին, որնոք, ի դեպ, քիչ չեն  եվրախորհրդարանում», — նշում է թեկնածուն:

«Այս տարիների ընթացքում հայության խնդիրը եղել է տնտեսական հասարակությանն ինտեգրվելը:  Ժամանակն է, որ երկրներին ինտեգրվելու և համայանքային հարցերը բարձրաձայնելու համար զբացվենք քաղաքականությամբ ու մաս կազմենք միջազգային կառույցներին», — նշում է Արմինե Հարեյանը: 

Մարիա Քալաշյանն ապրում է Ֆրանսիայում։ Երիտասարդ հայուհին ակտիվ գործունեություն է ծավալում եվրոպական կառույցներում, իսկ հունիսի 9-ի ընտրությանը մասնակցելու է ՝պաշտպանելով գործող նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությանը, որին նաև անդամակցում է։

«Ես պատգամավորի թեկնածու չեմ, սատարում եմ իմ կուսակցությանը: Եվրախորհրդարանի ընտրությունները Ֆրանսիական խորհրդարանական ընտրություննրից տարբերվում են», -ասում է Մարիան:

«Պետք է նշեմ, որ առաջին տեղում, ըստ սոցհարցումների Ջորդան Բարդելան է, որը ներկայացնում է Մարի Լը  Պենի կուսակցությունը: Կուսակցություն, որը  կամ դեմ է քվեարկել Արցախին ու Հայաստանին վերաբերող հարցերին, կամ ՝ ձեռնպահ մնացել: Ի տարբրություն այդ կուսակցության, Էմանուել Մակրոնի կուսակցության անդմները բոլոր խորհրդարաններում մշտապես բարձրացնում են Հայաստանին ու Արցախին վերաբերող  հարցերը ու իրենց աջակցությունը հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ: Վալերի Էյեն, որ մեր կուսակցության  ցուցակն է գլխավորում, միշտ զբաղվել է հայկական հարցերով: Կարծում եմ, որ այս ընտրություններից հետո ևս կշարունակվի հայամետ աշխատանքները», — ավելացնում է Մարիա Քալաշյանը:

Ֆրանսիայի խորհրդարանում հայ պատգամավորներ կան, իսկ հայ համայնքը, որ մեծ կապեր ունի ֆրանսիայի իշխանությունների հետ, անմիջական մասնակցություն ունի այս ընտրություններում, նեգրավված է աշխատանքներում՝ նշում է Մարիան։  «Այն, որ Ֆրանսիան ռազմական պայմանագիր է կնքել Հայաստանի հետ, անվտանգային երաշխիք է Հայաստանի համար»։

Ի՞նչ մասնակցություն և դիրքորոշում ունեն հայ համայնքի ներկայացուցիչները։ Մարիան նշում է. «Ֆրանսիայի հայերից շատերը ֆրանսիայի քաղաքացիություն չունեն և չեն տիրապետում լեզվին: Բազմաշերտ հայ համայնքի մի մասը դեմոկրատ է և աջակցում է Հայաստանին և Հայաստան-Եվրամիություն կապին, մյուս հատվածը Դաշնակցություն կուսակցությանը պատկանողներն են և երրորդը լուռ հասարակությունն է, որն անհանգիստ է Հայաստնաի ապագայի համար, բայց որևէ կուսակցության չի անդամակցում»:

Եվրախորհրդարանի այս ընտրություններին քվեարկելու իրավունք ունեն 16-ը լրացած եվրոպացիները, իսկ եվրախորհրդարանի պատգամավորության թեկնածուները բավականին երիտասարդ են: «Ես դեռ պատրաստ չեմ պատգամավորության համար իմ թեկնածությունը դնել: Այսօրվա աշխարհաքաղաքականությունն այն փուլում է, որ պետք են պրոֆեսիոնալ ու բանիմաց պատգամավորներ: Գուցե մինչև հաջորդ ընտրություն ես պատրաստ կլինեմ մասնակցել Եվրախորհրդարանում  պատգամավոր դառնալուն», — եզրափակում է Մարիա Քալաշյանը:

Back to top button