Սփյուռքի ձայնը

Նյու Յորքի ու Լոս Անջելեսի հայերը՝ «Հայկական գաղթօջախներ» հաղորդաշարի ուշադրության կենտրոնում. «Սփյուռքի ձայնը»

Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցի, Լոս Անջելեսի «Հայկազունյաց» վարժարան ու Գլենդելի քաղաքապետի ընտրություններ․«Հայկական գաղթօջախներ» և «Հայկական ներուժ» հաղորդաշարերի հեղինակ Արևիկ Օրբելյանը ԱՄՆ-ում էր՝ բացահայտելու տարբեր քաղաքների հայերին:

«Նյու Յորքի հայությունն էր այս անգամ իմ ուշադրության կենտրոնում: Նրանք տարբերվում էին լոսանջելեսահայերից իրենց մտածողությամբ, Հայաստանի հետ կապի պատկերացմամբ ու աշխարհայացքով: Այդ ամենը, գուցե, ձևավորվել է քաղաքի  ռիթմի, արագության ու մեգապոլիսի առանձնահատկության պատճառով: Կարևորն այն է, որ Նյու Յորքում կան հայկական հոգևոր կենտրոններ, որոնք իրենց վրա են վերցրել հայության համախմբման ու կազմակերպման գործընթացը: Սրբոց Նահատակաց եկեղեցին Նյու Յորքի հայերի հանդիպումների կարևոր կենտրոններից է, իսկ հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մալխասյանը ծառայության առաջին օրից ստանձնել է հայության միասնականությունը լավագույնս իրականացնելու գործը», —  ասում է Արևիկ Օրբելյանը:

«Լոս Անջելոսում ինձ իր աշխատանքով զարմացրեց «Հայկազունյաց» վարժարանը, որն իր ուշադրության կենտրոնում է պահում նոր սերնդին, նրանց հայեցի կրթելն ու օտարության մեջ հայ պահելը», — նշում է հաղորդումների հեղինակը և ավելացնում, որ ամերիկյան միջավայրում կրթությունը և մշակույթը շատ կարևոր են, իսկ արժեքավոր մշակույթը նոր սերնդին փոխանցելը՝ այժմեական:

Արևիկ Օրբելյանը զարմացած էր Գլենդելի քաղաքապետի ընտրությունների անցկացման կարգով: Ասում է, որ դրանք անցնում էին պարզ, առանց տարաբնույթ գործողությունների : «Դեռ նախորդ այցիս ժամանակ բացահայտում էր Գլենդելի քաղաքապետարանի պարզ աշխատանքը: Աշխատողների թիվը չորսն է, իսկ քաղաքապետի ամենամյա ընտրությունը թույլ է տալիս լավագույն ծարագիր առաջարկող քաղաքապետի հինգ հոգանց խմբից մեկ թեկնածուի դառնալ Գլենդել քաղաքի քաղաքապետ: Ամեն ինչ արվում է պարզ ու բնակիչների համար հասանելի ձևով: Համակարգ, որը բացակայում է մեր երկրում», — ավելացնում է:

Արևիկ Օրբելյանը հանդիպումներ է ունեցել հայության տարբեր խմբերի հետ: Փաստում է, որ այսօր ազգությամբ շատ հայեր փորձում են դուրս գալ հայկական շրջանակից ու գրավել ամերիկյան տարբեր ոլորտները:

Back to top button